Զախարովան՝ Ստոլտենբերգի տարածաշրջան կատարած այցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ չի անտեսել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջան կատարած այցը:

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այցը տարածաշրջան Հարավային Կովկասի հանրապետություններին եվրատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու ևս մեկ փորձ է։

Հյուսիսատլանտյան դաշինքի և առանձին անդամ երկրների կողմից նման փորձեր արվել են երկար ժամանակ և համակարգված։ Ստոլտենբերգի այցը հաստատում է, որ այս ոլորտում ակտիվությունն աճել է մի քանի անգամ։

Արևմուտքին հանգիստ չի տալիս միմյանց հետ այդ պետությունների փոխգործակցության փաստը, որն արդեն սկսել է կառուցվել խաղաղ պայմանավորվածություններին մոտենալու հունով։ Նրանց չի գոհացնում նաև Ռուսաստանի հետ այդ պետությունների շփվելու փաստը՝ հիմնված իրավահավասարության ու փոխադարձ հարգանքի վրա, ուղղված տարածաշրջանում գլոբալ խաղաղությանը։

Այստեղից էլ շարունակական փորձերը՝ փչացնելու այդ երկրների հարաբերությունները միմյանց և Ռուսաստանի հետ։ Առավելագույն խնդիրը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է Հարավային Կովկասում։

Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները Արևմուտքի համար եղել են կարմիր լաթ, քանի որ դա իսկապես խաղաղության ճանապարհ էր՝ հիմնված փոխադարձ հարգանքի և շահերը հաշվի առնելու վրա։

Հիշեցնեմ, որ ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում վերահաստատվել է 2008 թվականին ընդունված բանաձևը, որով Վրաստանը պետք է դառնա դաշինքի անդամ։ Մասնավորապես, նրանք առաջ են տանում Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ակտիվացման ուղղությունը։ Այդ ջանքերն ուղղված են Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների վատթարացմանը, և նրանք դա չեն թաքցնում։ Նույն փորձն է արվում նաև Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում։ Այլ կերպ ասած, նրանց նպատակներն ու խնդիրները լայն շրջանակ ունեն:

Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն շահագրգռված չէ Հարավային Կովկասում կայունությամբ ու անվտանգությամբ, և նպատակը մեկն է՝ հակառուսական խոսույթների գեներացում, քաոսի վերածում, ինչը նրանց գործելաոճն է։ Այս դաշինքի ազդեցությունը տարածաշրջանում կառաջացնի անկայունություն, որը դժվար թե համապատասխանի Հարավային Կովկասի ժողովուրդների շահերին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովայի խոսքով՝ Արևմուտքը մտահոգված է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները սկսել են բարելավվել, ու Ռուսաստանի հետ այս երկու երկրի հարաբերությունները կառուցված են հավասարության, հարգանքի ու տարածաշրջանում խաղաղության հաստատման սկզբունքների վրա։




Լրահոս