Եվրոպական Խորհրդարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել ԵՄ առաջնորդներին ապահովել, որ ԵՄ-ն ակտիվ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը X-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ կցելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտ Մեցոլային հասցեգրված ծավալուն նամակի բավանդակությունը:
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ավերվել են հայկական մշակութային և կրոնական ժառանգության խորհրդանշական օբյեկտները, այդ թվում՝ եկեղեցիներ, հուշարձաններ, խաչքարեր, գերեզմանատներ, արձաններ՝ օտարվել, իսկ հայկական արձանագրությունները՝ ջնջվել են հայկական եկեղեցիների և տապանաքարերի պատերից»,- նշված է նամակում:
Պատգամավորներն ընդգծել են, որ թեև Ադրբեջանի կառավարությունը բարձրաձայնում է իր հանդուրժողականության և ժառանգությունը պահպանելու ցանկության մասին, սակայն իրականում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը, յուրացումն ու օտարումը շարունակվում է մինչ օրս: Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել որևէ իրավախախտում և որևէ պատասխանատվություն կրել այդ հանցագործություններից որևէ մեկի համար:
«Հատկանշական է, որ Ադրբեջանը բազմիցս անտեսել և շարունակում է անտեսել միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի իրավաբանորեն պարտադիր հրամանը, որը, ի թիվս այլ հարցերի, ներառում է դրույթ այն մասին, որ Ադրբեջանը պետք է կանխի և պատժի Հայաստանի մշակութային ժառանգությանը վերաբերող վանդալիզմի գործողությունները, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի 2022 թվականի մարտի 10-ի՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևը, որն ամբողջությամբ հավանության է արժանացել համաեվրոպական մշակութային ժառանգության Եվրոպա Նոստրա շարժման կողմից:
Ավելին, Ադրբեջանը շարունակում է գիտակցաբար ժխտել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության գոյությունը։ Սա պետության կողմից հովանավորվող քաղաքականություն է, և Ադրբեջանի մշակույթի նախարարի 2022 թվականի փետրվարյան հայտարարությունը, այսպես կոչված, մասնագետների աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը ստեղծվել է իբր «ալբանական կրոնական տաճարներում հայերի կողմից գրված հորինված արձանագրությունները վերացնելու համար», դրա վառ օրինակն է»,- ասված է նամակում:
ԵԽ պատգամավորները հիշեցրել են, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից և Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային տեղահանությունից անմիջապես հետո Ադրբեջանը ձեռնամուխ եղավ Ստեփանակերտի մերձակայքում տեղադրված խաչի ոչնչացմանը և փորձեց յուրացնել ու խեղաթյուրել միջնադարյան հայկական ամենահայտնի վանքերից մեկի՝ Գանձասարի ինքնությունը:
«Էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 140 000 հայեր ստիպված են եղել լքել իրենց տները և բնակություն հաստատել Հայաստանում: Նրանք այժմ հեռու են իրենց տներից, ավանդույթներից, ծեսերից և հասարակական կյանքից, այլ կերպ ասած ՝ նրանց ոչ նյութական ժառանգությունը կրկին ամբողջությամբ կորել է:
Այսպիսով, զարգացնելով Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին 2022 թվականի մարտի 10-ի բանաձևը, միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը, Եվրոպա Նոստրայի բազմաթիվ հայտարարությունները և 2024 թվականի հունվարի 24-ին ԵԺԿ խմբի և հյուրընկալող կողմի ՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանի հովանու ներքո կայացած «Հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը Լեռնային Ղարաբաղում» թեմայով խորհրդաժողովը և հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ծավալված մարդկային ողբերգությունը՝ կոչ ենք անում կոնկրետ քայլեր ձեռնարկել Եվրոպական մակարդակով ապահովելու, որ տարածաշրջանի հայկական հարուստ մշակութաին և կրոնական ժառանգությունը պաշտպանված լինի այդ թվում նաև՝
- Ալիևի ռեժիմի համար վերջնաժամկետ սահմանել՝ թույլ տալով միջազգային մոնիտորինգի, գնահատման և փաստահավաք առաքելությունների մուտքը տարածաշրջան,
- Ալիևի ռեժիմի համար վերջնաժամկետ սահմանել՝ թույլ տալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունները մուտք գործեն տարածաշրջան,
- Լեռնային Ղարաբաղի հայերի՝ հայրենիք վերադառնալու իրավունք ապահովել միջազգային մեխանիզմների շրջանակներում, որոնք կերաշխավորեն նրանց անվտանգությունը,
- Պատժամիջոցներ սահմանել Ալիևի ռեժիմի դեմ՝ Միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռների և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտման համար,
- Աջակցել Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության օբյեկտներից յուրաքանչյուրի վրա 24/7 տեսահսկման տեսախցիկների տեղադրմանը՝ այդ օբյեկտներն իրական ժամանակում աշխարհի ցանկացած կետից վերահսկելու համար՝ հետագա ոչնչացումը կանխելու նպատակով»,- հստակեցված է նամակի մեջ:
Նամակը եզրափակվում է նրանով, որ Լեռնային Ղարաբաղի հայերն իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք, օգտվել իրենց մշակութային իրավունքներից և վերականգնել իրենց նյութական և ոչ նյութական ժառանգությունը: ԵԽ պատգամավորները շեշտում են, որ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ընդհանուր Եվրոպական ժառանգության հիմնարար մասն է, և իրենք ակնկալում են, որ Եվրոպական միությունն ակտիվորեն քայլեր կձեռնարկի այն պաշտպանելու համար:
Նամակը ստորագրել է շուրջ 50 պատգամավոր Ֆրանսիայից, Գերմանիայից, Կիպրոսից, Շվեդիայից, Նիդերլանդներից, Բուլղարիայից, Իտալիայից, Սլովակիայից, Ավստրիայից, Հունաստանից, Լիտվայից, Հունգարիա, Խորվաթիայից, Չեխիայից, Սլովենիայից: