ՖՈՏՈ. Հայազգի Թամարա Խանում. ո՞վ է նա, ինչպե՞ս է հայտնվել Ուզբեկստանում եւ ի՞նչ դեր ունի բալետի թատրոնի հիմնադրման գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուզբեկստանի ամենահայտնի բալետային պարուհի, երգչուհի, բալետմայստեր եւ ԽՍՀՄ եւ Ուզբեկստանի ժողովրդական արտիստուհի Թամարա Խանումն է հիմնադրել երկրի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիան:

1906 թվականի մարտի 15-ին Ուզբեկստանի Ֆերգանա քաղաքում ապրող հայ ընտանիքում ծնվել է Թամարա Արտեմի Պետրոսյանը՝ նույն ինքը Թամարա Խանումը:

Ապագա բալեստմայստերն առաջին անգամ մեծ բեմ է բարձրացել 12 տարեկանում, իսկ երեք տարի անց ընդունվել Տաշքենդում գործող ռուսական բալետի դպրոց, սովորել Մոսկվայի թատերական ինստիտուտում:

Տաշքենդ վերադառնալուց հետո երգչուհին գործունեությունը սկսում է երաժշտական-էթնոգրաֆիկ անսամբլի կազմում՝ միաժամանակ զարկ տալիս տեղի ազգային երգի ու պարի, ինչպես նաեւ Ուզբեկստանի առաջին օպերային թատրոնի հիմնադրման աշխատանքներին:

Կենտրոնական Ասիայում մեծ համբավ ձեռք բերելուց հետո՝ Թամարան շրջագայություններով մեկնում է Եվրոպա, 1935 թվականին Լոնդոնում մասնակցում ազգային պարերի առաջին միջազգային փառատոնին՝ արժանանալով պատվավոր առաջին մրցանակին եւ Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից պարգեւատրվում Ոսկե մեդալով: Ելույթներով հանդես է գալիս Փարիզում, Բեռլինում, Վիեննայում եւ այլ քաղաքներում գործող մեծ դահլիճներում:

Նա իր ստեղծագործական եւ բեմական գործունեությունը չի դադարեցրել անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Եվրոպայից վերադառնալուց հետո Թամարան խումբ է կազմում եւ ելույթներով հանդես գալիս պատերազմի առաջին գոտում՝ լինելով առաջին կինը, որն արժանացել է կապիտանի կոչման եւ Ստալինի 2-րդ աստիճանի մրցանակի: Արժանացել է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ հաղթանակի» եւ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի» մեդալների:

Հակառակ ուզբեկական մշակույթի կրող լինելուն՝ Թամարա Խանումը իր բեմելների ընթացքում գրեթե միշտ հանդես է եկել հայկական երգերի կատարմամբ: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո երգչուհին իր ողջ կարողությունը նվիրաբերել է ավերիչ երկրաշարժիչ տուժածներին՝ ոչինչ չթողնելով իր դուստրերին եւ նրանց ընտանիքներին:

Արվեստի ոլորտում եզակի մարդկանցից է Թամարա Խանումը, ում տուն-թանգարանը բացվել է դեռեւս իր կենդանության օրոք: 1986 թվականին Տաշքենդում բացված թանգարանում ցուցադրվում են պարուհու բեմական հագուստները, լուսանկարները եւ չհրատարակված հուշերը: Այնտեղ կարելի է լսել նաեւ հայ արտիստուհու երգերը։

Հուրի Բաղդասարյան




Լրահոս