Այս օրերին հայրենի իշխանությունները քննարկում են Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցը:
Սրա վերաբերյալ ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
-Պարո՛ն Սիմոնյան, Դուք առաջինը հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ անդամության թեկնածու դառնալ: Ինչպե՞ս եք այս գործընթացը պատկերացնում, ի՞նչ ժամկետներում եք սա հնարավոր համարում:
-Չկա նման ժամկետ, չկա նման կանխատեսում: Օրինակ՝ մեր հարեւան Վրաստանը տարիներ առաջ դիմեց, սպասեց եւ վերջերս միայն ստացավ թեկնածուի կարգավիճակ, Թուրքիան արդեն մոտավորապես 40-50 տարի է՝ փորձում նման բան անել: Դա հեշտ գործընթաց չէ, խոսքը գնում է արժեքների մասին, Հայաստանը դավանել է եւ դավանում է ժողովրդավար արժեքները Եվրամիության հետ։
-Պարո՛ն Սիմոնյան, իսկ նման հայտարարություններ անելիս հաշվի առնվե՞լ են բոլոր անվտանգային սպառնալիքները, որոնց կարող է բախվել Հայաստանը՝ նկատի ունենալով հատկապես ռուսական կողմի հայտարարությունները:
ՌԴ արտգործնախարար Լավրովն օրեր առաջ հայտարարեց, թե Ռուսաստանը հետեւում է ՀՀ ղեկավարության հայտարարություններին եւ ի գիտություն կընդունի դրանք՝ սեփական գործնական քայլերը պլանավորելիս:
-Այսինքն՝ երրորդ երկի՞րը պետք է որոշի Հայաստանի ապագան սպառնալիքի ներքո։
-Պարո՛ն Սիմոնյան, լավ թե վատ, այս պահին Հայաստանի անվտանգային միակ բարձիկը ՀԱՊԿ-ն է. եթե առանց որեւէ այլընտրանքի հրաժարվում ենք սրանից, ի՞նչ է լինելու, հատկապես՝ այն դեպքում, երբ արձանագրում ենք, որ նոր պատերազմի վտանգ կա. արդյոք Եվրոպան պատրա՞ստ է մեզ գրկաբաց ընդունել:
-Ի՞սկ այդ միակ երաշխիքն ի՞նչ է արել մինչ օրս։
Նախ ով է ասում՝ որեւէ անվտանգային երաշխիք, ասում եք ՀԱՊԿ, դրա այլընտանքը ՆԱՏՕ-ն է, բայց Հայաստանը չի քննարկել ու չի քննարկում որեւէ ձեւաչափով այդ կառույցին անդամակցության հարցը:
Ինչ վերաբերում է վախենալուն, մենք մշտապես անհանգիստ ենք, զգուշավոր ենք, Հայաստանը անհանգստացած է, զգույշ է, գիտակցում է, որ տարբեր սպառնալիքներ կարող են առաջ գալ, բայց ակնհայտ է, որ այդ սպառնալիքները բազմիցս տեղի են ունեցել, եւ Հայաստանն արդեն իսկ տուժել է, տարածքներ կորցրել, դրա պատճառով մեր հայրենակիցներն են մահացել: Հիմա մենք փորձում ենք որեւէ ձեւով այդ սպառնալիքը հեռացնել, քանի որ ձեր ասած սպառնալիքն արդեն մի քանի տարի է՝ մշտական ձեւով տեղի է ունենում. դրանք սահմանի վրա հարձակումներն են, Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած դեպքերն են՝ Հին Թաղեր, Սեւ լճեր: Ակնհայտ է, որ այս տարբերակն արդեն իսկ խնդիրներ ունի եւ որեւիցե մեկը, նույնիսկ՝ ընդդիմությունը, չի կարող մեզ մեղադրել այլընտանքային միջոցներ չձեռնարկելու մեջ։
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԱՐԿԱԾԱԽՆԴԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ
«Ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուսական սահմանապահների դուրսբերման հայկական նախաձեռնության մասին»,- այս մասին Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ նպատակով կարող էին դուրս բերվել ռուսական սահմանապահները։
«Իսկ ասե՞լ է, թե հայկական կողմը երբվանից է այդ կարողությունը ձեռք բերել, եւ ինչ իրադարձություն է եղել, որ այդ կարողությունը ձեռք է բերել։ Օրինակ՝ մինչեւ հիմա անցած տարվա մարտ ամսից սահմանափակ ծառայության պետի պաշտոնը թափուր է։ Գիտի՞ Արարատ Միրզոյանը այդ մասին, ի՞նչ է եղել, որ իրենք կարողություններ են ձեռք բերել, որ անցած տարի չունեին, վեց ամիս առաջ չունեին, հիմա արդեն այդ կարողությունները ձեռք են բերել։ Ի՞նչ է տեղի ունեցել, պարզաբանե՞լ է Արարատ Միրզոյանը։ Ոչ մի այդպիսի բան էլ տեղի չի ունեցել, ընդամենը իրենք քաղաքական որոշում են կայացրել Հայաստանում կայացնել հակառուսական ագրեսիվ, վտանգավոր, մեր երկրի եւ ժողովրդի անվտանգության համար սպառնալիք հանդիսացող գործողություններ։ Ընդամենը դա է անում Արարատ Միրզոյանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- ասաց Ղազարյանը։
Ղազարյանի խոսքով՝ իրենք արդեն մի անգամ իրենց արկածախնդիր քաղաքականության հետեւանքով տապալել են խաղաղ բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հարցում, տարել մեզ պատերազմի եւ հիմա էլ նոր արհավիրք, նոր պատերազմներ են ուզում բերել մեր երկիր։
«Թող որեւէ ձեւով պարզաբանեն, ասեն՝ անցյալ տարվա կամ վեց ամիս առաջվա համեմատ՝ տեղի է ունեցել այս կամ այն գործողությունները, ընդունվել են այս կամ այն որոշումները, ամրապնդվել են սահմանապահ ծառայության կարողությունները, եւ հիմա «Զվարթնոց» օդանավակայանում կարող են իրականացնել միայն ԱԱԾ սահմանապահ զորքերը, որոնք, ի դեպ, ասեմ՝ մինչեւ հիմա էլ են իրականացնում։ Այսինքն՝ այնպես չի, որ հիմա «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ սահմանափակ ծառայություն չկա։ Ես, օրինակ, վերջին 20 տարին ճամփորդում եմ, հայ սահմանապահներից բացի, ուրիշ ծառայող ինձ դեռ չի հանդիպել»,- նշեց Ղազարյանը։
Անդրադառնալով Միրզոյանի ասածին, թե հայկական կողմի ծանուցումը ռուսական կողմին բավարար կլինի, եւ հարցն այդքանով կլուծվի՝ Ղազարյանն ասաց.
«Արարատ Միրզոյանը դիվանագիտության հետ ոչ մի առնչություն չունեցող պատահական, դիլետանտ, տգետ անձնավորություն է. ինքը չի պատկերացնում դիվանագիտական հարաբերությունների էությունը, հարցերի քննարկման ընթացակարգերը, մեխանիզմները եւ իր պրիմիտիվ տրամաբանությամբ, մտածողությամբ հավանաբար մի հայտարարագիր ներկայացնելը բավարար է դիվանագիտական հարթությունում, միջպետական հարաբերություններում խնդիրներ պարզաբանելու եւ լուծելու համար, բայց իրականում դա այդպես չի»։
Մեզ հետ զրույցում Ղազարյանը նաեւ նշեց, որ իրականում ցանկացած հարց, առավել եւս եթե դրանք կարեւոր նշանակություն ունեցող հարցեր են, անհամաձայնություն կարող է լինել կողմերի միջեւ, դրանք ենթակա են առարկայական քննարկման։
«Ընդ որում՝ քննարկման ենթակա են նախապես, ոչ թե հայտարարագիրը տալու պահից հետո։ Այսինքն՝ ոչ թե պետք է հայտարարագիրը տա եւ հետո քննարկել, այլ քննարկում ունենալ, կողմերի հետ գալ որոշակի պայմանավորվածության եւ դրանից հետո սկսել դրանց դիվանագիտական ձեւակերպումները պաշտոնական փաստաթղթերով։ Իսկ այս տգետներին այս ամենը բացատրելը, կարծում եմ, շատ սխալ է»,- ասաց Ղազարյանը՝ զրույցն ավարտելով։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ
Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում է հրապարակել առաջիկա երկու օրվա ընթացքում Մոսկվայում հնարավոր ահաբեկչությունների մասին։
«Դեսպանատունը վերահսկում է տեղեկություններն այն մասին, որ ծայրահեղականները ծրագրում են մոտ ապագայում հարձակվել Մոսկվայում մարդկանց մեծ հավաքների վրա՝ ներառյալ համերգները: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել մեծ կուտակումներից»,- ասվում է ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության մամուլի հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական բյուրոն զգուշացրել են վտանգի մասին՝ դեսպանատանը հղումով։ Բացի այդ, ինչպես նշել է KՏՎպՐրՈվՑ-ը, Պետդեպարտամենտն առավելագույնի է բարձրացրել Ռուսաստան մեկնելու վտանգի մակարդակը։ Միաժամանակ, ԱՄՆ դեսպանատան կայքի ռուսալեզու տարբերակում վտանգի մասին նախազգուշացում չկա։
Ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունը։
ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ
Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ելույթներ է ունեցել մարտի 6-ից 7-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում:
Դիմելով հազարից ավելի պատվիրակներին, եվրոպացի առաջնորդներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դիվանագիտական ու քաղաքական շրջանակներին եւ միջազգային հանրության անդամներին՝ Հովհաննիսյանը ներկայացրել է իր քննադատական դիտարկումները եւ տեսակետները ռուս-ուկրաինական պատերազմի, Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տարածքների գրավման արյունալի արշավի, էթնիկ զտումների, մշակութային ցեղասպանության, ինչպես նաեւ օրինականորեն ընտրված առաջնորդների եւ այլ ռազմագերիների շարունակական բանտարկությունների վերաբերյալ:
«Աշխարհաքաղաքականությունն ինքնանպատակ չէ եւ պետք է հատկապես Եվրոպայի համար հիմնված լինի համընդհանուր ժողովրդավարական արժեքների եւ չափանիշների վրա», – եզրափակել է նա:
Ըստ աղբյուրի՝ համագումարի նիստերին զուգընթաց Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ եւ տեղեկատվության փոխանակումներ է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի եւԵ մի շարք այլ պաշտոնյաների հետ։