Սնվելը կյանքի կենսական պահանջ է, որը մարդուն թույլ է տալիս էներգիա հավաքել եւ ապրել, սակայն պետք է նկատի առնել, որ սնվելը միայն գործողություն չէ. մենք բոլորս ապրում ենք հասարակությունում, որտեղ կարեւոր են նաեւ պահվածքն ու վարվելակերպի կանոնները: «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում խոսելու ենք սեղանի շուրջ պահանջվող վարվելակերպի կանոնների մասին, որոնք իմանալը դեռեւս բավարար չէ:
Պետք է դրանք ճիշտ կիրառել հանդիպումների, երեկույթների եւ հյուրասիրությունների ընթացքում: Ցանկացած վայր ներկայանալիս նախ պետք է չուշանալ կամ պահպանել առավելագույնը 15 րոպե ուշանալու կանոնը: Երբ նստած եք սեղանի շուրջ, ապա հիշե՛ք, որ պետք է լինել զուսպ, ուտելու ընթացքում ծամել բերանը փակ՝ առանց խոսելու: Պատառաքաղը պետք է լինի ափսեի ձախ, իսկ դանակն ու գդալը՝ աջ կողմում, եւ համապատասխանաբար սնվելիս դանակը պետք է բռնել աջ, իսկ պատառաքաղը՝ ձախ ձեռքով: Պատառաքաղով, դանակով կամ գդալով խաղալը անքաղաքավարության նշան է: Բաժակը պիտի լինի ափսեի վերին աջ անկյունում, հացի ամանը՝ վերին ձախ անկյունում: Եթե հյուրեր դուք եք ընդունում, ապա հիշեք, որ նախ սեղան են նստում հյուրերը՝ կանայք, ապա՝ տղամարդիկ, եւ միայն վերջում՝ երեխաները: Եթե սեղանը այնքան էլ մեծ չէ, ապա կարող եք երեխաների համար առանձին սեղան պատրաստել մեծ սեղանի կողքին: Սնվելիս պետք է այնպես անել, որ հյուրերից շուտ չավարտեք, քանի որ այդպիսով հյուրերը նույնպես դադարում են ուտել: Երբ հյուրասիրում եք ինչ-որ բան, եւ հյուրը չի ցանկանում, ապա պնդել պետք չէ: Եթե ինքներդ եք հյուրընկալվել, եւ ձեզ առաջարկում են սնունդ, որը չեք ցանկանում ուտել, ապա դրանից հրաժարվեք քաղաքավար ձեւով՝ առանց բացասական մեկնաբանությունների: Հիշե՛ք, գինին միշտ հյուրասիրում է սեղանի շուրջ նստած հյուրընկալող տղամարդը, իսկ ռեստորանում՝ մատուցողը: Ըմպելիս բաժակը պիտի լինի առավելագույնը Ձեր դեմքի բարձրությանը՝ հայացքին զուգահեռ. այն պետք է բռնել բաժակի պոչից, քանի որ ձեռքի տաքությունից խմիչքը կարող է տաքանալ: Երբ զրույցի ընթացքում գինու բաժակը տղամարդու ձեռքում է, ապա այն պետք է ցածր լինի կնոջ գինու բաժակից: Սեղանի շուրջ նստելիս անձնական իրերը՝ հեռախոս, բանալի, դրամապանակ, չի կարելի դնել սեղանի վրա: Ձեռքերը սեղանին հենելիս պետք է արմունկները սեղանից ցածր պահել եւ հեռախոսով չզբաղվել: Երբ սնվելն ավարտում եք սնվելու համար նախատեսված պարագաները պետք է դնել ամանի մեջ: Ռեստորանում նախաճաշելիս, ճաշելիս կամ ընթրելիս պատվիրեք այնքան սնունդ, որքան կարող եք սպառել. սնունդը սեղանին թողնելն ու դուրս գալը ճիշտ չէ. չէ՞ որ աշխարհում բազմաթիվ մարդիկ ցամաք հացի խնդիր ունեն: Բացի այդ, դուք այդպիսով անարգում եք ճաշը պատրաստողներին: Երբ ավարտում եք սնվելը, սեղանից կոկիկ հեռացե՛ք: Վեր կենալիս տղամարդը պիտի հիշի, որ կարող է կանգնել միայն այն ժամանակ, երբ կինն արդեն ավարտել եւ վեր է կացել տեղից:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են ելույթները օլիմպիական վարկանիշային մրցաշարում:
71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթանակով մեկնարկեց Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Հայ բռնցքամարտիկը գերազանցեց մոլդովացի Վասիլի Ցեբոտարիին:
Մարտի 6-ին իրենց առաջին մենամարտերը կանցկացնեն Ռուդոլֆ Գարբոյանն ու Դավիթ Չալոյանը։ Գարբոյանի մրցակիցը Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վինն է, իսկ Չալոյանը կփորձի հաղթահարել կանադացի Ալեքսիս Բարիեռիի արգելքը։
Ավելի վաղ ռինգ էին դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Երկու բռնցքամարտիկներն էլ գրագետ մենամարտ են անցկացրել ու 5:0 հաշվով հաղթել իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության էր հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ էր Կանադան ներկայացնող Կեւեն Բեասեջոուրից:
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՌՕՐՅԱ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները:
Ֆրանսիական ՊՍԺ-ն, արտագնա խաղում մրցելով «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ, առավելության հասավ Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ, իսկ իսպանական ակումբից գոլը խփեց Մերինոն` «Ռեալ Սոսյեդադ»-ՊՍԺ` 1:2:
Օրվա մյուս խաղում «Բավարիա»-ն երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Լացիո»-ի դարպասը: Գերմանական ակումբից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը եւ մեկ գոլ էլ խփեց Թոմաս Մյուլլերը: «Բավարիա»-«Լացիո»`3:0:
ՊՍԺ-ն եւ «Բավարիա»-ն շարունակում են պայքարը Չեմպիոնների լիգայում:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում մարտի 6-ին կկայանան «Ռեալ»-«Լայպցիգ», «Մանչեսթեր Սիթի»-«Կոպենհագեն» հանդիպումները:
ՊԱՏՎԻՐԱԿ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
ՈՒԵՖԱ-ում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնող պատվիրակների թիվն ավելացել է եւս մեկով:
Այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ մարտի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայի «Լետնա» մարզադաշտում կայանալիք «Սպարտա Պրահա»-«Լիվերպուլ» հանդիպման ՈՒԵՖԱ-ի մեդիա պատվիրակ (UEFA Venue Media Manager) է նշանակվել ՀՖՖ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ, ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը: