«Օսկար». ամերիկյան կինոակադեմիայի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը, հետաքրքիր փաստերն ու սահմանված ռեկորդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կինոաշխարհի ամենահեղինակավոր «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը, որը սահմանվել է ամերիկյան կինոակադեմիայի կողմից, առաջին անգամ կայացել է 1929 թվականի մայիսի 16-ին Լոս Անջելեսի հոլիվուդյան «Ռուզվելտ օթել»-ում:

15 րոպե տեւած մրցանակաբաշխությանը մասնակցել է 250 հոգի, որոնք տոմս են ձեռք բերել 5-ական դոլար վճարելով: Արարողության հանդիսավարն է եղել այն ժամանակ ամենաճանաչված ամերիկացի դերասաններից Դուգլաս Ֆերբենքսը:

Առաջին մրցանակաբաշխության ժամանակ տրվող մրցանակները «Օսկար» չեն կոչվել, այլ «Պատվավոր հիշատակում»:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջին «Օսկար»-ին արժանացել է «Թեւեր» համր ֆիլմը, որը նկարահանվել է 1927 թվականին եւ ընդգրկված է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում:
Այսօր «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում մրցանակ է տրվում հիմնական 24 անվանակարգերում, ինչպես նաեւ հատուկ մրցանակներ՝ «Օսկար բացառիկ նվաճումների համար» եւ «Ջին Հերշոլտի անվան մրցանակ» անվանակարգերում:

Մրցանակաբաշխության անվանակարգերն են «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», «Լավագույն օպերատրական աշխատանք», «Լավագույն բնօրինակ սցենար», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն ձայնային մոնտաժ», «Լավագույն հնչյունավորում»,  «Լավագույն դիմահարդարում», «Լավագույն հանդերձանքի դիզայն», «Լավագույն բեմադրող նկարիչ», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն երգ», «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն օտարալեզու ֆիլմ», «Լավագույն գեղարվեստական կարճամետրած ֆիլմ», «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ», « Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» եւ «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ»:

Նախկինում մրցանակներ են հանձնվել նաեւ անչափահաս դերասանին, պարուսույցին եւ ռեժիսորի օգնականին, ինչպես նաեւ լավագույն տիտրերի, բնօրինակ պատմության եւ նորարարության համար:
«Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում գրանցվել են բազմաթիվ ռեկորդներ եւ փաստեր, որոնցից կարելի նշել հետեւյալները.

Ամենաշատը «Օսկար» արձանիկ է ստացել Ուոլթ Դիսնեյը, ով 59 անգամ առաջադրվել է եւ ստացել 26 մրցանակ: Դերասաններից ամենաշատը Օսկարի է ներկայացվել Ջեք Նիկոլսոնը, ով 12 անգամ առաջադրվել է Օսկարի եւ 8 անգամ հաղթել, իսկ դերասանուհիներից ամենաշատը նոմինացվել է Մերիլ Սթրիփը՝ 21 անգամ եւ ստացել 3 մրցանակ:

«Օսկար»-ի մրցանակի արժանացած ամենատարեց դերասանը Քրիստոֆեր Փլամմերն է, ով 2012 թվականին «Օսկար»-ի արձանիկի է արժանացել՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:
Ռեժիսորներից ամենաշատը արձանիկի է արժանացել Ջոն Ֆորդը՝ ստանալով 4 մրցանակ:
«Օսկար» մրցանակաբաշխության պատմության ընթացքում 5 կարեւորագույն մրցանակներին միաժամանակ արժանացել է 3 ֆիլմ՝ «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (It happened one night – 1934), «Թրիչք կկվի բնի վրայով» (One flew over the cuckoos nest – 1975) եւ «Գառնուկների լռությունը» (The silence of the lambs – 1991):

Հուրի Բաղդասարյան




Լրահոս