Մարտի 20-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորած խումբն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Այցի նպատակն էր անհրաժեշտ մեթոդական և մասնագիտական օգնություն ցուցաբերել մարզային ստորաբաժանումներին՝ ուղղված մարտունակության բարձրացմանը, արդյունավետ և օպերատիվ աշխատանքի ապահովմանը, ինչպես նաև համալիր ստուգումների իրականացմանը։
Տավուշի մարզային փրկարարական վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էր վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Խորհրդակցության ընթացքում Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Վ․ Փիրումյանը ներկայացրեց կատարված աշխատանքների արդյունքները, վարչության գործունեությանն առնչվող ընթացիկ հարցեր։
Խորհդակցության շրջանակներում քննարկվեցին մեթոդական օգնության ցուցաբերման հիմնական ուղղությունները, մատնանշվեցին օպերատիվ-տակտիկական, ինչպես նաև ամենօրյա գործունեության ապահովմանն ուղղված ընթացիկ աշխատանքները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով պլանային միջոցառումների պատշաճ իրականացմանը։ Այնուհետև Տնօրենի տեղակալը շրջայց կատարեց մարզային փրկարարական վարչությունում, ինչպես նաև այցելեց Իջևանի և Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատներ։
Եգոր Կարապետյանը տեղում ծանոթացավ ծառայության կրման պայմաններին, նյութատեխնիկական ապահովվածությանը, հետևեց հերթապահություն իրականացնող ծառայողների աշխատանքին։ Հրշեջ-փրկարարական ջոկատներում հայտարարվեց անձնակազմի տագնապ, տրվեց հավաք, ստուգվեց ծառայողների ընդհանուր պատրաստվածությունը, տագնապային պայուսակների առկայությունն ու համալրվածությունը, հրշեջ-փրկարարական տեխնիկայի և գույք-սարքավորումների տեխնիկական վիճակը։
Տնօրենի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը Իջևանի և Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատներում հետևեց «Հրդեհաշիջումը ճյուղավորումով» և «Մարտական բացազատում օղակի կազմով» թեմաներով տակտիկական պարապմունքների անցկացման ընթացքին։ Ավարտին՝ աշխատանքային խմբի ղեկավարը հանձնարարեց շարունակել աշխատանքները ենթակա ստորաբաժանումներում՝ առկա խոչընդոտների վերհանման և կարողությունների բարելավման ուղղությամբ։