«Երաժշտության մեջ երկու երեւույթների հարաբերություն կա՝ ձայնի եւ լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ առավել մեծ խորհուրդ կա: Այն կարծիքին եմ, որ հարուստը լռությունն է». Բեյրութում ծնված Տիգրան Մանսուրյանի ընտանիքը հայրենադարձվում է, երբ ապագա կոմպոզիտորը դեռեւս 7 տարեկան է լինում, եւ լիբանանյան տաք կյանքից հետո հայտնվում ցուրտ Արթիկում ծայրահեղ աղքատության մեջ: Մի առիթով Մանսուրյանը նշել է. «1948 թվականի հունվարի 1-ից դարձա մուրացկան եւ մի տոպրակ ուսիցս կախած՝ մայրիկիս վերարկուով եւ մասիկներով շրջում էի տնից տուն՝ հաց հավաքելու. այդ արհավիրքից պետք էր փրկվել»:
Առաջին աշխատանքը, որի միջոցով Մանսուրյանը կարողացել է գումար վաստակել, լուսանկարչությունն էր: Լուսանկարիչ հայրը հաճախ էր հիվանդանում, եւ Մանսուրյանը նրա փոխարեն աշխատում էր: Այդ տարիներին մաեստրոյին տպավորել է այն, որ իրենից մեծ մարդիկ իրեն շատ լուրջ են վերաբերվել աշխատանքում:
Երաժշտության հանդեպ սերը դեռեւս մանկուց է եղել: Մայրը, ով մեծացել է Հալեպի որբանոցում, չափահաս դառնալուց հետո աշխատանքի է անցել եւ իր առաջին աշխատավարձով ռադիո հաղորդիչ գնել, իսկ հայրը հրաշալի ձայն է ունեցել եւ տանը հաճախ է երգել: Ծնողները ջարդից հետո հայտնվել են Հալեպի որբանոցում, որտեղ էլ ծանոթացել են, ամուսնացել եւ տեղափոխվել Լիբանան: Նույն ընտանիքում է ծնվել նաեւ սոպրանու, օպերային երգուհի Արաքսիա Մանսուրյանը, որն այսօր դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայում՝ օտարազգիներին ծանոթացնելով հայկական երգարվեստի հետ:
Մանսուրյանն առաջին անգամ դաշնամուրի դիմաց նստում է 13 տարեկանում, երբ մայրն ուղարկում է Արթիկի ակումբից հորը կանչելու: Այդ ժամանակ դեռեւս մեծ երազանքներ ունեցող պատանին առաջին անգամ հորը նվագելիս է տեսնում եւ փոխարինում նրան դաշնամուրի առջեւ առ այսօր:
1956 թվականին Մանսուրյանը սեփական ուժերով ընդունվում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան՝ Էդուարդ Բաղդասարյանի դասարան:
«Իսկական կոմպոզիտորը նա է, ով չի կարող չգրել». առաջին հանդիպմանը Էդուարդ Բաղդասարյանի ասած խոսքերը խորը հետք են թողնում 17-ամյա երիտասարդի հոգում եւ դառնում նրա ուղենիշը: Այդ ընթացքում Մանսուրյանը աշխատում էր շինարարությունում, որպեսզի կարողանա հոգալ իր կարիքները:
Ստեղծագործում էր գիշերները ուսումնարանի դաշնամուրների դիմաց, իսկ իր առաջին դաշնամուրը գնում է արդեն 1969 թվականին «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի համար ստացած իր հոնորարով, եւ այն առ այսօր իր տանն է:
21 տարեկանում ապագա հանճարն ամուսնանում է իր դասընկերուհու՝ շուշեցի ճարտարապետի դստեր՝ Նորա Ահարոնյանի հետեւ ունենում մեկ որդի եւ մեկ դուստր, որոնք խիստ կազմակերպված մանկություն են ունեցել, քանի որ կինն անում էր ամեն բան, որ նա կարողանա հանգիստ ստեղծագործել: Մանսուրյանը բազմիցս նշել է, որ կինն իր լավագույն ընկերն է եղել. «Նա Աստծո ամենամեծ նվերն էր, որ ես ունեցել եմ իմ ամբողջ կյանքում. երաժշտությանը զուգահեռ»:
Ստեղծագործական առաջին տարիներից առ այսօր Մանսուրյանն իր առավոտները սկսում է դաշնամուրի դիմաց՝ չխախտելով գործիքի դիմաց կոշիկներով նստելու իր սկզբունքը. նա հողաթափերով երբեք գործիքին չի մոտենում:
Երաժշտությունը մաեստրո Մանսուրյանի համար գործ չէ, այն ինքնարտահայտման միջոց է, ապրելու լավագույն ընթացքը:
Հայտնի են հատկապես «Հայֆիլմ» կինոստուդիայի համար գրված ստեղծագործությունները, որոնք, սակայն, մաեստրոյի կարծիքով, իրեն ետ են պահել բուն ստեղծագործական կյանքից: Հենց այդ պատճառով էլ 1980-ականների սկզբին դադարեցրել է համագործակցությունը:
Ֆիլմերի համար երաժշտություն գրելիս հաճույքով է աշխատել այն ռեժիսորների հետ, որոնք իրենց միտքը չեն պարտադրել, եւ սցենարը կարդալուն պես դաշնամուրին է հանձնել իր առաջին զգացողությունները:
