Մինչ Հայաստանում տարբեր քաղաքական գործիչներ, քաղաքագետներ ու վերլուծաբաններ անթույլատրելի և վտանգավոր են համարում Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի միջև տարվող զուգահեռները, պաշտոնական Ստեփանակերտը հանդես է գալիս Ղրիմի հանրաքվեն ողջունող հայտարարություններով, իսկ երկրի նախագահն էլ մասնակցում է հատուկ Ղրիմի ինքնորոշման կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին:
Ողջ աշխարհի կողմից որպես բռնակցում գնահատված Ղրիմի ինքնորոշման հանրաքվեի ողջունումը, բնականաբար, բացասական արձագանք է ունենալու ԼՂՀ խնդրի ընկալման վրա:
Արդյո՞ք Ղարաբաղի իշխանությունները չեն գիտակցում նման պահվածքի հնարավոր քաղաքական հետևանքները, և արդյո՞ք դա համաձայնեցված է Հայաստանի իշխանությունների հետ:
Այս երկու հարցերի` ակնհայտ թվացող պատասխանները խիստ վտանգավոր զարգացումներ են ուրվագծում:
Եվ եթե փորձենք հավատալ, որ Ղարաբաղը Ռուսաստանի կազմում տեսնելու Զորի Բալայանի հայտնի նամակը որևէ առնչություն չուներ իրադարձությունների ներկայիս ընթացքի հետ և պարզ զուգադիպություն էր (ինչպես վստահեցնում է ԼՂՀ նախագահի խոսնակը), ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ոչ ֆորմալ խոսնակը համարվող Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունները ` Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին, իրենց մեջ արդեն շատ որոշակի ազդակներ են կրում:
Այս իրավիճակում մտահոգությունն է՛լ ավելի է խորացնում այն իրողությունը, որ դեպի Մաքսային միություն սուրացող Հայաստանի իշխանություններն այդպես էլ Ղարաբաղի հետ կապված որևէ հստակ պայմանավորվածություն ձեռք չեն բերել: Ընդամենը բանավոր համաձայնությամբ` Ղարաբաղը պետք է մտնի Մաքսային միության կազմի մեջ` Հայաստանի հետ միասին:
Սակայն շատ մեծ հարց է` արդյո՞ք ուկրաինական վերջին իրադարձություններից հետո դա այլևս հնարավոր կլինի անել նույնքան աննկատ և անխոչընդոտ: Ըստ ամենայնի ` ոչ, քանի որ ինչպես արդեն նշել ենք, առնվազն ՄՄ անդամներից մեկը ` Ղազախստանը, որը մինչ այդ էլ լուրջ վերապահություն ուներ Ղարաբաղի մասով, ներկայումս շատ մեծ մտահոգություններ ունի սեփական տարածքային ամբողջականության անխաթարության երաշխիքների հետ կապված:
Ասել է թե ` ոչ միայն միջազգային հանրությունը, այլև հենց նույն ՄՄ անդամները դժվար թե համակերպվեն տարածքային ամբողջականության սկզբունքի խախտման նոր դրսևորման լեգիտիմացման հետ ` ինչպիսին որ նրանք ընկալում են Ղարաբաղի հարցը:
Եվ ահա ընթացող զարգացումները կարծես թե միտում ունեն ձևավորել այնպիսի իրավիճակ, երբ Ղարաբաղի համար լավագույն լուծումը կարող է դիտվել Ռուսաստանի պրոտեկտորատի տակ հայտնվելը, եթե չասենք ` ՌԴ կազմում ընդգրկվելը: Եվ որքան էլ ցավալի է, սակայն այս պահին մտագարություն գնահատվող նման հեռանկարի իրականացման ազդակները, կարծես թե հետզհետե ավելի առարկայական են դառնում: