Վերջին 10 տարին ռեկորդային տաք է եղել, աշխարհը կանգնած է գլոբալ տաքացման սպառնալիքի առաջ. ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած 10 տարին եղել է ամենաշոգ տասնամյակը այն պահից, երբ սկսվել են կլիմայական ռեկորդները: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) երեքշաբթի՝ մարտի 19-ին, հրապարակված զեկույցում։

2023 թվականը սահմանել է ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ, սակայն 2024 թվականը կարող է ավելի շոգ լինել, զգուշացնում են փորձագետները: Երկրի մակերևույթի գլոբալ օդի միջին ջերմաստիճանն անցյալ տարի 1,45 աստիճանով բարձր է եղել, քան նախաարդյունաբերական դարաշրջանում։ Այսպիսով, աշխարհն ավելի քան երբևէ մոտ է 1,5 աստիճանի նշագծին. այստեղ է, որ լավագույն դեպքում նախատեսվում էր դադարեցնել գլոբալ տաքացումը՝ համաձայն 2015 թվականի Փարիզի համաձայնագրի (վատագույն դեպքում՝ մոտ երկու աստիճան):

2023 թվականին կլիմայի տաքացումը հանգեցրել է սառցադաշտերի տարածքի ռեկորդային կրճատման։ Սա առավել ցայտուն է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, օրինակ, Շվեյցարիայում սառցադաշտերի տարածքը վերջին երկու տարվա ընթացքում նվազել է 10 տոկոսով: Բացի այդ, WMO-ի փորձագետները անցյալ տարի գրանցել են մի քանի ջերմային ալիքներ, որոնք անցել են համաշխարհային օվկիանոսների 90 տոկոսով՝ սպառնալով կորալային խութերին և ծովային այլ էկոհամակարգերին:

«Նախկինում մենք երբեք այսքան մոտ չենք եղել Փարիզի համաձայնագրով գլոբալ տաքացման համար սահմանված ստորին սահմանին, – ասել է WMO ղեկավար Սելեստե Սաուլոն: Նրա խոսքով, կազմակերպության զեկույցը պետք է լինի «կարմիր նախազգուշական ազդանշան ողջ աշխարհի համար»:

«Մոլորակը գտնվում է անդունդի եզրին», – համաձայնել է Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:




Լրահոս