«Էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական ընկերությունը, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը եւ թեմայի արդիականությունը, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի մասին կարճ ուղեցույց է պատրաստել, որտեղ ամփոփ եւ հանրամատչելի անդրադարձել է մի շարք հարցերի։
Ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: 2025 թվականից սկսած ՀՀ չափահաս բոլոր քաղաքացիները պարտավորված կլինեն տարեկան մեկ անգամ իրենց եկամուտների մասին հաշվետվություն ներկայացնել պետությանը: Ընդ որում դա վերաբերում է նաև կենսաթոշակ ստացող և աշխատանք չունեցող անձանց:
1․ Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը իրենից ներկայացնում է մի գործընթաց, երբ իրականացվում է հաշվետու տարվա կտրվածքով եկամուտների հայտարարագրում, որը, իր հերթին, իրականացվում է ինքնաշխատ եղանակով (ավտոմատացված կարգով ինտերնետային ռեսուրսի միջոցով ):
Հայտարագրում նախ լրացվելու է հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, որից հետո լրացվելու են նաև այն եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը, որն այս կամ այն կերպ հասու չի լինելու ՊԵԿ-ին, այդ թվում կանխիկ միջոցները: Այս ամնեից հետո հայտարարատու ֆիզիկական անձի կողմից հաստատված վերջնական տարբերակը ուղարկվելու է ՊԵԿ-ին: Եկամուտների հայտարարագիրը ներկայացվելու է տարին մեկ անգամ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ։
Յուրաքանչյուր հայտարարագիր հասանելի է լինելու միայն պաշտոնատար անձանց խիստ սահմանափակ շրջանակի համար:
2․ ՈՎՔԵ՞Ր ԵՎ ԵՐԲՎԱՆԻ՞Ց ՊԵՏՔ Է ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
Եկամտային հարկի տարեկան հայտարարագրեր պետք է ներկայացնեն ներքոհիշյալ ֆիզիկական անձինք հետևյալ հաշվետու ժամկետների համար.
1) 2023Թ. ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ՝
Ա. 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները: Օրինակ նախարարություններում, գերատեսչություններում, մարզպետարաններում, համայնքապետարաններում գործունեություն ծավալող (աշխատող, ծառայող) անձինք, բացառությամբ տեխնիկական անձնակազմի և քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայություն մատուցող անձանց: Բ. ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ այն քաղաքացիները, որոնք 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022թ. արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ): Պետք է պարզաբանել, որ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիներ են համարվում բոլոր այն անձինք, ովքեր հարկային տարում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը) Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 183 և ավելի օր կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է ՀՀ-ում։ Կենսական շահերի կենտրոն ասելով հասկանում ենք, որ այդ անձի (ռեզիդենտի) տունը կամ բնակարանը, ընտանիքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Գ. ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ այն քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվում են իրական շահառու: Պետք է պարզաբանել, որ իրական շահառուն այն ֆիզիկական անձն է, որի անունից կամ օգտին հաճախորդն իրականում գործում է, և (կամ) որն իրականում (փաստացի) վերահսկում է հաճախորդին կամ այն անձին, որի անունից կամ օգտին գործարքը կատարվում է, կամ գործարար հարաբերությունը հաստատվում է: Իրավաբանական անձի իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, որը՝
ա. Ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում:
բ. Տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով: Օրինակ կառավարման կամ տնօրենների խորհրդի նախագահ է կամ անդամ:
գ. Հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ: Խոսքը վերաբերում է կազմակերպությունների տնօրեններին: Սա վերաբերում է այն դեպքերին, երբ այդ նույն անձը միաժամանակ չի հանդիսանում «ա» և «բ» կետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ:
Դ. ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ այն քաղաքացիները, որոնք 2023թ. ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավել փոխառություն:
Պետք է պարզաբանել, որ խոսքը վերաբերում է ինչպես բանկերից ու վարկային կազմակերպություններից ստացված վարկերին ու փոխառություններին, այնպես էլ անհատներից ու ցանկացած բնույթի այլ կազմակերպությունից ստացված փոխառություններին (պարտքով գումար վերցնելուն):
2) 2024Թ. ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ՝
1. 2024թ. ընթացքում վարձու աշխատող համարվող և 1-ին կետում չնշված՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները:
Պետք է պարզաբանել, որ խոսքը վերաբերում է պետական և մասնավոր հատվածում աշխատանքային պայմանագրով աշխատող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու, այսինքն` բոլոր աշխատող քաղաքացիներին:
2. 2024թ. ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած՝ 1-ին կետում չնշված՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները:
