Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում Միասնական սոցիալական ծառայության կողմից արդեն կա շահառուի 535 հաստատված հայտ։ Նշվածից 288 հայտի պարագայում արդեն իրականացվում է վարկավորման փուլը, եւ շուտով կլինեն շահագործման հանձնված տներ։ Հաստատված հայտերն, ըստ մարզերի, բաշխվել են հետեւյալ կերպ՝ Արարատի մարզում հաստատվել է 67 շահառուի հայտ, Գեղարքունիքի մարզում՝ 24, Սյունիքի մարզում 71, Վայոց ձորի մարզում՝ 67. առաջատարը Տավուշի մարզն է, այստեղ հաստատվել է 306 ընտանիքի հայտ։ Ծրագրի շահառուները հնարավորություն ունեն հիփոթեքային վարկավորմամբ կառուցել իրենց տունը սահմանամերձ գյուղական բնակավայրում պետության աջակցությամբ՝ 16 մլն դրամի շրջանակում։
Մեկնարկային փուլի համեմատ՝ տարեսկզբից նկատվում է ծրագրի նկատմամբ բավական հետաքրքրություն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ մարզային այցերի ընթացքում քաղաքացիների արձագանքը, նրանցից ստացված զանգերը խոսում են այն մասին, որ գնալով պահանջարկը մեծանում է։ Թերեւս, պահանջարկով պայմանավորված՝ կառավարությունը որոշում կայացրեց ծրագրի ժամկետը երկարաձգել մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ծրագիրը բարելավելու համար օրերս կատարվել են մի քանի փոփոխություններ եւս։
«Ծրագրի պարտադիր պայման է, որ շահառուներն ունենան գրանցված ամուսնություն։ Եթե նախկինում հաշվի էր առնվում միայն Հայաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը, ապա նոր փոփոխությամբ հաշվի է առնվում նաեւ օտար երկրում գրանցված ամուսնությունը։ Այս դեպքում անհրաժեշտ է ամուսնության վկայականի նոտարական վավերացմամբ թարգմանություն, հյուպատոսական վավերացում»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է բավարարել երկու պայմանի՝ ունենալ գրանցված ամուսնություն, եւ ամուսիններից առնվազն մեկն ունենա ՀՀ քաղաքացիություն։ Վերջիններս կարող են ծրագրից օգտվել, եթե ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրում, շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն, նախագիծ/նախահաշիվ։ Ի դեպ, Քաղաքաշինության կոմիտեի կայքում կան նախատիպային նախագծեր, եւ քաղաքացիները կարող են օգտվել նաեւ այդ տարբերակից։ Գայանե Ղարագյոզյանը հիշեցրեց, որ ծրագրի շահառու դառնալ ցանկացող քաղաքացիները նաեւ պետք է չունենան վատ վարկային պատմություն։
Նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ծրագրից կարող են օգտվել նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները, եթե ամուսիններից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից արդեն հայտեր ստացվում են։
Մինչ այժմ կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնականում ծրագրից օգտվելու համար դիմում են երիտասարդ, ինչպես նաեւ բազմազավակ ընտանիքներ։
ԿՆԵՐԴՐՎԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ
Հայաստանում կներդրվի բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմ դատավորների, դատախազների եւ քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ կից օրենքների փաթեթը քննարկվել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում։
Կառավարությունն առաջարկում է իրականացնել մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են բարեվարքության ստուգման գործող կառուցակարգերի աստիճանական զարգացմանը, ինչպես նաեւ նոր ինստիտուտների ներդրմանը։ Նախագծով նախատեսվում է վերանայել բարեվարքության ուսումնասիրության ներկայիս կառուցակարգերը, ներկայացվող տեղեկատվության շրջանակը, ինչպես նաեւ ներդնել 30 նոր կարգավորումներ՝ ուղղված դատավորների, դատախազների եւ քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրությունն ապահովելուն։ Այսպիսով, դատավորների, դատախազների եւ քննիչների համար կնախատեսվեն բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության կառուցակարգեր:
