Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ներկայացրել է հավաքականների կազմերը Թաիլանդում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարի համար:
Հայաստանի հավաքականի կազմում Օլիմպիական խաղերի համար վերջին վարկանիշային մրցաշարին կմասնակցեն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), 2024թ․ Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը և արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ):
Աշխարհի գավաթի խաղարկությունը կանցկացվի մարտի 31-ից ապրիլի 11-ը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Փարիզ-2024-ի մասնակից ծանրորդների անունները կհայտնի մայիսի վերջին: Արդեն հայտնի է, որ Հայաստանը կանանց պայքարում մասնակից չի ունենա: Տղամարդկանց Հայաստանի հավաքականը քառամյակի մարզական գլխավոր իրադարձությանը ներկայացված կլինի երեք ծանրորդով: Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր երկիր մեկ քաշային կարգում կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ:
Օլիմպիական խաղերում ծանրամարտի մրցումները կանցկացվեն օգոստոսի 7-11-ը: