«ԲԱՌԵՐՈՎ ՍԻՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ ՉԷ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել  եւ ելույթ է ունեցել Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

 

Իր ելույթում Պապիկյանն ընդգծել է, որ Վազգեն Սարգսյանը Հայաստանի պետականաշինության առանցքային դերակատարներից է։

«Այսօր Վազգեն Սարգսյան պետական, քաղաքական, ռազմական գործիչը կդառնար 65 տարեկան։ Ինչպիսին կլիներ վերջին տասնամյակների մեր ընթացքը, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը՝ դժվար է ասել, բայց մի բան հաստատ է. Վազգեն Սարգսյանը մեր պետականաշինության առանցքային դերակատարներից էր, նրանցից մեկը, ով քաջություն ունեցավ ստանձնելու սեփական ժողովրդի պատմությունն ուղղորդելու, նրա ճակատագրի համար պատասխանատվություն կրելու եւ առջեւից քայլելու պատրաստակամությունը։

««Ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որ փայփայում էինք գրողներս, լրագրողներս, բայց դա բախտի բան չէր. ես եմ ընտրել իմ ճանապարհը». սրանք Վազգեն Սարգսյանի խոսքերն են։ Անշուշտ, գրիչը զենքով փոխարինելու որոշումը խորապես գիտակցված էր՝ խավարից բողոքելու փոխարեն խավարում սեփական մոմը վառելու վճռականությամբ»,- ասել է Պապիկյանը։

Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյան պետական գործչի ամենակարեւոր հատկանիշներից մեկը մարդկանց համախմբելու ունակությունն էր, նրա սերը, հանդուրժողականությունը, հավատը յուրայինի հանդեպ, տարբեր խավի, տարիքի, մտավոր ունակությունների եւ մտածելակերպի տեր մարդկանց հայրենաշինության գաղափարի շուրջ համախմբելու տաղանդը, սեփական ժողովրդի հետ պարզ ու անկեղծ խոսելու կարողությունը, իր բառերով ասած՝ անտրամաբանական ատելությունը տրամաբանված սիրո վերածելու ջանքն ու հավատը մի երկրում, որը բառերով սիրելու երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ, այլ համընդհանուր սիրո երկիր է։

«Վազգեն Սարգսյանն ասում էր՝ անկախությունը քննարկվող արժեք չէ, նրա մասին փիլիսոփայելն անգամ անմտություն է։ Արժե անկախ լինել, թեկուզ աղքատ։ Սովը, աղքատությունն անցողիկ բաներ են, մնայունն անկախությունն է, ասում էր, որ պարզապես հավատում է Հայաստանի ապագային։ Մենք՝ այս պետության պատասխանատուներս, չպետք է թույլ տանք, որ անկախությունը, ազատությունը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ։ Անկախությունը բացարձակ արժեք է՝ ընդգծում էր Վազգեն Սարգսյանը։ Այսօր էլ նրա խոսքերն արդիական են, եւ անկախության հավերժականությունն ապահովելու համար յուրաքանչյուրս անմնացորդ նվիրումով պետք է անենք մեր գործը եւ այդկերպ ապացուցենք, որ սիրում ենք հայրենիքը եւ պարտավոր ենք ուժեղացնել պետությունը։ Առանց հզոր եւ մարտունակ բանակի, չի կարող լինել թե՛ պետություն, թե՛ անկախություն. ահա այս հավատի, այս պատասխանատվության ու վճռականության շաղախով դրվեց բանակաշինության հիմքը։ Այս յուրահատուկ շաղախով բանակաշինության գաղափարի շուրջ համախմբվեցին ազատագրական կռիվներով անցած ֆիդայիններն ու կադրային սպաները, գիտնականներն ու գրողները, հասարակ հայ մարդիկ։ Ու նաեւ այդ ամուր շաղախի շնորհիվ է, որ մեր բանակը կանգուն է մինչ օրս ու ամենածանր փորձություններից հետո ոտքի կանգնելու, մեջքը շտկելու հաստատուն ծրագրեր է իրականացնում»,- հավելել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Սուրեն Պապիկյանը հիշեցրել է Վազգեն Սարգսյանի խոսքն այն մասին, որ երկրի սահմաններն ամրացնում ենք քրտինքով։  «Որպես պետական գործիչ՝  նա եկել էր, որ իր զինակիցների ու համախոհների հետ առաջնորդեր իր սահմանները քրտինքով պաշտպանելու ժողովրդի հույժ կարեւոր առաքելությունը եւ ասեր. «Ես տվել եմ ամեն ինչ ու ձեռք եմ բերել հպարտություն։ Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, հայության հավաքական կերպարը, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը եւ հայացքն ապագային»։ Բանակի դերը պետության ու ժողովրդի կյանքում ավելի լավ չես ձեւակերպի ու ավելի լավ չես հուշի ինքնաճանաչման հայելու մեջ սեփական արատները տեսնելու եւ այդ արատներից ձերբազատված ապագա կառուցելու խորհուրդը»,- նշել է նա։

Երկրին սպառնացող վտանգները տեսնելու եւ մատը ցավի վրա դնելու Վազգեն Սարգսյանի ունակությունը բացառիկ էր։

«Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ»,- Վազգեն Սարգսյանի խոսքերը մեջբերել է Պապիկյանը՝ հավելելով, որ Վազգեն Սարգսյանը սա ասել է խորը ցավով ու շատ էր ուզում, որ  «մենք մեր երկրի տերը դառնանք, մենք որոշենք մեր ուղին, մեր ընթացքն ու հանգրվանը, որտեղ ուզում ենք հասնել»։

Պապիկյանն ասել է, որ գրողին հատուկ իր զգացմունքային ու հախուռն խառնվածքով հանդերձ՝ Վազգեն Սարգսյանը նրբանկատ պետական գործիչ էր, երբ խոսքը վերաբերում էր երկրի ապագային, ազնիվ էր ու խոհեմ։

«Նա հզոր անհատականություն էր, այդ պատճառով էլ կարող էր հրապարակավ խոստովանել իր սխալները՝ անկեղծորեն ասելով՝ սխալներ եղել են, կեղծիք՝ ոչ։

Ու փոխադարձ սիրո, վստահության ու հավատի ամենալավ գնահատական Վազգեն Սարգսյանին տվեց ժողովուրդը՝ կոչելով Սպարապետ։ Սպարապետը գիտեր՝ ինչպես խանդավառել մարդկանց, ինչպես վարակել հայրենասիրությամբ, նվիրումով ու խիզախությամբ՝ հանուն հայրենիքի, հանուն պետականության։ Սպարապե՛տ, վստա՛հ եղիր, որ քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը»,- եզրափակել է պաշտպանության նախարարը։

 

 

 

 

ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱԼ

Կարգազանց հետիոտներն այսուհետ կտուգանվեն, եւ իրավապահներն արդեն լրջագույնս պարտավոր կլինեն հետեւել քաղաքային կարգապահությանը։

 

Ճանապարհային ոստիկանությունը տուգանելու է մասնավորապես փողոցը չնախատեսված հատվածով անցնելու համար 5000 դրամով, իսկ այն քաղաքացիները, որոնք փողոցը հատել են անցումով, սակայն կարմիր լույսի տակ, կտուգանվեն 3000 դրամի չափով։ Բացի սա, քաղաքացիները տուգանվելու են նաեւ ամրագոտին չգցելու համար։ Քաղաքացիների շրջանում չկա սահմանված կարծրատիպ՝ լավ է այս կարգավորումը, թե վատ, սակայն փաստը մնում է փաստ, որ այս կարգավորումներից եւ՛ դժգոհողներ կան, եւ՛ սատարողներ։ Ստացվում է, որ, այնուամենայնիվ, հեղափոխությունից 5 տարի անց քաղաքացին դարձավ տուգանքի մատերիալ եւ բոլոր հնարավոր տարբերակներով եւ՛ հարկվում է, եւ՛ տուգանվում։ Այս ամենի դիմաց Հայաստանում չի բարձրանում միջին աշխատավարձի շեմը, եւ չի ավելացվում աշխատատեղերի քանակը, իսկ քաղաքացիներն անդադար հարկվելու են եւ տուգանվելու։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

«ԶՎԱՐԹՆՈՑ»-Ը՝ ՀԱՅԿԱԿԱՆ

«Հայաստանի դիրքորոշումը այն է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայությունն ամբողջությամբ պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվում է ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դուրս բերելու հարցը։

«Հայաստանը այս հարցում հստակ դիրքորոշում ունի եւ այդ հստակ դիրքորոշման մասին Ռուսաստանի Դաշնությանը տեղյակ պահել է պաշտոնական նամակով։

Հայաստանի դիրքորոշումն այն է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայությունը պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը»,- ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե ինչու այդպիսի անհրաժեշտություն առաջացավ, Գրիգորյանը պատասխանեց, որ Հայաստանը անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություն է ձեռք բերում, եւ այս պահին Հայաստանը ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար։

Ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք էր հայտնել, որ ճիշտ կլինի՝ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից:

Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել է, որ  Ռուսաստանին հայտնի չէ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին Երեւանի կողմից ընդունված որեւէ որոշում:

 

 

 

 

ՓՈԽՇԱՀԱՎԵՏ Է

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները կհաղթահարվեն, եւ ընդգծել, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը միանգամայն փոխշահավետ է:

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը՝ «Գիտելիք. առաջինները» ուսումնակրթական մարաթոնում ունեցած ելույթից:

«Ամենամոտ հարեւանները կարող են ունենալ մի շրջան, երբ հարաբերությունները կարող են սրված լինել, սակայն դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, ինչը մենք ունենք մեր կողմից, կառուցողականություն եւ հեռատեսություն, երկու երկրների ղեկավարների քաղաքական հեռատեսությունը. մենք դա եւս ունենք։ Ուստի, վստահ եմ, որ այս բոլոր դժվարությունները կանցնեն, Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը միանգամայն փոխշահավետ է», – նշել է Պեսկովը։

 

 

 




Լրահոս