Ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձանց եւ նրանց կողմնակիցների կողմից Երեւան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում 2023թ. նոյեմբերի 17-ին կատարված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի՝ Վ.Ա.-ի նկատմամբ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործով, դատարանի որոշմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցությամբ կիրառվել էր գրավը եւ բացակայելու արգելքը։
Արդյունքում վերջինս, ազատ արձակվելով կալանքից, շարունակել է գործել իր կողմից սահմանված եւ ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին եւ դրանց իրացման ձեւերին։
Մասնավորապես, 2023թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ակտիվ մասնակից Մ. Շ.-ի եւ ինքնությունները դեռեւս չպարզված մի քանի այլ անձանց հետ մասնավոր հարցերին առնչվող վեճը լուծելու եւ հավասար հիերարխիկ կարգավիճակ ունեցող Ա.Մ.-ի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով Երեւան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում բռնություն եւ անօրինական այլ գործողություններ են կատարել. փոխադարձ հարվածներ են հասցրել եւ քաշքշել միմյանց։
Բացի այդ, պարզվել է, որ Վ.Ա.-ն եւ Մ. Շ.-ն ապօրինի կերպով ձեռք են բերել եւ պահել «տM» /Մակարով/ մոդելի ատրճանակ՝ փամփուշտներով՝ նախատեսված «տM», «AտC», «ըՈռՍՈս 442» մոդելի ատրճանակից եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար, իսկ Վ.Ա.-ն՝ նաեւ առանձնապես խոշոր չափի՝ 1,38 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որոնք հայտնաբերվել են վերջինիս անձնական, ինչպես նաեւ ավտոմեքենայում կատարված խուզարկություններով։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ Վ.Ա.-ին, մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Վերջինիս կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից Մ.Շ.-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար։
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձի եւ նրա կողմնակիցների գործողություններին իրավական գնահատական տալու մասով նախաքննությունը շարունակվում է։
ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի անակնկալ հրաժարականից հետո դատական համակարգում հրաժարականները շարունակվում են:
Երեկ, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա՝ դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները:
Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից՝ հավելելով, որ դատական օրենսգրքով նախատեսված կարգով՝ Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարում են նաեւ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, դատավոր Արշակ Վարդանյանի անակնկալ հրաժարականը նույնպես նախապատմություն է ունեցել: Դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արշակ Վարդանյանի հրաժարականին դեռ շատ գործընթացներ են հետեւելու, իսկ թե ինչ, դժվար չէ կանխատեսել: Իսկ ի՞նչ է կատարվում դատական համակարգում. ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ուշագրավ գրագրություն է ի հայտ եկել, որտեղ վերոնշյալ դատավորները կոնկրետ անուններ են շոշափել, ու դատավորներից մեկը այդ գրագրությունը հասցրել է քաղաքական իշխանություններին, ինչից հետո էլ դատավորներին ազատման դիմում են գրում ու հեռանում համակարգից: Իսկ թե դատավորներից ով է դատական համակարգի ներքին խոսակցությունները հասցրել իշխանություններին ու դատավորներին փաստի առաջ կանգնեցրել, կիմանաք՝ հետեւելով մեր հրապարակումներին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՎՏՈՎԹԱՐ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ
Մարտի 6-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Վարդենիկ-Զոլաքար ավտոճանապարհի՝ Վարդենիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «BMW» եւ «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպիք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաեւ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաեւ ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի եւ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Մինչ ոստիկաններն ու պարեկները վթարի վայրը սահմանազատել եւ սպասում էին քննչական խմբին, հիվանդանոցից ոսիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի եւ վիրավորներների ինքնությունը:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ «Opel»-ի մեջ եղել են 5 հոգի, որոնք ընտանիքի անդամներ են, եւ մահացածը նշված ընտանիքի անդամներից մեկն է:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։