Նիկոլ Փաշինյանի ստերը անչափելի են: Նա գնացել է գազաբալոնի արտադրության գործարանի բացմանը այն դեպքում, երբ դա բացել էր նախկին վարչապետ Կարեն Կարպետյանը: Իսկ ամենազավեշտալին այն է, որ այդ գործարանը չի աշխատում:
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բացահայտել վարչապետի ստերը: Նա նախկինում այլ բան էր խոստանում, հիմա տրամագծորեն հակառակն է անում: 22.12.2018թ.-ին Փաշինյանը մասնակցեց Գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը Վանաձորում: Հրապարակավ խոստացավ, որ Վանաձորը կվերագտնի արդյունաբերական քաղաքի դերը։ Հայտարարվեց, որ գործարանը կառուցվել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից: Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց գործարանում: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հոսսեյն Յաղուբպուրը եւ Արայիկ Ասրյանը նշեցին, որ ներդրել են 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ներդրումը կգերազանցի 21 մլն դոլարը։ Նշեցին, որ բալոնները մեծ պահանջարկ ունեն, աշխարհում չորրորն է Իրանից, Գերմանիայից ու ԱՄՆ-ից հետո։ Գործարանի աշխատանքների մեկնարկից հետո օրական արտադրողականությունը կլինի 200 բալոն, իսկ 2019թ. համալրվող սարքավորումների շնորհիվ թողունակությունը կբարձրանա մինչեւ 1000 բալոնի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի եւ այլ երկրների համար։ Փաշինյանը փակ խորհրդակցություն արեց, ասաց, որ խոսել են բալոնների արտադրությունը նոր սերնդի դնել։ Ասաց, որ աննախադեպ է նման գործարանի բացումը։ 2021թ. ծրագիրը կամբողջանա, եւ աշխատատեղերի քանակը կհասնի 120-ի։ Իսկ իրականում «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից Լոռու մարզում կառուցվող գործարանների հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել դեռ 2017թ. հոկտեմբերի 7-ին, մասնակցել էր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Բայց զավեշտը ոչ միայն մի անգամ բացված գործարանի բացումն էր, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանի՝ գործարանի բացմանը մասնակցելուց ամիսներ անց արդեն խոսվեց գործարանի փակման մասին։ 2019թ. մայիսին մամուլը պարզեց, որ գործարանը չի աշխատում։ Ըստ տարիների՝ գործարանն ունեցել է հետեւյալ թվով աշխատողներ.
– 2018թ. – 1 աշխատակից
– 2019թ. տարբեր ամիսների՝ 1-8 աշխատակից
– 2020թ. – 7 աշխատակից:
Ավելի ուշ գործարանի հայ համասեփականատեր Արայիկ Ասրյանն ասել էր, թե «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ընկերությունում 85% բաժնեմաս ունեցող իրանցի գործարարը Վանաձորում ներդրումային ծրագիրը կիսատ է թողել եւ հրաժարվել խոստացած ընդհանուր 21 մլն դոլար ծրագրի իրագործումից: Գործարանի մասին վերջին տեղեկատվությունը հրապարակվել է 21.04.2021թ. Լոռու մարզպետարանի կայքում։ Այն մասին է, որ մարզպետն այցելել է Դարպաս համայնքում գործող «ՌՍՎ» հայ-իրանական կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության գործարան, որը առաջին խոշոր խմբաքանակը առաջիկա 2 օրերին կուղարկի Մոսկվա: Համաձայն համասեփականատիրոջ՝ գործարանի՝ մինչ այդ ձախողման պատճառը եղել են պատերազմն ու համավարակը։ 2021 թվականին խոստացված 120 աշխատողի փոխարեն՝ գործարանում, ըստ համասեփականատիրոջ, աշխատում էր 15 հոգի։ Չէր կատարվել նաեւ օրը 1000 բալոն արտադրելու խոստումը։ 2021 թվականից հետո գործարանի մասին տեղեկությունները դադարեցին։
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՈՒՄ
Հայաստանը համագործակցում է ԵՄ հետ՝ տնտեսական կայունությունը եւ տնտեսական ռեսուրսների դիվերսիֆիկացումն ապահովելու նպատակով:
Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում` անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին:
Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների սերտացման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն շարունակում է խորացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում ինչպես ԵՄ-ի, այնպես էլ եվրոպական երկրների հետ՝ վկայակոչելով առկա ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Հայաստանը համագործակցում է ԵՄ հետ՝ տնտեսական կայունությունը եւև տնտեսական ռեսուրսների դիվերսիֆիկացումն ապահովելու նպատակով:
