«Յուրաքանչյուր օմբուդսմեն ունի իր ձեռագիրը, և ներկայիս ՄԻՊ Կարեն Անդրեասյանին բնորոշ է օրենսդրական դաշտում շատ ակտիվ դեր ունենալը»,- Armlur.am-ի հետ զրույցում այսպես գնահատեց գործող Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Վերջինիս դիտարկմամբ ` Սահմանադրական դատարանը օրենսդրական փոփոխությունների հետ կապված բոլոր առաջարկներն ընդունել է հօգուտ Անդրեասյանի տեսակետների:
«Հասարակությանը միշտ հետաքրքրում են հնչեղ գործերը: Ես ժամանակին ավելի ակտիվ եմ եղել քաղաքական խնդիրների հարցում: Իսկ հիմա այլ է. ի վերջո նույն Շանթ Հարությունյանը դուրս չէր եկել խուլիգանություն անելու: Քննչական մարմինները հաշվի չեն առնում պատճառը, իսկ հասարակությունը հաշվի է առնում ` Շանթ Հարությունյանն ինչու՞ պետք է դուրս գա: Այսինքն ` եթե անձը քաղաքական դաշտում է աշխատում, քաղաքական այլընտրանքային հայացքների կրող է և ձերբակալվում է դրանք ցույց տալու ժամանակ, նրան կոչում են կամ շատ մեղմ ` քաղաքական պատճառներով ձերբակալված, կամ քաղբանտարկյալ»,- ասաց Ալավերդյանը ` հավելելով, որ Կարեն Անդրեասյանի գործունեությունը գնահատելուց առաջ պետք է հիշել, որ ինքն է եղել առաջինը, այն էլ ` այն պայմաններում, երբ չկար գումար, օֆիս, մեքենաներ և այլն:
Նախկին օմբուդսմենը հայտնեց նաև, որ այն ժամանակ բավականին կոշտ ու ոչնչացնող էին վերաբերմունքն ու քննադատությունն իր անձի հանդեպ:
«ԶԼՄ-ներում ինձ ներկայացնում էին այնպես, որ ես ինքս ինձ չէի ճանաչում, անգամ մայրս ինձ չէր ճանաչում: Իսկ Անդրեասյանի հանդեպ հնչում են այլ քննադատություններ: Իմ լավ գործոնն այն է եղել, որ ես երբեք իշխանության մեջ չեմ եղել: Ընդհակառակը ` ես միշտ հակառակ եմ խոսացել իշխանություններին ` լինի առաջին նախագահի ժամանակ, թե երկրորդ: Իսկ Արմեն Հարությունյանն ու Կարեն Անդրեասյանը միշտ իրազեկված հասարակության աչքում դիտվել են ` որպես Քոչարյանի մարդ կամ իշխանություններին մոտ կանգնած»,- ասաց Ալավերդյանը:
Տաթև Հարությունյան