ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «FNet տելեկոմը» առանց բնակիչների իմացության նոր դոմոֆոններ է տեղադրել․ քաղաքացիները դժգոհ են՝ վատ սպասարկում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«FNet տելեկոմը», առանց բնակիչների թույլտվությունը ստանալու, շենքերի մուտքերի դռներին տեսանկարահանող և ձայնագրող դոմոֆոններ է տեղադրել, որով պարզ երևում է շենք մուտք գործել ցանկացող անձնավորության դեմքը, ինչն էլ իր հերթին առաջացրել է բնակիչների դժգոհությունը։

ArmLur.am-ի խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստացվել այս մասին, քանի որ ի սկզբանե ոչ մի բնակչից որևէ գրավոր և/կամ բանավոր համաձայնություն չի ստացվել ընկերության կողմից։

Տիգրան Մեծի 39 շենքի բնակիչ Լիանա Դոյդոյանն էլ հայտնել է, որ «Դոմիսիլ» ընկերության հետ ունեին կնքված պայմանագիր, որը մինչ օրս էլ ուժի մեջ է, և ըստ պայմանագրի, եթե երկու կողմերը 15 օրվա ընթացքում չեն հայտնում պայմանագրի լուծարման մասին, ապա պայմանագիրը համարվում է երկարաձգված։

«Դոմիսիլ» ընկերությունից բնակչին տեղեկացրել են, որ «FNet տելեկոմ»-ից բանավոր կերպով հայտնել են, որ շենքի բնակիչները կողմ են տեսանկարահանող և ձայնագրող դոմոֆոնի տեղադրմանը, սակայն գրավոր փաստաթուղթ չեն ներկայացրել։

Աբովյան 22ա և այլ հասցեներում գտնվող շենքերում բունտ է հասունանում դոմոֆոնի պատճառած անհարմարությունների, շենք մուտք գործել չկարողանալու  և անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի պահանջները խախտելու վերաբերյալ։

Տիգրան Մեծի 39 շենքի բնակիչ Լիանա Դոյդոյանը այս հարցով դիմել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որտեղից էլ Դոյդոյանին հայտնել են, որ այս բարձրացված հարցով վարչական վարույթ է սկսվել։

Քաղաքացին նաև նշում է, որ զավեշտալին այն է, որ վերադառնալով վարչական վարույթի նիստից՝ տեսել է, որ շենքի մուտքի դուռը կրկին փակ է և չի կարողացել մուտք գործել իր բնակարան, քանի որ չի կարողացել բացել դուռը և բազմաթիվ զանգեր կատարելուց հետո «FNet»-ի օպերատորը ի վերջո պատասխանել է զանգին, սակայն տեղյակ չի եղել խնդրի մասին։

Բնակիչը պնդել է, որ միացնեն ընկերության տնօրենին և նորից հայտնել է խնդրի մասին։ Խոստացել են լուծել խնդիրը, սակայն մինչ օրս խնդիրն առկա է։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս