Իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ եթե հայկական կողմը հրաժարվի քննարկել սահմանազատման հարցերը Ադրբեջանի հետ, ապա շաբաթվա վերջին կարող է պատերազմ սկսել, ասել է, որ դժվար թե սեփական բնակչությանը վախեցնելը Հայաստանին հարմար արդյունքի հասնելու լավագույն միջոցն է։
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով վարչապետի ասածին, թե շաբաթվա վերջում կարող է պատերազմ սկսվել, ասաց․
«Գործող վարչապետն ասել է, որ եթե չհանձնվեն տարածքներ, ապա շաբաթվա վերջում պատերազմ կսկսվի: Նա, ըստ էության, Հայաստանի բնակչության նկատմամբ տեռորիզմով է լցված և հոգեբանորեն վախեցնում է մարդկանց»։
Քաղաքագետը նշում է, որ ըստ երևույթի տարածքներ արդեն հանձնվել են և պատահական չէ, որ գյուղի բնակիչների հետ հանդիման ժամանակ իր կողքին նստած էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Քաղաքագետը նկատում է, որ այս քայլով սկսվում և շարունակվելու է այլ տարածքների հանձնումը, եթե Փաշինյանը մնա իշխանության։
«Ի՞նչ է նշանակում այդ տարածքների հանձնումը։ Դա նշանակում է, որ ամեն բան նույնությամբ կրկնվելու է, որ ինքը բանակցելու է, տարածքներ է հանձնելու, հետո գալու է ու ասելու, որ չհանձներ՝ պատերազմ է լինելու և նորից հոգեբանական տեռոր է կիրառելու։ Վերջիվերջո նման կերպով մենք կորցնելու ենք Սյունիքը, Սևանը․․․ուստի նա չի թաքցնում և ասում է»,- ասաց քաղաքագետը։
Քաղաքագետի խոսքով՝ այս իրավիճակում հարցն այն է, որ ՀՀ քաղաքական ուժերը, ընդդիմադիրները կարող են քայլ կատարել, և հարցը կարող է լուծվել։
«ՀՀ քաղաքական ուժերը, ընդդիմադիրները կարող են քայլ անել, վայր դնեն մանդատները և վարչապետն ու խորհրդարանը դառնան ոչ լեգիտիմ և ընտրական գործընթացներ գնան այդ ամենին։ Եթե ոչ, ապա այս ամենի համար ոչ միայն մեղավոր է գործող իշխանությունը, այլև խորհրդարանական ընդդիմությունը։ Անձնապես բոլորը պատասխանատու են դեպքերի համար»,- ասաց Դանիելյանը։
Անդրադառնալով Մարիա Զախարովային՝ քաղաքագետը, սահմանափակելով զրույցը, ասաց․
«Զախարովան ուզում է ասել, որ բոլոր հետևանքների համար պատասխանատու է Արևմուտքը և Հայաստանի իշխանությունը, որ այդ պլատֆորմն է ընտրել։ Եթե ընտրեինք Մոսկվայի պլատֆորմը, չգիտենք, թե ինչ կարող էր լինել, կարող ենք ենթադրություններ անել այդ մասով։ Փաստը կայանում է նրանում, որ այս պլատֆորմի հետևանքներն են և նրանք պատասխանատվությունը դնում են հենց Հայաստանի գործող իշխանության վրա»։