Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մհեր Սպարտակի Աղաբեկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով և արարքի կատարման պահին գործող՝ 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ այն արարքի կատարման համար, որ նա, Երևանի քաղաքապետի՝ 27.11.2018թ. թիվ 505-Ա կարգադրության համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 3-ից զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը, Երևանի քաղաքապետի՝ 29.07.2009թ. N 7149-Ա որոշմամբ հաստատված՝ համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված դրույթների ուժով, ի թիվս այլնի, ունեցել է անմիջականորեն ենթակա և հաշվետու բաժինների աշխատակիցներ, օժտված է եղել վարչության աշխատանքները կազմակերպելու, ծրագրելու, համակարգելու, ղեկավարելու և վերահսկելու, վարչության առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրները լուծելու, որոշումներ ընդունելու, վարչության բաժիններին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ տալու, հողհատկացման և հողօգտագործման վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց հայտերի, դիմումների, գրությունների ուսումնասիրությունն ապահովելու, դրանց մասին եզրակացություն տալու, Երևանի քաղաքապետի քննարկմանը Երևանի քաղաքապետի որոշման նախագծեր ներկայացնելու, իր և վարչության անունից պատրաստվող փաստաթղթերն ստորագրելու լիազորություններ, որոնց ուժով հանդիսացել է պաշտոնատար անձ:

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Շրջանցիկ թունել 9/10 հասցեի անշարժ գույքի սեփականատեր Անահիտ Վահանի Ներսիսյանը ամուսնու քրոջ որդու՝ Ամրամ Կլեկչյանի և վերջինիս կնոջ՝ Հերմինե Խառատյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության հիման վրա 2019 թվականի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Շրջանցիկ թունել 9/10 հասցեի անշարժ գույքին հարակից, սակայն փաստացի Ամրամ Կլեկչյանի ընտանիքի կողմից տիրապետվող, Երևանի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի՝ որպես ընդլայնում՝ ուղղակի վաճառքի եղանակով օտարման վերաբերյալ դիմում, որի կատարումը, վերաբերելի գործառույթների մասով, Երևանի քաղաքապետի՝ նույն օրը կատարված մակնշմամբ հանձնարարվել է Մհեր Աղաբեկյանին, իսկ վերջինիս կողմից՝ միջնորդավորված եղանակով՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին հանձնարարվել է Երևանի քաղաքապետի՝ 30.05.2019թ. թիվ 253-Ա կարգադրությամբ 2019 թվականի մայիսի 30-ից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հողհատկացման և հողօգտագործման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող, Երևանի քաղաքապետի 21.04.2011թ. N 1468-Ա որոշմամբ հաստատված՝ համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված դրույթների ուժով պաշտոնատար անձ հանդիսացող Արմենուհի Շահենի Մարտիրոսյանին:

Երևանի գլխավոր ճարտարապետի օգնականի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Հերմինե Խառատյանի քույրը լինելու հանգամանքով պայմանավորված՝ հիշյալ անձնական այլ դրդումներից ելնելով, Մհեր Աղաբեկյանը Արմենուհի Մարտիրոսյանի կողմից միջոց տրամադրելու, այն է՝ փաստաթղթի տեքստային մասի նախագծի մշակմամբ դրսևորված նրա օժանդակությամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ձևաթղթի վրա նույն օրը՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին, կազմել և իր ստորագրությամբ հաստատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին հասցեագրված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ թիվ 1806/1-Ն-1425 գրությունը (դրական եզրակացությունը), որում, Անահիտ Ներսիսյանին պատկանող հողամաս մուտք գործելու համար ինքնուրույն՝ լրացուցիչ տրամադրման ենթակա հողամասի հետ առնչություն չունեցող ճանապարհի փաստացի առկայության պայմաններում, ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել այն մասին, թե ըստ տարածքի տեղազննման և տեղագրական հանույթի ճշգրտման՝ ընդլայնման նպատակով լրացուցիչ տրամադրման ենթակա 176.0 քմ մակերեսով հողամասի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա, և ընդլայնվող հողամասին սահմանակից օտարվող հողամասի դիրքի կամ ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով՝ ընդլայնվող հողամաս տրանսպորտային միջոցներով մուտք գործելու որևէ այլընտրանքային հնարավորություն առկա չէ, բացի օտարվող հողամասից, կամ ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից:

Քնար Մանուկյան




Լրահոս