Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը մարտի 20-ին 15:30-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպելու է հանրահավաք, որի նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները:
Հանրահավաքի վերաբերյալ առավել մանրամասնություններ իմանալու համար ArmLur.am-ը կապ է հաստատել ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ:
«Այն պարտավորավածությունները, որ վերցրել է իր վրա «Արցախը Հայաստանն է և վերջ» կարգախոսի հեղինակը, այսօր արցախցիներին ՀՀ քաղաքացի չի համարում և մշակում է սոցիալական այնպիսի աջակցություններ, որոնք ավելի շուտ նպաստում են արցախցիների արտագաղթին: Հաշվի առնելով այն, որ արցախցիները չեն ուզում արտագաղթել և դեմ են այս իշխանությունների կողմից մշակված սոցիալական ծրագրերին՝ կազմակերպել ենք հանրահավաք, որտեղ հանրայնորեն կքննարկվեն ստեղծված խնդիրները: Մշակված ծրագրերը մեզ թույլ են տալիս մտածելու, որ այս իշխանությունները միտումնավոր չեն համագործակցում Արցախի պետական ինստիտուտների հետ և չեն ընդունում մեր առաջարկները: Նրանք այսօր ուզում են փակել Արցախի հարցը»,- Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանը և հավելում, որ Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր չեն լցնելու, այլ անելու են ամենը իրենց ձայնը լսելի դարձնելու համար:
Դավիթ Գալստյանի խոսքով՝ ՀՀ այս իշխանություններն արցախցիների պայքարը կարող են համարել նաև ներքաղաքական ինչ-որ իշխանության պայքար: Սակայն նրա խոսքով՝ պայքարը ոչ թե իշխանության համար է այլ՝ արժանապատիվ հանգրվանի:
«Մենք իշխանության պայքար չենք մղում: Մեր նպատակն է, որ արցախցիները պայմաններ ունենան մնալ մայր Հայաստանում և բաց պահել Արցախի հարցը: Այլապես առաջարկվող պայմանները արտագաղթի ճանապարհն են ցույց տալիս, իսկ արտագաղթելուց հետո ինքնստիքյան կփակվի նաև Արցախի և Արցախ վերադառնալու հարցը»,- ասաց Գալստյանը:
Նանիկ Աղասյան