Մանսուրյանն է հեղինակել Հրանտ Մաթեւոսյանի գրական հիմքի վրա նկարահանված ֆիլմերի երաժշտությունները, ինչպիսիք են «Աշնան արեւը», «Մենք ենք մեր սարերը», «Տերը»:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՎ ԹՐԵՎ Է ԳԱԼԻՍ
ArmLur.am-ը հայտնել էր, որ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը վերակազմավորման ձեւով միացվեց «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը, ինչից հետո «Գոյ» թատրոնի դերասանական անձնակազմը կազմակերպել էր բողոքի ակցիա ԿԳՄՍՆ-ի դիմաց։
Հիշեցնենք, որ այս ամենից հետո դադարեցվել էին «Գոյ» թատրոնի՝ փետրվար ամսվա ներկայացումները։
Պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում թատրոնի հետագա ճակատագիրը, ArmLur.am-ը կապ հաստատեց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի հետ։
«Հիմա իրենք խախտումներով մեզ հանել են պետական ռեգիստրից, մենք թատրոնի հաշվից զրկվել ենք եւ չենք կարողանում տոմս վաճառել, դրա համար արդեն մոտավորապես մեկ ամիս ներկայացումներ չունենք. փոտրվարի 11-ից ներկայացումներ չունենք»,- ասաց գեղարվեստական ղեկավարը:
Սահակյանի խոսքով՝ դատական հայցերը ավելանում են, եւ թատրոնը անարդարությունը դադարեցնելու համար դատարաններով թրեւ է գալիս։
«Բայց դատական հայցերը ավելանում են, մասնավորապես՝ պետռեգիստրը եւ մենք հիմա անցել ենք մեզ համար ամենաանսովոր աշխատանքին, մենք դատարաններով ենք թրեւ գալիս, դատական գործերի ենք ներկա գտնվում, որպեսզի այս անարդարությունը դադարեցնենք «Գոյ» թատրոնի վերաբերյալ՝ մասնավորապես եւ առհասարակ»,- ասաց Արթուր Սահակյանը:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՍԱՀՄԱՆԵԼ Է ՌԵԿՈՐԴՆԵՐ
Անգլիական «Մանչեսթեր Սիթին», Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում 3-1 հաշվով հաղթելով դանիական «Կոպենհագենին», սահմանել է ռեկորդներ. հաղորդում է Opta-ն:
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն առաջին անգլիական ակումբն է, որը 10 անընդմեջ հաղթանակ է տանում գլխավոր եվրագավաթում:
Նաեւ «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին թիմն է, որը 3 եւ ավելի գոլ է խփում Չեմպիոնների լիգայի 8 խաղում անընդմեջ:
«Մանչեսթեր Սիթին» նաեւ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ երկրորդ թիմն է, որն այս մրցաշարում 30 եւ ավելի անընդմեջ տնային հանդիպում է անցկացրել առանց պարտության: 2013-2020թթ. նման շարք ունեցել էր միայն կատալոնական «Բարսելոնան» (38 խաղ):
«Էթիհադ» ստադիոնում անցկացրած նախորդ 30 խաղում Խոսեպ Գվարդիոլայի թիմը տարել է 28 հաղթանակ ու գրանցել 2 ոչ-ոքի:
ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Փարիզի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:
Մարտի 7-ին ռինգ դուրս եկան Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Նարեկ Մանասյանը եւ Գուրգեն Մադոյանը:
Նախօրեին կայացած մենամարտերում աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը հենց մեկնարկում պարտություն էր կրել Կանադան ներկայացնող Ալեքսիս Բարիերից, իսկ Ռուդոլֆ Գարբոյանը 5:0 հաշվով հաղթել էր Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վիին:
Ավելի վաղ ռինգ էին դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Երկու բռնցքամարտիկներն էլ գրագետ մենամարտ են անցկացրել ու 5:0 հաշվով հաղթել իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության էր հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ:
ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԱԿԻՐԸ
Հայաստանի բասկետբոլի 2023/24 մրցաշրջանի Սուպերգավաթակիրը «Էրեբունի»-ն է:
Սուպերգավաթի համար մրցեցին Երեւանի երկու թիմերը` «Ուրարտու»-ն եւ «Էրեբունի»-ն:
Մեկնարկային քառորդում «Էրեբունի»-ն առավելություն ստացավ` 18:23, որը պահպանեց նաեւ երկրորդ կեսում: Թիմերը մեծ ընդմիջման գնացին 38:47 հաշվով` հօգուտ «Էրեբունու»:
Հաջորդ երկու քառորդներում «Ուրարտու»-ին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը, եւ «Էրեբունի»-ն, հաղթելով 99:84 հաշվով, դարձավ այս մրցաշրջանի Սուպերգավաթակիր: