Ադիբեկյանամուկուչյանական աբստրակտ պատկեր Կառավարության կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստն իր բնույթով նախևառաջ տիպիկ «մաքսային» էր. հայրենի կառավարությունը սկսել է մտահոգվել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդիրներով և պետբյուջեից 20 միլիոն դրամ է նախատեսել ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների համար։ Նախատեսել է՝ լավ է արել, բայց հարցը նրանում է, որ այդ 20 միլիոնից 11 միլիոնը փոխանցվել է «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ-ին, իսկ Հայաստանում ազգային փոքրամասնությունների մեջ ռուսները կարծեմ առաջին տեղը չեն զբաղեցնում և դժվար թե ավելի շատ հիմնախնդիրներ ունենան, քան նրանցից ավելի մեծաքանակ՝ փոքրամասնության խմբերը։ Բայց դե «մեծ եղբոր» փոքրմասնությունն էլ է մեծ, իսկ մեծ փոքրամասնությանը՝ մեծ գումար։ Տիպիկ «մաքսային» մոտեցում է։

Դե Մաքսային միություն մտնելու մտքի հետ հասարակությունը կարծես թե հաշտվում է, հաջորդ քայլը արդեն պարտադիր կուտակային համակարգի միջի «պարտադիր»-ի հետ հաշտվելը պիտի լինի, և այդ ուղղությամբ վարչապետն, իհարկե, աշխատում է։ Ընդ որում, աշխատում է գրագետ, երկխոսություն է հրավիրում, սակայն միևնույն է՝ իր արածն անում է։ Այսօր էլ «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին հրավիրեց երկխոսության։ Լավ, ասենք թե երկխոսությունը կայացավ, ինչը՞ կփոխվի դրանից։ Միևնույն է, իշխանություններն արդեն որոշել են, որ կուտակայինն ամեն գնով անց են կացնելու, մանավանդ որ Սերժ Սարգսյանն է հավանություն տվել։ Այսինքն, քննարկման ենթակա չի։ Սա, իհարկե, իրականում, իսկ առերես կարող է նաև քննարկման ենթակա լինել, նույնիսկ փաստարկներ կներկայացվեն, գեղեցիկ ձևով կբացատրվեն բոլոր դրական կողմերը, թե որքա՜ն լավ է լինելու քաղաքացիների համար 40 տարի հետո։ Պարզապես ոչ մեկ չի տալիս երաշխիք, որ 40 տարի հետո կուտակային այդ ֆոնդերը մեղմ ասած՝ «փոզմիշ» չեն լինի։ Վերջիվերջո, ֆոնդերը կարող են չէ՞ պայթել, ինչպես օրինակ 2008-ին եղավ ԱՄՆ-ում երկու հիփոթեքային խոշոր ընկերությունների՝ «Ֆրեդի Մաք»-ի և «Ֆաննի Մեյ»-ի հետ։ Բայց դե ԱՄՆ-ն ու՜ր՝ մենք ու՜ր… Մեզ մոտ չի կարող նման բան լինել, մենք հզոր ենք, մեզանից հզոր էլ միայն Ռուսաստանն է։

Այնքան հզոր ենք, որ նույնիսկ աղքատությունն ենք արդեն կրճատում մեր երկրում, թվեր ենք ներկայացնում։ Ի դեպ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մաթեմատիկայից բավականին ուժեղ է, այսօր հանգամանալից կերպով ներկայացրեց նոր թվեր ու հաշվարկներ. «Բարձրացման արդյունքում շուրջ հինգ անգամ պակասեց ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը: 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրանց թիվը կազմում է 12 հազար 800 կենսաթոշակառու՝ 68 հազարի փոխարեն: 230 հազար անձանցից, ովքեր ստանում էին աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, 2014 թ. հունվարի բարձրացման արդյունքում ունենք 138 հազար 300 անձ, ովքեր ստանում են աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, այսինքն շուրջ 40 տոկոսով նվազեց աղքատության ստորին շեմից ցածր ստացող կենսաթոշակառուների թիվը: Աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ ստացող 330 հազար անձանց փոխարեն բարձրացումից հետո ունենք 292 հազար անձ: Այսպիսով, թիրախավորված բարձրացումը էապես նվազեցրեց կենսաթոշակառուների աղքատության մակարդակը»:

Խոսքերը պարզապես ավելորդ են և դրանց կարիքը չկա էլ։ Դրա փոխարեն մենք կարող ենք ուղղակի ոգևորվել մաթեմատիկական այս հաշվարկներով և հիանալ ադիբեկյանամուկուչյանական այս աբստրակտ պատկերով։ Եվ ի՞նչ կարևոր է, թե գնաճը չի դադարում, իսկ աղքատների թիվն իրականում ավելանում է, քանի որ իշխանությունների կողմից սահմանված այդ աղքատության շեմը ոչ մի կապ չունի իրական աղքատության շեմի հետ, ավելին՝ նրանց կողմից սահմանված միջին աշխատավարձն էլ բավական չէ իրական աղքատությունը հաղթահարելու համար, էլ չեմ խոսում նվազագույնի մասին։

Բայց կարևորը թվերն են, մեկ էլ՝ Ռուսաստանը, և մեկ էլ՝ Սերժ Սարգսյանը։ Վերջինի կարևորությունն էլ, իհարկե, կրկին Ռուսաստանն է որոշում։

Կարեն Վարդանյան




Լրահոս