«Մենք չենք ունենալու որեւէ սուբյեկտ դատախազությունում, Քննչական կոմիտեում կամ դատարաններում, որի բարեվարքությունը երբեւիցե չի ստուգվել։ Սա կարեւորագույն հակակոռուպցիոն էլեմենտներից մեկն է, որը ներդնում ենք օրենսդրության մեջ։ Ողջունելի են նաեւ այլ կարգավորումները, մասնավորապես՝ թե ինչ է տեղի ունենում, երբ անձին տրվում է բացասական եզրակացություն, ինչպես է դա հանգեցնում համապատասխան ծառայողական քննությանը, ինչ պարագաներում եւ ինչ չափանիշներից ելնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է տալ բացասական եզրակացություն։
Նախագծով ամփոփում ենք դատավորների եւ դատաիրավական մարմինների բարեվարքության այն ոդիսականը, որը սկսվել էր դեռեւս 2019 թվականին՝ չբացառելով, որ հետագայում եւս լրացուցիչ փոփոխություններ կարող ենք անել այն նախագծերում, որոնք ավելի կընդգծեն հակակոռուպցիոն ռազմավարությունը»,- ընդգծեց ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
ԻՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչները փակել են Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածը:
Մարտունու շրջանի բնակիչները դժգոհում են գյուղական արտադրանքի, մասնավորապես՝ կարտոֆիլի եւ կաղամբի իրացման խնդիրներից։
«Առջեւում ամառ է, ապրանքը սկսել է փչանալ: Համայնքապետարանից պահանջում ենք ինչ-որ քայլեր ձեռնարկել ապրանքը իրացնելու համար. եթե մի քիչ էլ սենց մնա, սաղ ապրանքը կփչանա, կթափենք»,-ասում է Մարտունու բնակիչներից մեկը:
ArmLur.am-ը կապ հաստատեց Զոլաքարի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանի հետ իրավիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով. «Մեր համայնքի ղեկավարը մարզպետի հետ դիմել է կառավարության անդամների, այդ հարցով աշխատանքներ են տանում, որ մթերում կազմակերպվի. թե ինչ պատասխան կլինի, դեռ պարզ չէ, սպասում ենք պատասխանի»:
Նրա խոսքով՝ հավաքը մի քանի րոպե է եղել, որից հետո ճանապարհը բացվել է:
«Մարդկանց բացատրել ենք, որ այդ հարցով զբաղվում ենք, նախարարության հետ պայմանավորվել ենք, որ այդ հարցին լուծում տան»,-ասաց վարչական ղեկավարը:
ArmLur.am-ը համայնքապետի հետ զրույցից հետո կապ հաստատեց մեկ այլ բնակչի հետ, ով մասնակցել է հավաքին, որն էլ ասաց. «Ոնց որ մեզ են խաբում, տենց էլ ձեզ են խաբում: Միտինգը 3-4 ժամ է տեւել, ի՞նչ րոպե»:
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ՝ ԱՆԲԱՐԵԿԱՐԳ
ArmLur.am-ը վերջին շրջանում հաճախ է ահազանգեր ստանում Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչներից, որ քաղաքի հիվանդանոցն անբարեկարգ վիճակում է։
Թալինի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Դեռ հիվանդանոց չմտած՝ արդեն իսկ կարելի է ասել, որ հասկանում ես, թե ինչ վիճակ է լինելու ներսում։ Փողոցից երբ մտնում ես հիվանդանոցի բակ, ձմռանը ամբողջովին ցեխ է դրսում, ու ոչ մի հարմարություն չկա, որ հասնես մինչեւ հիվանդանոցի մուտք։
Մուտքի դռները ժանգոտված են, հիվանդասենյակի դռները վատ վիճակում են, ինչպես նաեւ ժանգոտված ու ներկերը թափված են։ Սարքավորումներ նորմալ չկան, հարմարություններ չկան։ Պալատներում պատուհաններին ամրացված են տոպրակներ, որ ձմռանը ցուրտ չլինի, ջեռուցումը շատ թույլ է։ Պետքարանների մասին խոսք չկա, մի այլ տիպի ահավոր է ներսում, ինչ ասես կա ու ահավոր կեղտոտ»:
Բնակչի խոսքով՝ 2021 թվականից հիվանդանոցում վերանորոգում է իրականացվում, որը մինչեւ հիմա անավարտ է:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Թալինի համայնքապետարանի հետ. մեզ խոստացան հետադարձ կապ հաստատել, սակայն այդպես էլ մեկնաբանություն չստացանք:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