Լուսանկարը՝ համացանցից
ՌԴ-ում տղամարդը 5-րդ հարկում գտնվող բնակարան ձի է բերել՝ կնոջը Մարտի 8-ի առթիվ շնորհավորելու համար:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` եթե ՀԿ-ն ֆիզիկական անձին կրթաթոշակ է տալիս, արդյոք եկամտային հարկի պարտավորություն առաջանում է, թե ոչ:
Մանվել Սիրադեղյան (52 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 18 կետի համաձայն` նվազեցվող եկամուտներ են համարվում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգեւոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմից վճարված կրթաթոշակները, ինչպես նաեւ այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ նշված հոդվածի 1-ին մասի 14-րդ եւ 15-րդ կետերում նշված կազմակերպությունները:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն` ՀԿ-ի կողմից ֆիզիկական անձին նշանակված կրթաթոշակը նվազեցվող եկամուտ է հանդիսանում, եւ եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում:
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Հաշմանդամ երեխային կամ 1-ին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակաշրջանը հաշվառվո՞ւմ է աշխատանքային ստաժում: Եվ կցանկանայի նաեւ տեղեկանալ` երեխային խնամելու ժամանակահատվածը ինչպես է հաշվառվում աշխատանքային ստաժում:
Երանուհի Հակոբյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ աշխատանքային uտաժի առկայության դեպքում հաշմանդամ երեխայի խնամակալության ժամանակաշրջանը մինչեւ երեխայի 18 տարին լրանալը կամ առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակաշրջանը հաշվառվում է ծնողի, որդեգրողի, խնամակալի աշխատանքային ստաժում, եթե նա ունի խնամարկյալի հաշմանդամության ժամանակահատվածը հաստատող տեղեկանք, իսկ խնամակալի դեպքում` նաեւ խնամակալ ճանաչված լինելու եւ խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքներ, սակայն տասը տարուց ոչ ավելի` մինչեւ կենսաթոշակ նշանակելն ընկած ժամանակահատվածում:
Սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաեւ ծնողներից մեկի` մինչեւ յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի: Մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային ստաժ` բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, oր) մինչեւ 6 ամսվա (180 oրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իuկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ: