Մարտի 20-ին Երևանում կայացել է «Կատարյալ ապուշը» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել դերասանական կազմն ու աշխատակազմը, հայտնի հյուրեր:
ArmLur.am-ը ներկա է եղել ֆիլմի փակ ցուցադրությանն ու կարմիր գորգի արարողությանը, նկատել պրեմիերայի հետաքրքիր պահերը:
«Ֆիլմը կատակերգություն է, որը նախատեսված է հանդիսատեսի լայն լսարանի համար, որպես այդպիսին կարելի է անվանել ընտանեկան ֆիլմ, որը կարող են դիտել բոլորը», – այս մասին երեկ՝ մարտի 20-ին, «Կատարյալ ապուշը» ֆիլմի փակ ցուցադրության ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսոր, գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանը:
Նրա մարմնավորած հերոսը Տիգրիսն է, ով խենթ կերպար է: Վերջինս որոշել է փոխել աշխարհը դեպի լավը և մարդկանց միջից հանել չարությունը։ Արդյուքում՝ անընդհատ հայտնվում է տարատեսակ զվարճալի արկածների մեջ.
«Բացի հանդիսատեսի համար հաճելի ժամանց ապահովելուց՝ ֆիլմը նպատակ ունի նաև բարություն և արժեքներ հաղորդել հասարակությանը։ Դահլիճից դուրս եկող հանդիսատեսը վստահաբար բարի գործ անելու ցանկություն կունենա։ Եվ եթե յուրաքանչյուրը կատարի թեկուզ մեկ, թեկուզ չնչին բարի գործ՝ աշխարհը ավելի լավը կդառնա»:
Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի նկարահանումները համընկել են իր կյանքի մեծագույն ողբերգության՝ քրոջ կորստի հետ.
«Շատ լավ նկարահանումներ ունեինք մինչև այն պահը, երբ իմ կյանքում տեղի ունեցավ մեծ ողբերգություն՝ քրոջս մահը։ Երկարատև դադարից հետո ես իմ մեջ ուժ գտա և վերադարձա նկարահանման հրապարակ, քանի որ մի մեծ թիմ ինձ էր սպասում։ Եվ նրանք էլ, իրենց հերթին, արեցին ամեն ինչ, որպեսզի նկարահանումները հարթ ընթանան և ունենանք այն ֆիլմը, որն արդեն կա։ Բացի այդ, իմ կերպարն ունի նմանություն քրոջս՝ Նվարդի հետ, ով հայտնի է իր բացառիկ բարեգործություններով և ես ոգեշնչվում էի հենց նրանով»:
Նալչաջյանը հավելել է, որ քույրը ներկա է եղել ֆիլմի նկարահանման առաջին օրը:
Ռեժիսորը հույս է հայտնել, որ հանդիսատեսը կսիրի ֆիլմը, ինչն էլ նրան կվերադարձնի նկարահանման հրապարակ:
Ֆիլմի պրեմիերային ներկա էին «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, Հայաստանում Սիրիայի Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը և քաղաքագետ Թևան Պողոսյանը:
«Կատարյալ ապուշը» ֆիլմում նկարահանվել են Արման Ղազարյանը, Մելսիդա Հակոբյանը, Գեորգի Հովակիմյանը, Արթուր Հակոբյանը, Կրիստինա Հովակիմյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Սերգեյ Սարգսյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Վահագն Գալստյանը, Հայկ Հովհաննիսյանը, Օֆելյա Հարությունյանը, Սեպուհ Ապիկյանը և այլոք: