«Չեմ կարծում, որ որևէ բան կփոխվի». քաղաքագետը՝ արցախցիների կայանալիք հանրահավաքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 20-ին ժամը 15:30-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպվելու է հանրահավաք՝ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությամբ:

Հանրահավաքի նպատակն է վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները։

Արցախ հավաքական վերադարձի հարցը գերակա համարելով՝ հանրահավաքի ժամանակ նախատեսվում է քննարկել և բարձրաձայնել Արցախի ժողովրդի լայն շրջանակների առաջարկներն ու պահանջները թե՛ վերադարձի և թե՛ բնակարանային ու սոցիալական այլ ծրագրերի վերաբերյալ։

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը բաղկացած է արցախյան շուրջ 40 կազմակերպություններից, որը որևէ առնչություն չունի քաղաքական ուժերի և ներքաղաքական պայքարի հետ:

ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ՝ հասկանալու համար՝ արցախցիները ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ հանրահավաքից.

«Չեմ կարծում, որ հավաքի միջոցով հնարավոր է որևէ բան փոխել, գուցե այդ կերպ փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել»:

Քաղաքագետը արցախցիներին խորհուրդ է տալիս աշխատել պետական մարմինների հետ:

«Եթե հավաքվում են, ուրեմն հավաքվեն գնան որևէ պետական մարմնին դիմեն, նամակ հանձնեն, իրենց առաջարկները, խնդիրները ներկայացնեն»,-ասում է Ռոբերտ Ղևոնդյանը:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս