ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ՝ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏՈ՞ՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել է՝ Թուրքիան հայ-թուրքական սահմանի Ջանֆիդայի հատվածում հրետանի ու ականանետ է տեղադրել:

 

Ըստ նրա՝ հարձակողական տեսակի այս զենքերը գյուղացիներն իրենց աչքով են տեսել:

-Պարո՛ն Պողոսյան, կխնդրեմ անդրադառնաք Ձեր ֆեյսբուքյան մի ուշագրավ գրառմանը. Դուք հայտարարել եք, որ Թուրքիան հայ-թուրքական սահմանի Ջանֆիդայի հատվածում հետանի է տեղադրել: Կխնդրեմ մանրամասներ ներկայացնել՝ Ձեզ որտեղից այդ տեղեկությունը:

-Մինչ Հայաստանի, այսպես ասած, դիվանագետները՝ Միրզոյան Արարատի, Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ, Անթալիայում ծովն էին վայելում եւ սուտ տեղեկություններ էին տարածում, թե ամեն ինչ լավ է, այդ ընթացքում, այո՛, Ջանֆիդայիի հատվածում՝ դեպի Մարգարա, տեղադրվել են անվավոր հրետանիներ եւ 120 տրամաչափի ականանետեր, ինչը լուրջ մտորումների տեղիք է տալիս, որովհետեւ  սրանք հարձակողական զենքեր են, սրանք սահմանապահների զենքեր չեն: Իրենք շատ մոտ են տեղադրված, եւ նաեւ  գյուղացիներն են կարողացել տեսնել, այն գյուղացիները, որոնք նեյտրալ հատվածում հող են մշակում: Սա իսկապես շատ մտահոգիչ է: Տեսեք, սահմանապահի գործառույթների մեջ մտնում է խախտումները վերացնելը կամ ձերբակալելը, եւ իրենց ընդամենը պետք է ավտոմատ, մի քանի տեսախցիկ. դա այլ գործողություններ է ենթադրում: Ականանետով երբեք սահմանախախտ չեն բռնելու, ականանետը ներխուժելու համար է: Սրանք ինչ են պայմանավորվել՝ դժվար է ասել, բայց այն ֆոնին, երբ այստեղ փորձում են ռուս սահմանապահներին հեռացնել «Զվարթնոց» օդանավակայանից, երբ այստեղ հակառուսական տարատեսակ պրոպագանդա է գնում, այսինքն՝ այդ պրոպագանդան նաեւ անցել է որոշակի գործողությունների, Թուրքիան արդեն հարձակողական զենքեր է տեղադրում: Սա դեռեւս մոտիկ հատվածն է, որը կարելի է ոչ պրոֆեսիոնալ հեռադիտակով էլ տեսնել, իսկ ավելի հեռվում ինչ է տեղադրված, ինչ է կատարվում, ես, ցավոք սրտի, չունեմ հնարավորությունը տեսնելու, բայց վստահ եմ, որ այս իշխանությունները ունակ են սեփական լափամանը պահելու համար գնալ այնպիսի մի սադրանքների, որը կբերի նաեւ հայ-թուրքական բախման, գուցե ռուս-թուրքական բախման:

-Պարո՛ն Պողոսյան, բայց այս ամենը իսկապե՞ս հարձակման նպատակով է, ըստ Ձեզ, արվում, թե՞ հանրության մոտ խուճապ առաջացնելու:

-Իրենք երբ որ տեղադրել են այդ հրետանային զենքերը, իրենք դրա մասին չեն հայտարարել, հետեւաբար այստեղ խուճապի խնդիր չկա. սա խոսում է ինչ-որ բան նախապատրաստելու մասին: Ձեզ կխնդրեմ՝ փորձեք Դուք նաեւ հարցադրումներ անել մեր ԱԱԾ-ին, ռուս սահմանապահներին, թող իրենք տան որոշակի պարզաբանում: Ես վստահ եմ՝ իրենք չեն կարողանա այս փաստը հերքել՝ ո՛չ ռուս սահմանապահները, ո՛չ մեր ԱԱԾ-ն. իրենք երկուսն էլ պարտավոր են մեզ ներկայացնել որոշակի պարզաբանում:

-Այսինքն՝ կարծում եք՝ սա նաեւ փոխկապակցվա՞ծ է վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների հետ, այսինքն՝ սա հակաքա՞յլ է:

-Թուրքիայի սահմանադրության մեջ կա հստակ կետ, որ հարեւան երկրներից որեւէ մեկում եթե լինում են ներքին որոշակի խժդժություններ կամ անկայունություններ, ինքը իր սահմանադրությամբ իրավունք ունի զորք մտցնել այդ երկրի տարածք, որպեսզի իր երկրի անվտանգությունը ապահովի, այսինքն՝ այսօր Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, իր թուրք տերերին խոստացել է այստեղ որոշակի անկայունություն ստեղծել, որպեսզի ռուսական զորախումբը կարողանա հանել, եւ արդյունքում հավանական է, որ Արարատյան դաշտ կմտնեն թուրքական զորքերը, որոնք խելոք այնտեղ կնստեն եւ կասեն, որ եկել են իրենց երկրի անվտանգությունը ապահովելու:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

