ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը երեկ ԱԺ նիստի ժամանակ, արձագանքելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ մեղադրեց նրան, թե մեղմացնում է ՀՀ տարածքի վրա ադրբեջանական հարձակման ծանրացուցիչ հանգամանքը, իր խոսքում ասելով, թե ադրբեջանցիները հայտնվել են Հայաստանի տարածքում։
Իշխող խմբակցության ղեկավարը պնդեց՝ ՀՀ տարածքում ադրբեջանական ուժերը չեն հայտնվել, հարձակվել են.
«Պարոն Օհանյան, Ձեր խոսքում նշում եք, որ ՀՀ իշխանություններ են պատասխանատու ՀՀ անվտանգության համար, և ճիշտ եք նշում։ Հետո ասում եք, որ ձախողել են այդ անվտանգության ապահովումը, որովհետև ՀՀ-ի տարածքում հայտնվել են ադրբեջանական ուժեր, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել, որ չեն հայտնվել, հարձակվել են։ Դրանք շատ տարբեր բաներ են, որովհետև Ձեր խոսքից ստացվում է, որ Դուք մեղմացնում եք ադրբեջանական հարձակման ծանրացուցիչ հանգամանքները»․- հայտարարեց Հայկ Կոնջորյանը:
Իսկ ի՞նչ են վկայում փաստերն ու ականատեսների պատմածները:
Մամուլում բազմաթիվ եղան հրապարակումներ, տեսանյութեր, ինչպես նաև ընդդիմադիր մի շարք պատգամավորներ ու գործիչներ հստակ փաստերով ներկայացրել էին, թե ինչպե՞ս են ադրբեջանցիներն անարգել հայտնվում ՀՀ սուվերեն տարածքում, հաստատվում մեր բարձրունքներում, գողանում սահմանամերձ գյուղերի բնակիչների անասունները։
Այսպիսով, դեռ նախորդ տարի համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, թե ադրբեջանցիներն ինչպես են առանց դիմադրության առաջ եկել Սյունիքի մարզի Տեղ գյուղում:
Արավուսի վարչակազմի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանը հայկական լրատվամիջոցներին պատմել է, որ ադրբեջանցիներն առանց դիմադրության իրենց վերահսկողության տակ են վերցրել ավելի քան 60 հեկտար հողատարածք։ Նրա ասելով՝ ադրբեջանցիներն արդեն 11-րդ հենակետն են տեղակայել ինքնիշխան տարածքներում։
Իսկ 2021թ-ին, երբ Հ1-ի եթերում Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանին հարց էին ուղղել՝ թե ինչպե՞ս է հակառակորդին հաջողվել առանց դիմադրության 3,5 կմ առաջ գալ Սև լճի հատվածում, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել էր․ «Նոյեմբերի 9-ից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել նաև ձմռան պատճառով չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել»։
Ըստ էության, ԱԽ քարտուղարը չէր հերքել, որ ադրբեջանցիներն անարգել մտնում են ՀՀ տարածք ու ապօրինի գործողություններ անում:
Այսինքն՝ ՔՊ խմբակցության ղեկավարը հերթակապ անգամ մեղադրում է ընդդիմադիրներին մանիպուլացնելու մեջ, բայց իրականում ինքն է մանիպուլացնում փաստերը: