Դատական դեպարտամենտից ArmLur.am-ից հայտնում են, որ ուսումնասիրել են կալանքների կիրառման պրակտիկան մինչև 2022 թվականի հուլիս ամիսը, այսինքն` մինչ Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների ուժի մեջ մտնելը և դրանից հետո։
Մասնավորապես՝ ուսումնասիրվել է 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածը և 2023 թվականն ամբողջությամբ։
Այսպես, ըստ վիճակագրական տվյալների`
2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում դատարանները ստացել են 3733 կալանքի միջնորդություն, որից բավարարվել է 3037-ը, այսինքն՝ ներկայացված կալանքների միջնորդությունների ընդհանուր թվի 81,3 %։
Իսկ 2023 թվականի ընթացքում, երբ Հայաստանի դատական համակարգում արդեն ձևավորվել էր նաև Հակակոռուպցիոն դատարանը, կալանքը կիրառելու մասին ստացվել է 5782 միջնորդություն, այսինքն՝ 55%-ով ավելի քան 2021-ի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Հատկանշական է, որ ներկայացված 5782 միջնորդությունից բավարարվել է 4377-ը, այսինքն՝ ներկայացված կալանքների միջնորդությունների ընդհանուր թվի 75,7%-ը։
Այսպիսով, վիճակագրության ուսումնասիրությունը փաստում է, որ կալանքները սկսել են ավելի քիչ կիրառվել` պակասելով 5.6 %-ով:
Հարկ է հաշվի առնել նաև, որ Քրեական դատավարության փոփոխված օրենսգիրքը հնարավորություն է տվել դատարաններին կիրառել ազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ, այն է՝ տնային կալանք և վարչական վերահսկողություն:
Արդյունքում՝ 2023 թվականի ընթացքում դատարաններ ներկայացված միջնորդությունների գրեթե 10 տոկոսի դեպքում, մասնավորապես 515 դեպքով կիրառվել է տնային կալանքը, իսկ 85 դեպքով ընտրվել է վարչական հսկողությունը:
Այսպիսով, օրենսդրական փոփոխությունների արդյունքում ձևավորված պրակտիկայի ուսումնասիրությամբ կարող ենք փաստել, որ կալանքների կիրառումը դատարանների կողմից նվազել է, և դատարանները կիրառում են ազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ:
Քնար Մանուկյան