«ԲՈԼՈՐԸ ՊՈՒՊՈՒՇԻԿ ԻՐԵՆ ՍԻՐՈ՞ՒՄ ԵՆ»

Նախօրեին՝ ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է, որ Արեւմուտքի կողմից ոչ մի պարտադրանք չկա, եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի կողմից ոչ ոք չի փչացրել։

 

«Մեզ հաճախ մեղադրում են, որ մեր պատճառով է Հայաստան-Ռուսաստանի հարաբերությունները փչացել, բայց եկեք ավելի մեծ պատկերի մեջ դնենք ու փորձենք հասկանալ՝ արդյոք Ռուսաստանն իր հարաբերությունները այլ երկրների հետ էլ է փչացրել: Եթե նայենք, կտեսնենք, որ բազմաթիվ Հայաստանի նման օրինակներ կան, միայն Հայաստանը չէ: Ռուսաստանը միայն մեզ չի վատ վերաբերվում»,- ասել է ԱԽ քարտուղարը:

ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Թեւան Պողոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանը ինքն է փչացրել հարաբերությունները, ինքն էլ երեւի ելք գտնելու է, եւ այլ հարց է, երբ Հայաստանը իր հարաբերությունները փչացնելու դեպքում կարողանալու է արդյոք հարցը լուծել, թե ոչ։

«Ամեն երկիր իր համար է պատասխան տալու։ Ամերիկան իր համար է պատասխան տալիս. կուզի՝ կփչացնի, այսօր այդ կարողությունը ունի։ Ուզում եմ ասել՝ հիմա Ամերիկան, եթե որոշում է կայացնում, բոլորը պուպուշիկ իրեն սիրո՞ւմ են։ Թուրքիան բոլոր 4 կողմի հարեւանների հետ հարաբերությունները փչացրել է, ճի՞շտ է, բոլորի վրա հարձակվում է, իրենք էին ասում՝ 0 խնդիր, բայց չկա հարեւան, որի հետ խնդիր չունենա. մե՞նք ենք Թուրքիա գնում»,- ասաց Պողոսյանը։

Պողոսյանի խոսքով՝ ԱԽ քարտուղարը գեղեցիկ ձեւակերպում է տվել, առանց բովանդակայինը իմանալու։

«Ես շատ ուրախ կլինեի, որ այդ նույն կետում լրագրողները ասեին՝ ի՞նչ կապ ունի այսօր Ռուսաստանը, ում հետ հարաբերությունները ոնց են փչացել։ Հայաստանը իր հարաբերությունները, որ փչացնում է, հետեւանքները Հայաստանինն է լինելու։ Ռուսաստանի փչացրած հետեւանքները իրենն է»,- ասաց քաղաքագետը։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը պետք է մտահոգվի միայն իր սեփական հարաբերություններով բոլորի հետ։

«Հիմա, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները այնպիսին են, որ ինչ Ադրբեջանն ասի, Հայաստանի իշխանություններն այսօրվա գործով տեղում կատարում են, պատմությունը պատմության հետեւից է բերում են»,- ասաց քաղաքագետը։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

ՃԱՆԱՉՎԵԼ ԵՆ ԱՆՑԱՆԿԱԼԻ

Ռուսաստանի Դաշնությունում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Լին Թրեյսին մարտի 7-ին կանչվել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ, նրան ծանուցել են, որ ԱՄՆ երեք հասարակական կազմակերպություններ ճանաչվել են անցանկալի։

«Դեսպանին տրվել է պաշտոնական նոտա՝ պահանջելով դադարեցնել ցանկացած օգնություն այս ՀԿ-ների գործունեությանը»,- ասվում է Ռուսաստանի Դաշնության  ԱԳՆ-ում:

Քննարկվող կազմակերպություններն են «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդը», «Մշակութային հեռանկարները» եւ «Միջազգային կրթության ինստիտուտը»:

Նախարարությունը նշել է, որ բոլոր երեք ՀԿ-ները ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում են «հակառուսական ծրագրեր եւ նախագծեր», ինչպես նաեւ հավաքագրում են «գործակալներ»։

Ռուսաստանի Դաշնության  ԱԳՆ-ն ընդգծել է, որ երկրի ներքին գործերին միջամտելու փորձերը կոշտ կերպով կճնշվեն, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների արտաքսման եղանակով:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության  ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիմել էր Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին՝ կոչ անելով դադարեցնել ստել ռուս ժողովրդի հետ ԱՄՆ-ի մարդասիրական կապերի զարգացման կարեւորության մասին։ Զախարովայի խոսքով՝ Մոսկվայում արեւմտյան դեսպանները միջամտում են Ռուսաստանի ներքին գործերին։

 

 

 

 

ԾԱՆՈՒՑՎԵԼ Է

«Ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուսական սահմանապահների դուրսբերման հայկական նախաձեռնության մասին»,- Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել՝ իբրեւ աջակցություն նորանկախ հայկական պետականությանը: Նախատեսված է այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա, եւ երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը ամբողջությամբ կիրականացնի Հայաստանը իր պատկան մարմինների միջոցով: Եվ, ահա, հիմա մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, եւ ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին: Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, եւ հարցը այդքանով կլուծվի»,- նշեց Միրզոյանը:

 




Լրահոս