ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. Արցախի հայաթափումից հետո 100 հազարից ավելի քաղաքացիներ նախնական շրջանում բնակություն են հաստատել ինչպես Հայաստանի տարբեր մարզերում, այնպես էլ Երեւանում: Բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել էր 3 սոցիալական աջակցության ծրագրեր՝ առաջնային կարիքների բավարարման համար միանվագ 100 հազար դրամ աջակցություն, կոմունալ ծախսերի եւ ժամանակավոր կացարանների վարձավճարների համար վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցություն, սպառողական ծախսերի համար երկամսյա 50 հազար դրամ աջակցություն: Աջակցությունները տրամադրվել են քաղաքացիներին՝ ելնելով որոշակի սահմանափակումներից: Այսինքն՝ այն անձինք, որոնք ունեցել են սեփականություն եւ բանկային քարտում 2 միլիոն եւ ավելի գումարը, ապա նրանց աջակցություն չի տրամադրվել:

 

ArmLur.am-ին բռնի տեղահանված արցախցիները հայտնում են իրենց դժգոհությունները Կառավարության որոշումներից եւ մշակված ծրագրերի գործընթացից: Բռնի տեղահանված անձինք դժգոհում են, որ աջակցություններից օգտվելու համար դիմում-հայտերի լրացումները բավականին շփոթմունք է առաջացրել շատերի մոտ: Ոմանց չի հաջողվել լրացնել հայտը, ոմանց հաջողվել է լրացնել ու ստանալ պատասխան հայտի լրացման հաստատման մասին, սակայն գումարը ստանալու ժամանակ իմացել են, որ տեխնիկական խնդիրների պատճառով իրենց դիմումը եւս չի ընդունվել, մի մասն էլ անգամ չի իմացել, որ նորից պիտի դիմում լրացնի՝ աջակցության շահառու դառնալու համար: Արցախի քաղաքացիները իրենց դժգոհությունն են հայտնում, որ ստեղծված պայմաններում տրված գումարները շատ քիչ են բնակարանային, կոմունալ եւ ամենօրյա ծախսերը հոգալու համար: Հայտնի է, որ ապրիլի սկզբին կդադարի արդեն բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող 40+10 հազար դրամական աջակցությունը, որից հետո էլ Կառավարությունը որոշակի սահմանափակումներով է սոցիալական աջակցություն տրամադրելու բռնի տեղահանված արցախցիներին: Ըստ նախնական որոշման՝ 50 հազար դրամական աջակցություն տրամադրելու է միայն անչափահասներին, եւ 20 հազար դրամ՝ թոշակառու անձանց: Բնակարան տրամադրելու հարցն էլ Կառավարությունը որոշել է լուծել՝ ամեն մի շնչի համար տրամադրելով 3 միլիոն ՀՀ դրամ, եւ այն էլ՝ ետվերադարձով: Այսինքն՝ պետության կողմից քաղաքացուն կտրամադրվի 3 միլիոն դրամ, որը նա պետությանը պիտի վերադարձնի 10 տարի անց՝ տվյալ բնակարանի համար սեփականության իրավունք ստանալու համար: Ընդ որում՝ Արցախի քաղաքացիները ծրագրից կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո: Կառավարության այս որոշմանը հակադարձել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները: Նրանք առաջարկել են յուրաքանչյուր քաղաքացու տրամադրել 5 միլիոն դրամ եւ անվերադարձ: Թե ինչքանով կընդառաջեն ԱՀ ԱԺ պատգամավորների առաջարկին, դեռ անդրադարձ չկա: ArmLur.am-ին Արցախի քաղաքացիները հայտնում են նաեւ այն մասին, որ քաղաքացիների շրջանակներում Հայաստանից արտագաղթելու հիմնական պատճառը նշվում է սոցիալական խնդիրներին առնչվելը, աշխատանքի բացակայությունը, բնակվարձերի բարձր լինելը եւ այն վտանգը, որ նորից կառուցածը Հայաստանում սպասվող հնարավոր պատերազմի պատճառով չեն կորցնի:

Հավելում. սոցիալական աջակցություն տրամադրած անձանց ընդհանուր պատկերը 2024թ. փետրվարի դրությամբ հետեւյալն է. 100 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում՝ 112 765 անձ, որից 80 535՝ չափահաս, 32 230՝ անչափահաս, 40+10 հազար հոկտեմբեր ամսվա համար՝ 107 942 անձ, 40+10 հազար ծրագրի շրջանակում նոյեմբեր ամսվա համար՝ 83 971 անձ, 40+10 հազար ծրագրի շրջանակում դեկտեմբեր ամսվա համար՝ 90 069 անձ, 40+10 հազար ծրագրի շրջանակում հունվար ամսվա համար՝ 95 742 անձ, 50 հազար ծրագրի շրջանակում նոյեմբեր ամսվա համար՝ 77 409 անձ, 50 հազար ծրագրի շրջանակում դեկտեմբեր ամսվա համար՝ 83 601 անձ։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏՈՒՄ Է

Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը նորմալ աշխատում է, բայց ցանկացած նոր ինստիտուտի ներդրման պարագայում շահառուների շրջանում լինում է տեղեկատվության պակաս եւ որոշակի բարդություններ օգտվելիս.

 

լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե նոր համակարգի ներդրումը բազմաթիվ բողոքներ է առաջացրել քաղաքացիների ու դեղատների աշխատակիցների շրջանում։

«Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը նորմալ աշխատում է, բայց, իհարկե, հասկանում ենք, որ ցանկացած նոր ինստիտուտի ներդրման պարագայում լինում է տեղեկատվության պակաս եւ որոշակի բարդություններ օգտվելիս։ Մենք ամենօրյա ռեժիմով հավաքագրում ենք բոլոր խնդիրներն ու բողոքները. եթե խնդիրներ կան, դրանց արագ լուծում են տրվում, ինչպես նաեւ ամփոփվում են ամենաշատ տրվող հարցերը, եւ օրական ռեժիմով մենք պատասխանում ենք դրանց:

Այս օրերի ընթացքում մոտ 40 հազար դեղատոմս է դուրս գրվել։ Այս թիվը խոսում է այն մասին, որ համակարգը նորմալ աշխատում է: Ես նաեւ հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը՝ հասկանալով, որ ցանկացած էլեկտրոնային եւ նման մեծ թվով անձանց վերաբերելի բարեփոխումների ընթացքում առաջին օրերին լինում են բարդություններ, բայց հասկանում ենք, որ այս բարեփոխումները նպաստում են հենց առաջին հերթին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը եւ համակարգի թափանցիկությանը»,-ասաց Ավանեսյանը։

Նա վստահեցրեց, որ նշված քայլերն են, որ պիտի նպաստեն հետագայում ավելի հեշտ օգտագործելի էլեկտրոնային հարթակների հասանելիությանը։

 

 

 

ԳՈՒՄԱՐՆԵՐ  ԿԲՌՆԱԳԱՆՁՎԵՆ

«Յուքոմ» ՓԲԸ-ն գումարի  բռնագանձման պահանջով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան քաղաքացիական հայց է ներկայացրել Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում հաշվառված « Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ի դեմ։ Դատարանի 2023թ. հուլիսի 11-ի որոշմամբ՝ հայցադիմումը վարույթ է ընդունվել։ Դատարանը որոշել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով։ Դատարանի՝ 2023թ. հոկտեմբերի 9-ի որոշմամբ՝ դադարեցվել է պարզեցված վարույթը, եւ որոշվել է քաղաքացիական գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով։ «Յուքոմ» ՓԲԸ-ն դատարանին հայտնել է, որ այդ ընկերության եւ «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ի  միջեւ 2015թ. հոկտեմբերի 14-ին կնքվել է բաժանորդային պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է մատուցել կապի ծառայություններ, ինչպես նաեւ մատուցել զանգի անվերապահ վերահասցեավորման ծառայություն։ «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն իր հերթին պարտավորվել է վճարել մատուցված ծառայությունների դիմաց՝ իր ընտրած սակագնային պլանին համապատասխան։ «Յուքոմը» դատարանին հայտնել է, որ «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ի պարտքը 2023թ. մայիսի 17-ին կազմել է 110 հազար 663 ՀՀ դրամ՝ որպես ծառայության դիմաց չվճարված գումար։ «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ին ուղարկված ծրարը վերադարձվել է դատարան։ 2024թ. փետրվարի 23-ին  Տավուշի մարզի աաջին ատյանի դատարանի Նոյեմբերյան քաղաքի  նստավայրում դատավոր Նարինե Անանյանը վճռել է «Յուքոմ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել, «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ից հօգուտ «Յուքոմ» ՓԲԸ-ի բռնագանձել 110 հազար 663 ՀՀ դրամ՝ որպես ծառայության դիմաց չվճարված գումար, «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ից հօգուտ «Յուքոմ» ՓԲԸ-ի բռնագանձել 2 հազար 213.26 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, եւ 10 հազար ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 3 հազար 786. 74 ՀՀ դրամ՝ վճարման ենթակա պետական տուրքի գումարի տարբերությունը։ Վճիռն օրինական ուժի  մեջ է մտնելու հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։  Հավելեմ, որ վերոհիշյալ «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ  կապ չունի 2020 թվականից ապրիլից ցայսօր Տավուշի մարզում եթերային հեռարձակում իրականացնող «Տավուշ մեդիա»  ՍՊԸ-ի հետ, որի տնօրենը «Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ-ի եւ «Տավուշ մեդիայի» խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանի որդին է՝ Արմեն Գրիգորյանը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս