«Ո՛Չ ՆԵՐՍՈՒՄ ԸՆԿԵՐՆԵՐ ՈՒՆԵՆ, Ո՛Չ ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտունի քաղաքում բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացնում. այս անգամ ոչ թե խոպանի հարկերն են պատճառը, այլ կարտոֆիլի բերքի իրացումը։

 

ArmLur.am-ը զրուցել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ՝ փորձելով սահմանել՝ ովքեր են թերացել այս խնդրի հարցում։

Պատգամավորի հետ քննարկել ենք կարտոֆիլի բերքի իրացման խնդիրների պատասխանատուների վարքը եւ պատասխանատուների եւ գերատեսչությունների միջեւ 6 ամիս տեւող  բանակցությունների անարդյունավետությունը։

-Տիկի՛ն Թովմասյան, որպես Գեղարքունիքի մարզը ներկայացնող պատգամավոր, կխնդրեմ մանրամասնել, թե նման խնդիրները մարզում ինչից են առաջացել, որն է սկզբնաղբյուրը խնդիրների:

-Ուզում եմ ասել, որ նորություն չէ, որ ՀՀ իշխանությունները կառավարման համակարգի լրջագույն խնդիրներ ունեն եւ տկարություն են ցուցաբերում, ու մարդկանց ցասումը հերթական դրսեւորումներից մեկն է: Կհիշեք՝ մի քանի օր առաջ ես հարցում էի ուղարկել տարածքային կառավարման նախարարին  եւ պահանջել էի ինձ հստակ տեղեկություն տալ՝ ինչու չեն կարողանում Գեղարքունիքի մարզի բնակիչները իրացնել տարվա իրենց կարտոֆիլի բերքը: Պատասխան էի ստացել, որ իրենք աշխատում են Էկոնոմիկայի նախարարության հետ, Գեղարքունիքի մարզպետարանի հետ, եւ այդ աշխատանքները, ըստ հարցման պատասխանի,  սկսվել են հոկտեմբերից, այսինքն՝ հոկտեմբերից մինչեւ մարտ պետական բոլոր կառույցները, որոնք պատասխանատու են, աշխատում են, բայց արդյունք չկա. բա ի՞նչ եք աշխատում  այդքան ամիս:

-Ոչ մի խնդիր այդպես էլ չի՞ լուծվում:

-Այո՛, չի լուծվում կառավարման տկարության պատճառով: Նայեք, Մարտունի քաղաքում, Վարդենիսում եւ, ընդհանրապես, մարզում, նաեւ Շիրակի մարզում ամենաառատ մշակաբույսը կարտոֆիլն է: Տարիներ առաջ շուկան եղել է հայկականը, Վրաստանը, Ռուսաստանը եւ Արցախը. հիմա Արցախը չկա, Ռուսաստանի հետ հարաբերությունները խայտառակ լարված են, Վրաստանի հետ չգիտեմ՝ ինչ վիճակ է, արդյունքում ունենք այն, որ քաղաքացիների կարտոֆիլը տոննաներով մնացել է իրենց պահեստներում,  նեխում է. ամբողջ տարի մարդիկ վարկ են վերցրել, լրջագույն ծախսեր են արել, եւ թվում էր՝ բերքի հարցը պիտի ինքնաբերաբար լուծվեր: Եթե ինքնաբերաբար չի լուծվում, պետությունը պիտի  միջոցներ ձեռնարկի, պիտի պետությունը պատվիրակի:  Ստացվում է, որ գյուղացին ցանում է կարտոֆիլը, հավաքում է, եւ, օրինակ, երեւանյան սուպերմարկետներում  թանկ գներով անհայտ ծագման կարտոֆիլ է վաճառվում:  Այսինքն՝ չկա ընդհանրապես կանոնակարգում, եւ չկա որեւէ աջակցություն հայ գյուղացուն:  Պատճառը նաեւ այն է, որ Հայաստանում չկա գյուղնախարարություն: Նախկինում կար Գյուղատնտեսության նախարարություն, որ քիչ թե շատ գյուղացիների հարցերով զբաղվում էր, հիմա այդ նախարարությունը տարել ինչ-որ կերպ տեղավորել են Տարածքային կառավարման  նախարարության մեջ, ու այդպես էլ պատասխանատու չկա, որ գնաս ասես՝ եղբա՛յր, դու պատասխանատու ես, մարդկանց  կարտոֆիլը մնացել է իրենց բակերում. լավ, ի՞նչ եք դուք մտածում, ինչքա՞ն պիտի մարդկանց անտեսեք. բա Հայաստանի հպարտ քաղաքացիներն են…

-Դուք նշեցիք, որ խնդիրը դեռ հոկտեմբեր ամսից էր սկսվել, երբ իրացման խնդիր էր դրված:  Մինչեւ այսօր կարտոֆիլը դեռ չի իրացվել, նեխում է՝ հասցնելով վնաս նաեւ երկրի տնտեսությանը: Ինչո՞ւ կառավարությունը չի կարողանում այդպես էլ լուծել այս համեմատաբար փոքր խնդիրը, որ ունենք հանրապետությունում:

-Ես նորից պիտի շեշտեմ կառավարման անկարողությունը. օրինակ՝ ես չեմ պատկերացնում, որ մեր երկրում հիմա կա պաշտոնյա, որ կկաողանա զանգել, օրինակ,  որեւէ երկրի իր պաշտոնակցին, խնդրել, որ, գիտեք, մենք այսքան տոննա բերք ունենք, կարո՞ղ եք օգնել իրացնել (ինչպես եղել է ավանդաբար նախկինում): Դա ամոթ բան չէ, նորմալ փոխհարաբերություն է երկրների միջեւ:  Այս մարդիկ ո՛չ ներսում ընկերներ ունեն, ո՛չ երկրից դուրս ընկերներ ունեն:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ԿԵՍԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԸ՝ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հրաժարականը եւ դրան նախորդող իրադարձությունները նոր կրքեր են կուտակել «Լուսավոր Հայաստան»-ում: Ուշագրավ է նաեւ, որ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը օրերս հրաժարական տվեց, սակայն նրա թիմակիցը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը դեռ շարունակում է պետական ապարատում պաշտոն զբաղեցնել:

 

Այսպիսով, այն բանից հետո, երբ 2021թ.-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ԼՀԿ-ն չանցավ խորհրդարան, ԼՀԿ անդամ Սրբուհի Գրիգորյանը պաշտոնի անցավ պետական ապարատում. 2022թ.-ի մարտից Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող միասնական սոցիալական ծառայությունում առանձին գործառույթներ համակարգող խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում:

ArmLur.am-ը երեկ զանգահարեց Սրբուհի Գրիգորյանին՝ պարզելու՝ արդյոք իր կուսակցական ղեկավարի՝ Էդմոն Մարուքյանի հրաժարականից հետո ինքը եւս պատրաստվում է հրաժարվել պետական պաշտոնից.

«Ես իմ մասնագիտական աշխատանքն եմ անում. չեմ կարծում, որ կուսակցությունում ընդգրկված լինելու համար կամ կուսակցության անդամը որեւէ պաշտոնից դուրս է եկել, դա պատճառ չէ, որ աշխատանքից ազատվես: Ես հիմա էլ կուսակցության անդամ եմ, բայց ինչ ընդունվել եմ աշխատանքի, կուսակցական ակտիվ գործունեություն չեմ ծավալում»,- ասաց նա:

Այլ հարցերի Սրբուհի Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, որ պետական պաշտոնը թույլ չի տալիս. «Քաղաքական հարցազրույց չեմ կարող տալ. ես պայմանագիր ունեմ, որ չեմ կարող հարցազրույցներ տալ՝ առհասարակ կուսակցական եւ քաղաքական հարցերի հետ կապված»:

Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ՀԱՅ-ՍԼՈՎԵՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Սլովենիայի Հանրապետության դեսպան Մատեյա Պրեվոլշեկին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ նա իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքեր՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-սլովենական քաղաքական երկխոսության խորացմանը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ընդգծվել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարեւորությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգությունները զսպելու համատեքստում:

 

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ մանրամասներ ներկայացնելով նախօրեին տեղի ունեցած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովիեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցից:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ փոխգործակցությունն ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում», – նշված է գերատեսչության հաղորդագրությունում։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ մարտի 5-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջեւ:

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել  են երկկողմ եւ տարածաշրջանին վերաբերող հարցեր:

 

 




Լրահոս