ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԱԿԱՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Բելգիայի Թագավորությունում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Արժեքների եւ թափանցիկության հարցերով հանձնակատար Վեռա Յուրովայի հետ։

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը։

Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության կողմից արդարադատության ոլորտին տրամադրված զգալի աջակցության համար, որն ուղղված է ժողովրդավարության, մարդու իրավունքների երաշխավորման եւ օրենքի գերակայության վրա հիմնված կառուցակարգերի զարգացմանը։ Նախարարը նաեւ բարձր է գնահատել Եվրոպական հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը եւ վերջիններիս Հայաստան իրականացրած փաստահավաք առաքելության այցը։ Գրիգոր Մինասյանն ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունն առավել խորացնելու ԵՄ հանձնառությունը եւ հավելել, որ Գործընկերության նոր օրակարգի ընդունումն արդարադատության ոլորտում առկա սերտ համագործակցության ընդլայնման կարեւոր խթան կհանդիսանա։ Արդարադատության նախարարը նաեւ անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով համատեղ հայտարարությանը, որով վերահաստատվել է մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը եւ ժողովրդավարական սկզբունքներին, ատելության խոսքի եւ ապատեղեկատվության դեմ պայքարում ՀՀ-ԵՄ համատեղ հանձնառությունը։ Գրիգոր Մինասյանը ներկայացրել է նաեւ դտաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումները, անդրադարձել հակակոռուպցիոն ոլորտում ՀՀ առաջընթացին ու միջազգային ցուցանիշներում գրանցած հաջողություններին։

Կողմերը քննարկել են ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտին ու զանգվածային լրատվամիջոցների գործունեության կարգավորմանն ուղղված օրենդրական նախաձեռնությունները։

Գրիգոր Մինասյանը, անդրադառնալով զանգվածային լրատվության մասին օրենսդրության լրամշակման գործընթացին, մատնանշել է, որ նախագիծն ուղղված է նաեւ ԶԼՄ ինքնակարգավորման համակարգի ներդրմանը՝ եվրոպական առաջադեմ փորձառությանը համապատասխան։ Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության բարեփոխումների մասին` Գրիգոր Մինասյանը նշել է, որ Կառավարության համապարփակ քաղաքականությունն իրականացվում է նաեւ ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Իրավահավասարության ապահովման մասին» եւ «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքների նախագծերի մշակման գործընթացին՝ ընդգծելով, որ նախագծերը մշակվել են ներառական ու մասնակցային եղանակով՝ հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավմամբ։ Նախարարը գործընկերոջն է ներկայացրել նաեւ միջազգային կոնվենցիոն մեխանիզմներին ՀՀ անդամակցության գործընթացներն ու վերջին զարգացումները։

Վերա Յուրովան բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի կառավարության եւ մասնավորապես Արդարադատության նախարարության ջանքերը։ Նա կարեւորել է բարեփոխումների նախաձեռնություններն ու դրանց մշակման գործընթացների թափանցիկությունը եւ ներառականությունը։ Խոսելով ԶԼՄ ոլորտի կատարելագործման եւ ապատեղեկատվության դեմ պայքարի անհրաժեշտությունից՝ Վերա Յուրովան անդրադարձել է Տեսալսողական մեդիայի կարգավորմանն ուղղված ԵՄ դիրեկտիվին եւ ընտրություններին ընդառաջ ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ անձամբ Հանձնակատարի կողմից իրականացվող քարոզարշին։ Այս համատեքստում տիկին Յուրովան ՀՀ-ին աջակցելու պատրաստակամություն է հայտնել՝ ԵՄ առկա գործիքակազմերի շրջանակներում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանն ու իարվունքի գերակայության ապահովմանը, եվրոպական լավագույն չափանիշներին համահունչ ԶԼՄ ոլորտի կատարելագործմանն ու ապատեղեկատվության դեմ պայքարին։

 

 

 

 

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 5-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։

 

Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարել անձամբ իր եւ աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման եւ վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։ Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին եւ դերակատարներին։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել կանանց իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը, կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի իրականացման մանրամասներին, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու հարցին:

Պաշտպանը ներկայացրել է խտրականության, անհանդուրժողականության, ատելության խոսքի դեմ պայքարի, հավաքների ազատության իրավունքի եւ մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պաշտպանի աշխատակազմի եւ Եվրոպայի Խորհրդի միջեւ ձեւավորված երկարամյա եւ արդյունավետ համագործակցության մակարդակը եւ նախանշել փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները:

 

 

 

ԳՅՈՒՂԵՐ՝ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ 31 ոչ անկլավ հանդիսացող գյուղերի կենսական տարածքները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ, սակայն Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել օկուպացիայի փաստը։ Կառավարության ներկայացել է վերոհիշյալ 31 բնակավայրերի ցանկը, սակայն այն թերի է։ Մանրամասնենք Տավուշի մարզի օրինակով։ Կառավարության ներկայացրած 31 գյուղերի թվում Տավուշի մարզից ներկայացված է 9 գյուղ, որոնք Բերդ եւ Իջեւան խոշոր համայնքների սահմանամերձ բնակավայրեր են. Նոյեմբերյան խոշոր համայնքի այն գյուղերը, որոնց տարածքները գտնվում են Ադրբեջանի զինուժի վերահսկողության ներքո, կառավարության ներկայացրած 31 բնակավայրերի թվում չկան։ Մինչդեռ, Նոյեմբերյան խոշոր համայնքի սահմանամերձ Կոթի գյուղի տարածքներից  մոտ 1000 հեկտար հողեր շուրջ 30 տարի գտնվում են  ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ կամ փաստացի չեզոք գոտի դարձած հատվածում։ Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան գյուղի վարելահողերի մի զգալի մասը ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ է։ Նմանապես Բերդավան, Դովեղի գյուղերից մեծ տարածքներ  արդեն երեք տասնամյակ Ադրբեջանի զինուժի  վերահսկողության ներքո են։

 

 

 

ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք արել՝ հարցնելով, թե 2024 թվականին Տավուշի մարզում պետական ֆինանսավորմամբ մշակութային ինչ միջոցառումներ են  նախատեսված։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով ընթացիկ տարում «Դիլիջանի Հովհանես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը կիրականացնի «Պարատոն» միջահամայնքային մշակութային փառատոն, Իջեւանի ««Ավանդույթ» երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ը կիրականացնի « Վարդավառ» զանգվածային միջոցառումը, «Կողբի գեղարվեստի դպրոց»  ՀԿ-ն կիրականացնի երիտասարդ նկարիչների ցուցահանդես-փառատոն, «Բերդի մշակույթի կենտրոն» ՄՀԿ-ն կկազմակերպի միջհամայնքային մշակութային փառատոն։ Ինչպես ակնհայտ է նախատեսված մշակութային միջոցառումների ցանկից, այս տարի նախատեսված է պետական ֆինանսավորմամբ մարզի 4 խոշոր համայնքներից յուրաքանչյուրում՝ Նոյեմբերյանում, Իեւնում, Բերդում, Դիլիջանում կազմակերպել մշակութային մեկական միջացառում։ Տավուշի մարզում պետբյուջեի միջոցներով յուրատեսակ մշակութային համահարթեցում է կատարվելու։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս