«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի ապրիլի 15-ին Երեւանի Ֆրանսիայի հրպարակում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում պետք է ձեւավորվի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին, որի ղեկավարի պաշտոնի առաջադրում կարող է անել միայն ընդդիմությունը»:
Այս խոստումը ծայրից ծայր սուտ դուրս եկավ: Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրեց իրավիճակը եւ արձանագրում է, որ 24․03․2021թ․-ին, «Ազգային ժողովն ընդունեց օրենք հակակոռուպցիոն կոմիտեի մասին»։ Օրենքում նշված չէր, որ պետք է կոմիտեի ղեկավարի պաշտոնում թեկնածություն առաջադրի ընդդիմությունը։ Օրենքն ընդունվեց միայն ՔՊ-ականների 80 կողմ, 38 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։
Այնուհետեւ 16․08․2021թ․ 3 թեկնածու առաջադրվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար՝ Սասուն Մհերի Խաչատրյանը, Գառնիկ Արտուշի Թորոսյանը եւ Դավիթ Ռուբենի Մկրտումյանը: Մոտ մեկ ամիս անց՝ 10․09․2021թ․ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհուրդը 3 թեկնածուներին էլ հայտարարեց մրցույթը հաղթահարած եւ ուղարկեց կառավարությանը։
Կառավարության՝ 16․09․2021թ․ որոշմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակվեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Այսինքն, խոստումը, որ միայն ընդդիմությունը կարող է առաջադրել հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի պաշտոնում, չկատարվեց եւ Նիկոլ Փաշինյանը էլի խաբեց ՀՀ քաղաքացիներին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: