Մարտի 15-ից ՌԴ-ում մեկնարկել էին նախագահական ընտրությունները։ ՌԴ նախագահի պաշտոնին հավակնում էին ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը:
Նշենք, որ Պուտինն ու ՌԴ վարչապետը քվեարկել են առցանց՝ դուրս չգալով իրենց աշխատասենյակից։
Նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87, 97%-ը, ինչը ռեկորդային է ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ։
Այս թեմայով ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ, պարզելու համար՝ արդյո՞ք կարող էր Վլադիմիր Պուտինն այդքան ձայն հավաքել ընտրություններում և ինչքանով է ճիշտ համարում Պուտինի նախագահ ընտրվելը։
Շարմազանովի խոսքով՝ այսպես էլ պետք է լիներ և սա Վլադիմիր Պուտինի անձնական ընտրությունը չէ։
«Բա ինչ պետք է աներ։ Ինչ-որ մեկը կասկածում էր, որ ՌԴ նախագահը, այն էլ Ուկրաինայում ընթացող մարտական գործընթացներին զուգահեռ, պետք է պարտվե՞ր։ Սա Պուտինի անձնական ընտրությունը չի, սա լեգիտիմություն է։ Ռուսաստանի քաղաքացիների կողմից սատարվում է պետության, Ռուսաստանի ինքնիշխանության ու անկախության պայքարը՝ ընդդեմ հավաքական Արևմուտքի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
«Ես որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքագետ, որպես Ռուսաստանին բարեկամ նայող մարդ, որպես ով կուզեք՝ մի բան հստակ կարող եմ ասել, որ Ռուսաստանի քաղաքացիներն ոչ թե քարտբլանշ տվեցին, այլ իրենք այս պատերազմական փուլում, Ռուսաստանի համար այս վճռական փուլում իրենց սատարումը հայտնեցին պետական կառավարման, արտաքին քաղաքական ու անվտանգային գոտուն, որն իրականացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- մեզ հետ զրույցում նշեց Շարմազանովը նաև հավելելով, որ Ռուսաստանում երբեք ոչ մի ընտրություն այսքան բարձր ցուցանիշ չի գրանցել։
Սահմանափակելով զրույցը, Շարմազանովն ասաց, որ եթե Արևմուտքը ներկայացնում է, որ Պուտինն իբրև իր անձնական ամբիցիաների կռիվն է տալիս, սակայն կարող ենք ասել, որ ռուս ժողովուրդն այս ընտրությունով ասաց, որ իր նախագահին է սատարում՝ ինչ անում է նրա կողքին են։
Աննա Սրապիոնյան