Դավիթաշենի նախկին թաղապետի օգնականին կրակելու գործով որոշում է կայացվել 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել է Կոտայքի մարզի մի շարք բնակիչների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն, Երևանի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու և վերջինիս ավտոմեքենան վնասելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ․ մայիսի 19-ին’ ժամը 08:30֊ի սահմաններում, Կոտայքի մարզի 22, 37, 34 և 31–ամյա բնակիչները, վերջինիս և Երևանի 42–ամյա բնակչի միջև ունեցած տարաձայնությունների պատճառով առաջացած վիճաբանության կապակցությամբ, 42–ամյա տղամարդուց վրեժ լուծելու և վերջինիս պատկանող «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան վնասելու դիտավորությամբ, մի խումբ այլ անձանց հետ, գնալով Երևան քաղաքի Բաշինջաղյան-Պարսեղով փողոցների խաչմերուկի մոտ, սպասել են 42–ամյա տղամարդուն:

Ժամը 08:50-ի սահմաններում, վերջինս Պարսեղով փողոցում գտնվող տնից իր վերոնշյալ ավտոմեքենայով մոտեցել է Բաշինջաղյան-Պարսեղով փողոցների խաչմերուկին, որի ընթացքում, հանցակիցների միջև նախապես կատարված դերաբաշխման համաձայն, 22–ամյա երիտասարդը՝ «Տոյոտա Պլատզ», իսկ 34–ամյա տղամարդը՝ «Վազ 21 214» մակնիշի ավտոմեքենաներով արգելափակել են «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի ընթացքը։
Այնուհետև Կոտայքի մարզի 22, 37 և 34–ամյա բնակիչները, մի խումբ անձանց հետ, որոնցից մեկը եղել է մահակով, մոտեցել են «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենային և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հարակից տների բնակիչների և փողոցում գտնվող անձանց անդորրը խախտելով, մահակով, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել հիշյալ ավտոմեքենային։ Այդ ընթացքում 31–ամյա տղամարդը, իր անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, դուրս է եկել «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայից և 42–ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կրած «Сайга МК» մոդելի 5,45 տրամաչափի որսորդական ակոսափող կարաբինից կրակոցներ է արձակել վերջինիս և նրան պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։ Սակայն 42–ամյա տղամարդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Հիշյալ անձանց կողմից հասարակության նկատմամբ ցուցաբերած անհարգալից գործողությունների հետևանքով խախտվել է փողոցի երթևեկությունը, վնասվել է 42–ամյա տղամարդուն պատկանող «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով վերջինիս պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս։ 42–ամյա տղամարդուն պատճառվել են առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 22, 34 և 37–ամյա տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 31–ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշված 4 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Միջադեպի մյուս մասնակիցների մասով նախաքննությունը շարունակվում է։

Դավիթաշենի վարչական շրջանի նախկին ղեկավար Ռոման Համբարձումյանի օգնական Կորյուն Մխիթարյանի վրա կրակել են ոչ թե անձնական խնդիրների պատճառով, այլ քանի որ նա թաղապետ Ռոման Համբարձումյանի օգնական է եւ քաղաքացիների հետ ըստ էության հարաբերվել է փողոցային կանոններով: Ավելի այս դեպքից առաջ նա է քաղաքացիներին ծեծի ենթարկել ու ըստ էության այս մասն է անջատվել եւ քննությունը շարուկվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս