ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում շարունակվում է 2024 թ․ փետրվարի 2-ին Գորիս քաղաքում երեք անձի նկատմամբ կատարված հրազենով մահափորձի դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Նշված օրը Գորիսի սրտաբանական հիվանդանոցի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով, Գորիսի 38-ամյա բնակիչը առերևույթ սպանության փորձ է կատարել նույն քաղաքի բնակիչ 40-ամյա տղամարդու և նրա երկու եղբայրների նկատմամբ՝ կրակոցներ արձակելով նրանց ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
«Մասնավորապես պարզվել է, որ Գորիսի 38-ամյա բնակիչը, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն հանդիսացող AK-74 տեսակի ինքնաձիգ, ապօրինի կերպով պատրաստված «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող առնվազն 35՝ տարբեր տրամաչափի փամփուշտներ:
Դրանք, 2024 թ. փետրվարի 2-ին իր ավտոմեքենայով փոխադրել է Գորիսի Երևանյան խճուղի-Խաղաղության փողոցների հատման խաչմերուկ, որտեղ ժամը 12:30-ի սահմաններում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, առնվազն 4 դիմահար կրակոց է արձակել 40-ամյա տղամարդու եղբոր վարած՝ նշված հատվածով երթևեկող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի ուղղությամբ։
Մեքենան վնասելուց հետո տղամարդը մի քանի կրակոց էլ արձակել է դրա վարորդի՝ արդեն մեքենաներից դուրս եկած եղբայրների ուղղությամբ, ինչի հետևանքով նրանցից մեկին պատճառվել է ազդրի հրազենային վնասվածք։
Սակայն, հանցագործությունը 38-ամյա տղամարդու կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ «Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտները սպառվել են, իսկ մեքենայում ապօրինի պահված AK-74 տեսակի ինքնաձիգը չի հասցրել գործադրել, քանի որ նրա ձեռքից այն խլել են, ինչից հետո վերջինս դիմել է փախուստի։
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և հայտարարվել հետախուզում։
Կատարված քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստացված տվյալների իրացման արդյունքում վերջինս 2024 թ. մարտի 14-ին հայտնաբերվել է, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Գորիսի 38-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (3 դրվագ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ, որը բավարարվել է և անձը կալանավորվել է։
Միջոցառումներ են ձեռնարկվում նաև 38-ամյա տղամարդու կողմից ապօրինի գործադրած զենքի ձեռքբերման աղբյուրն ու այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Գորիսում հնչած կրակոցի մասնակիցները երկար տարիների թշնամանք ունեն միմյանց դեմ, ինչի համար էլ հնչել են այդ կրակոցները։ Կրակոցից տուժածներից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվտանգության պետի եղբարյն է՝ Ալիկ Աբրահամյանը, վերջինիս տեղափոխել են հիվանդանոց։