Պետք է պարզաբանել, որ խոսքը վերաբերում է Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ցանկացած պայմանագրով եկամուտ ստացած քաղաքացիներին: Օրինակ` ծառայությունների վճարովի մատուցման մայմանագրով կամ վարձակալության պայմանագրով եկամուտներ ստացած ՀՀ քաղաքացիներին:
3. 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները:
Խոսքը վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք նշված օրվա դրությամբ պետական կամ համայնքային որևէ մարմնում ծառայություն են իրականացնում (աշխատանք են կատարում) որպես պետական կամ համայնքային ծառայողներ կամ պետական կամ համայնքային պաշտոն զբաղեցնողներ:
4. ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2023թ. արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ):
Պետք է պարզաբանել, որ խոսքը վերաբերում է պետական ռեգիստրի գործակալությունում նշված ժամկետների համար մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպությունների բաժնետերերին, փայատերերի, անդամներին:
5. ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ այն քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվում են իրական շահառու:
Իրական շահառուի մասով մանրամասն պարզաբանում արդեն իսկ ներկայացված է 2023թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողների Գ) կետում:
6. ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2024թ. ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն:
Այս մասով էլ մանրամասն պարզաբանում ներկայացված է 2023թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողների Դ) կետում:
7. 1-ին մասով նախատեսված նշված ֆիզիկական անձինք: 2023թ. հաշվետու տարվա համար Ա, Բ, Գ, Դ կետերով նախատեսված հայտարարագիր ներկայացնողներին:
3) 2025Թ. ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ և ԴՐԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր չափահաս ՀՀ քաղաքացիները: Պետք է պարզաբանել, որ խոսքը վերաբերում է 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներին անկախ նրանից աշխատում ենթե ոչ, ուսանող են, թե թոշակառու:
3․ ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ
Հայտարարագրերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգի միջոցով` վեբ տարբերակով կամ բջջային հավելվածով: Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային նույնականացում նույնականացման քարտի միջոցով, իսկ փոփոխություններ անելու և դրանք հաստատելու համար ունենալ էլեկտրոնային ստորագրություն: Էլեկտրոնային ստորագրություն ունենալու համար կարելի է օգտվել ներքոհիշյալ 2 տարբերակներից որևէ մեկից.
1. Այցելել բջջային օպերատորներից որևէ մեկի գրասենյակ և տեղում ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը կամ ակտիվացնել այն վճարային տերմինալների միջոցով կամ էլ այցելելով https://www.ekeng.am/ կայք:
2. Այս տաբերակի համար պետք է ունենալ էլեկտրոնային չիփ պարունակող նույնականացման քարտ և ծրարով տրամադրված PIN և PUK ծածկագրեր, ինչպես նաև քարտ ընթերցող սարք: Դրանից հետո, կարել է https://www.ekeng.am/ կայքի միջոցով ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլետրոնային ստորագրություն:
4․ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՈՐՈՇԱԿԻ ՉԱՓՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը իր վճարած եկամտային հարկի գումարից կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում՝ ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։ Ընտանիքի անդամներն են՝ ֆիզիկական անձի ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողները և որդեգրվածները):
Հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել, եթե ձեռք է բերել առողջության ապահովագրական փաթեթ՝ Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից կամ ուսման համար կատարել է վճարումներ Հայաստանում գործող կրթական հաստատություններում (նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները)։
Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամը։
Անհրաժեշտ է հիշել, որ եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին սոցիալական փաթեթի շահառու է (օգտվում է որևէ սոց. փաթեփից), ապա անձամբ չի կարող օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից, փոխարենը կարող է օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռք բերման ծախսերի մասով։
Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին օգտվում է նաև հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցում կկատարվի այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարների և Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերություն: Օրինակեթե քաղաքացին տարվա կտրվածքով վճարել է 1.000.000 ՀՀ դրամ հարկ և օգտվելով հարկի վերադարձի հնարավորությունից ետ է ստացել 800.000, 900,000 դրամ կամ այլ նվազ գումար, ապա նա այդ պարագայում կկարողանա օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության գրասենյակ՝ 041-980-980, 011-980-980 հեռախոսահամարներով կամ գրել ընկերության էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected]։