Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Ոսկեպարում վարչապետը հանդիպել է տեղի, ինչպես նաև Բաղանիսի բնակիչներին, այնուհետև եղել Կիրանցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին:
Ոսկեպարում ունեցած իր խոսքում վարչապետը նշել է. «Ինչպես նախկինում պայմանավորվել էինք, ասել էի, երբ ձեր բնակավայրի հետ կապված գործնական խնդիրներ կլինեն լուծելու՝ կգամ և անձամբ ձեզ հետ կքննարկեմ և կզրուցեմ: Ի՞նչ գործնական հարց եմ եկել ձեզ հետ քննարկելու: Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ: Ի՞նչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում ընդհանրապես, և կոնկրետ Հայաստանի Հանրապետության դեպքում: Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը: Բոլորս գիտենք, դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսում կամ որտեղ է ավարտվում, դա նույն բանն է, նայած որ կողմից նայես Հայաստանի Հանրապետությունը»:
Վարչապետը ներկաներին ցույց է տվել Հայաստանի ուրվագիծը և նշել, որ այն մեր իմացած Հայաստանի Հանրապետությունն է: «Սահմանազատման և սահմանագծման գործընթացը հետևյալն է. սահմանագծման հանձնաժողովները պետք է գնան և տեղում որոշեն, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը, և դա պետք է դառնա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև պետական սահման:
Ինչո՞ւ ենք այս հատվածին անդրադառնում և ինչո՞ւ ենք հիմա եկել կոնկրետ Ոսկեպարի հետ այս հարցը քննարկում, որովհետև կան որոշ խնդիրներ, որոնց հետ կապված քննարկում կիրականացնենք: Արձանագրումը հետևյալն է. տեսնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման իրական գործընթաց կարող ենք սկսել այս՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում:
Ի՞նչ առանձնահատկություն կա այստեղ: Գիտեք, որ Ադրբեջանը բարձրաձայնում է 4 գյուղերի մասին, 4 ոչ անկլավային գյուղերի մասին ենք դեռ խոսում: Գիտեք, որ մենք բարձրաձայնում ենք 31 գյուղերի մասին: Մենք բարձրացնում ենք այդ հարցը, իրենք բարձրացնում են այն հարցը: Եվ երբ մենք ուզում ենք այս քննարկումներում առաջ գնալ, անգամ եթե հենվում ենք այն տրամաբանության վրա, որ մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց վիճակում, իրենք դրանից պակաս, Ադրբեջանն օգտագործում է մի այսպիսի փաստարկ, որ Հայաստանի Հանրապետության բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, այսինքն՝ գյուղի բնակելի տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ չէ: Իրենք ի՞նչ են ասում, ասում են՝ եկեք փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքներն ազատենք, հետո քննարկենք, խոսենք գյուղերի, բնակավայրերի կենսական նշանակության տարածքների մասին:
Իհարկե մենք հակադարձում ենք, ասում ենք, որ գյուղը միայն գյուղապետարանը չէ, գյուղը նաև նրա կենսական տարածքներն են, նկատի ունեմ այդ քննարկումների ժամանակ մենք բոլոր փաստարկները բերում ենք, և այդ փաստարկներն արդարացի են: Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք, մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում: Եվ այս է նաև պատճառը, որ որոշել ենք գնալ այս հատվածներում Հայաստանի Հանրապետության սահմանի ճշգրտման ու դա անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- նշել է վարչապետը:
Հաջորդիվ վարչապետը պատասխանել է բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են սահմանազատմանն ու սահմանագծմանը, ենթակառուցվածքներին, հնարավոր խնդիրներին ու դրանց լուծումներին: Վարչապետը նշել է, որ հնչեցված բոլոր հարցերն ու նկատառումները հաշվի կառնվեն:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ՝ գործընթացի մասին տեղեկատվությունը կիսելու և առկա հարցերը քննարկելու նպատակով:
Տավուշի մարզպետարանում վարչապետի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բնակչության հետ հանդիպումներում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ հետագա քայլերը: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ընդգծելով ենթակառուցվածքների ու այլ խնդիրների լիարժեք լուծման անհրաժեշտությունը: