Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը էկրաններ կբարձրանա Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկահայ ռեժիսոր Մայքլ Գուրջյանի և պրոդյուսեր Արման Նշանյանի «Ամերիկացի» ֆիլմը ապրիլի 4-ից էկրաններ կբարձրանա Հայաստանում: Այս մասին հայտնի է դարձել «Մոսկվա» կինոթատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

« Չարլին, փոքր տարիքում Հայոց ցեղասպանությունից փրկված մի տղա է, ում ընտանիքի բախտը այդքան էլ չի բերել։ 30 տարի անց՝ 1947 թվականին, Չարլին որոշում է լքել Միացյալ Նահանգները և վերադառնալ Հայաստան՝ առերեսվելու սովետական կոմունիզմի դաժան իրականությանը։ Գրեթե անմիջապես նրան ձերբակալում են և դատապարտում բանտարկության։ Երբ թվում է, թե նա տրվում է իրավիճակի ողջ սարսափին, նա հայտնաբերում է, որ բանտախցի պատուհանից այն կողմ պատը վնասվել է վերջերս տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում, և այդ անցքից հնարավոր է տեսնել մոտակա բազմաբնակարան շենքը… Բնակարանում բնակվող հայ ամուսինների ընտանիքը՝ Տիգրանի և Ռուզանի, դառնում են Չարլիի միակ կապը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ միասին ապրելով, ճաշելով, ծիծաղելով, լաց լինելով, երգելով և պարելով նա բացահայտում է իր համար հայկական մշակույթը, որին նա երբեք ծանոթ չի եղել», – գրված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ֆիլմն այս տարի ընդգրկվել էր Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգի «շորթլիստ»-ում, սակայն լավագույն հնգյակ չէր անցել: Հակառակ վերոնշյալին սա մեծ ձեռքբերում է հայկական կինոարտադրության համար և առաջին դեպքը, երբ հայկական ֆիլմը ընդգրկվել է «Օսկար» մրցանակաբաշխության մրցույթային փուլում:




Լրահոս