«Մենք ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- նշել է Միրզոյանը՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Փաշինյանի հետեւյալ հայտարարությունը. «Հայաստանը պատրաստ է հարաբերությունները խորացնել ԵՄ հետ այնքան, որքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»։
ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Մարտի 7-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանը նշեց, որ տնտեսության դիվերսիֆիկացումը այն իրավիճակը չէ, երբ քո մեկ խոշոր առեւտրային գործընկերը փոխարինվում է մեկ այլով, այլ այն, երբ դու ունես մի քանի խոշոր առեւտրային գործընկերներ եւ բազմաթիվ փոքր առեւտրային գործընկերներ:
«Տնտեսության դիվերսիֆիկացումը մի գործընթաց է, որի արդյունքում Հայաստանը համաչափ կախված է լինում աշխարհից, եւ աշխարհի երկրներն էլ իրենց չափով համաչափ կախված են լինում Հայաստանից: Սա փոխադարձ գործընթաց է»,-ասել է նա:
ArmLur.am-ը կապ հաստատեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչ է սա իրենից ենթադրում, եւ ինչ զարգացումներ կարող են լինել. «Հայաստանի արտահանման 40 %-ը կամ 35%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին. սա ցույց է տալիս, որ ռուսական քաղաքականության փոփոխության արդյունքում Հայաստանը կարող է բավականին լուրջ տնտեսական խնդիրների առջեւ կանգնել: Նման իրավիճակ է նաեւ մեր ներքին տնտեսության կառուցվածքում՝ առեւտուր, ծառայություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն: Վերջին տարիներին առեւտրի ծառայության մասնաբաժինը աճում է այն դեպքում, երբ արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը, որի հիմնական արտադրանքը ունի բավական փոքր աճ կամ անկում: Այսինքն՝ մենք վերջին 6 տարիների ընթացքում ճիշտ հակառակ ուղղությամբ ենք գնացել»:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ԱԿՑԻԱՆԵՐ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը առաջիկայում ցանկանում է իրականացնել մարզային հանդիպումներ:
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հիմնական նպատակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:
Նրանք մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, հանրահավաք են իրականացնելու Գյումրի քաղաքի Թատերական հրապարակում, մարտի 10-ին՝ ժամը 18։00-ին՝ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում,
մարտի 11-ին՝ ժամը 13։00-ին՝ մամուլի ասուլիս՝ մարտի 13-ին Երեւանի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին ընդառաջ:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը ակցիա էր անցկացրել փետրվարի 20-ին։ Հանրահավաքի ընթացքում կազմակերպիչները խորհրդարանում ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել էին սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթաց:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսեց Սերժ Սարգսյանի իշխանավարման հնարավոր երրորդ ժամկետի դեմ նախաձեռնած իր պայքարը, որը ավարտվեց Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելով։
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ
Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ առկա ջերմ միջպետական հարաբերությունների մասին, որոնց հիմքում ընդհանուր ժողովրդավար արժեքներն են: Զրույցի սկզբում քննարկվել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին եւ ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը: «Տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է գործեն ինքնիշխանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքներով: Սահմանազատումն ու սահմանագծումը պետք է անցկացվեն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը: Էստոնիայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին: «Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Էստոնիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման հարցում»,- ասել է ԱԳ նախարարը: Քննարկվել են Հայաստան-Էստոնիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաեւ իրավիճակն Արեւելյան Եվրոպայում: