Փետրվարի վերջին՝ մարտի առաջին օրերին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մեկնեց ԱՄՆ։ Գործուղում էր, թե անձնական այց՝ այդպես էլ պարզ չդարձավ, որովհետեւ կառավարության կայքում կարծես թե չկա ոչ նրան գործուղելու, ոչ էլ արձակուրդ տրամադրելու որոշումը։
Armlur.am-ը փորձել է կառավարության կայքում գտնել այդ որոշումներից մեկը, բայց ապարդյուն։ Վարչապետի որոշումների մեջ չկար Ավանեսյանին ԱՄՆ գործուղելու մասին որևէ խոսք։
Նաև մինչեւ հիմա չկա Ավանեսյանի՝ ԱՄՆ այցի մասին էլեկտրոնային հաշվետվությունը։ Այդ փաստաթղթի առկայությունը կարեւոր էր՝ իմանալու համար նախարարը հարկատուների հաշվին էր մեկնել օվկիանոսից այն կողմ, թե անձնական միջոցներով, թե հրավիրող կողմի միջոցներով։
Մանավանդ, որ Ավանեսյանի՝ ԱՄՆ այցը ավելի շատ շրջագայություն էր հիշեցնում, որովհետև նախարարը այդպես էլ լուրջ հանդիպումներ չի ունեցել ԱՄՆ առողջապահության ոլորտի որևէ պատասխանատուի հետ, այլ միայն ձևական ինչ-որ հանդիպումներ՝ երևի իր բացակայությունն արդարացնելու համար, նաև հարցազրույցներ է տվել, թեև կարելի էր հարցազրույցի համար չհասնել այլ երկիր, այլ դա կազմակերպել օնլայն:
Չի բացառվում՝ Ավանեսյանը հաշվետվություն այնուամենայնիվ ներկայացրել է, բայց կառավարության կայքի համապատասխան բաժնում զլանում են այն արագ տեղադրելու հարցում։ Ինչ իմանաս։