Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլեւ այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն։
ArmLur.am-ը զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու է Ադրբեջանը ոչնչացնում գերեզմանները ու դրանց մասին վկայությունները։
Հակոբյանի խոսքով՝ Ադրբեջանը իր հստակ, ծրագրավորված քաղաքականությունն է վարում, որը որեւէ կերպ այս տարիների ընթացքում չի փոխվել, եւ ավելին՝ 30 տարի շարունակ իրենք ձգտել են դա անել, բայց այդ 30 տարիների ընթացքում դրա հնարավորությունը չունենալով՝ հիմա բացառիկ հնարավորություն ունեն դա անելու։
«Նպատակը պարզ, հասկանալի ու մեկն է՝ շտապում է Ադրբեջանը, որովհետեւ հասկանում է, որ եթե հիմա փառքի ուժով ինքը Արցախում է եւ, ըստ էության, ոչ թե գրավել է, այլ օկուպացրել է Արցախը, այս անգամ՝ արդեն առանց հայերի՝ ամեն ինչ անելով, որ բռնի տեղահանումը արդեն տեղի ունենա այնպես, ինչպես իրենք ծրագրել էին, եւ, ցավոք, իրենք կարողացան անել: Հիմա արդեն հասկանում են, որ, ամեն դեպքում, իրավունքի ուժով ամեն ինչ ավարտված չէ»,- ասաց Հակոբյանը։
Մետաքսե Հակոբյանը խոսքում նաեւ նշեց, որ իշխանությունները հավերժ չեն, եւ կգա ժամանակ, որ կլինեն հաստատ ազգային ուժեր, եւ այդ ժամանակ պայքարը այլ ընթացք է ստանալու: Քանի որ այսօր զրկված ենք միջազգային ատյաններում ներկայանալուց՝ կապված մեր մշակութային ժառանգության վերացման եւ գերեզմանների քանդման վանդալիզմի հետ, Ադրբեջանը կարճ ժամանակում փորձում է վերացնել ամենը։
«Հետեւաբար իրենք ժամանակի խնդիր ունեն եւ արագ պետք է այդ ընթացքում քանդեն. իրենց խանգարող չկա, այդ մասին աղմուկ աղաղակ հանող չկա պատկան մարմիններից։ Ուստի, իրենք անում են, որպեսզի ժամանակին այն իշխանությունները, որոնք կփորձեն կամ այդ հարցը կբարձրացնեն, այլեւս կամ շատ քիչ հնարավորություն կլինի կամ ընդհանրապես չի լինի։ Դրանով պայմանավորված՝ նրանք շտապում են եւ անում են՝ հայկականության հետքը վերացնելով, որովհետեւ ամեն դեպքում դա շատ դժվար է անելը, որովհետեւ Արցախն ինքը դարեր շարունակ հայկական է եղել եւ երբեւէ չի հայաթափվել»,- ասաց Հակոբյանը։
Պատգամավորը հավելում է, որ այդ հնարավորությունը իրենց հիմա տրվել է, եւ այս պահին այդ խաչքարերը, գերեզմաններն ու դրանց մասին վկայությունները միակ ապացույցներն են, որ կան Արցախի հայկականության վերաբերյալ։
«Այս պահին աշխարհը շատ լավ հասկանում է, եւ ինչը որ անում է Ադրբեջանը, մարտահրավեր է աշխարհին, որովհետեւ, ամեն դեպքում, հավաքական Արեւմուտքը հիմնված է համամարդկային արժեքների, ժողովրդավարության վրա, եւ իրենց հիմքերը խարխլվում են նաեւ սրանով»,- ասաց պատգամավորը՝ ավարտելով զրույցը։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրած «Ժողովրդավարության դպրոց»-ն արդեն 4 օր է՝ գործում է:
ArmLur.am-ին կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը փոխանցեց, որ դպրոցում սովորելու 140-ից ավելի հայտ են ստացել:
Նրանց մի մասը ՔՊ երիտասարդական կառույցի անդամներն են, մյուս մասը՝ դպրոցում սովորելու հայտ ներկայացրած ուսանողներ:
«Ժողովրդավարության դպրոց»-ում դասավանդելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նիկոլ Փաշինյանը դպրոցում դասավանդելու է Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանություն:
ՔՊ դպրոցում ուսուցանելու են քաղաքականության տեսությանն առնչվող տարբեր հարցեր, ինչպես նաեւ կոնկրետ կուսակցության ծրագրին ու գաղափարախոսությանն առնչվող հարցեր:
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԿՀՐԱՎԻՐԻ
Երեւանի ավագանին մարտի 12-ին հերթական նիստը կհրավիրի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախնական նիստի օրակարգում 21 հարց է ընդգրկված, որոնք բոլորը չզեկուցվող են:
Այսպիսով, ավագանու նիստի օրակարգում է «Ջրային կառույցներ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հարցը:
Նշենք, որ կառույցը քաղաքապետարանի ենթակայության տակ է գտնվում:
Ըստ քաղաքապետարանի կայքում հրապարակված որոշման նախագծի՝ ավագանու այս որոշումը պայմանավորված է քաղաքային գույքի արդյունավետ կառավարմամբ եւ սպասարկմամբ, աշխատակիցների թվաքանակի օպտիմալացմամբ:
Նախատեսվում է ընկերության աշխատակիցների տեղաբաշխումը «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ենթակայության տակ, ինչը կստեղծի հնարավորություն աշխատանքների արդյունավետ իրականացման համար:
Ավագանու նիստի օրակարգում է նաեւ Երեւանի զարգացման 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին եւ Երեւան քաղաքի 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին հարցերը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՉԶԵԿՈՒՑՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Երեկ կայացավ Կառավարության մարտ ամսվա առաջին նիստը։ Նիստի օրակարգում կրկին մի շարք չզեկուցվող հարցեր էին ընդգրկված։
ArmLur.am-ը նկատեց, որ օրակարգի չզեկուցվող հարցերից մեկը Էկոնոմիկայի նախարարության նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանինն է։ Օրակարգում առկա 34 չզեկուցվող զեկույցից 5-ը Գեւորգ Պապոյանինն էր։
Նորանշանակ նախարարի զեկույցներից 2-ը ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին էին։ Մյուս երեք զեկույցները Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳԻՆԱՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու եւ արտոնությունը կիրառելու մասին էին, Կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների փոխհատուցման ծրագիրը հաստատելու եւ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու մասին։
Վերջին կետով սահմանվում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 29.8 մլն դրամ կոնյակի սպիրտի իրացման աջակցության ծրագիր միջոցառման շրջանակներում առաջացած պարտավորությունների կատարման նպատակով, քանի որ 2024 թվականի հունվար ամսին, միջոցառման 4 շահառուների կողմից ներկայացված դիմումների համաձայն, 2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում իրացված կոնյակի սպիրտի համար տրամադրվելիք աջակցությունը կազմում է 79.8 մլն դրամ, սակայն ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով միջոցառման համար նախատեսվել է 50.0 մլն դրամ:
Զեկույցի ամփոփաթերթում ներառված է հետեւյալ կետը՝ ի պատասխան բոլոր հարցերի.
«Բյուջետային տարվա սկզբին Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին գումարի հատկացումը համարում ենք ռիսկային, առաջարկում ենք զերծ մնալ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը որպես ֆինանսավորման աղբյուր դիտարկելուց եւ նախագծով պահանջվող գումարի ֆինանսավորումը դիտարկել նախարարությանը հատկացված միջոցներից վերաբաշխումների ճանապարհով՝ առաջնահերթությունների վերանայման համատեքստում»:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