ՏԵՂԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ՝ ԿԻՆ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակման համար ընդունելություն-մրցույթի ստուգումները շարունակվում են։

 

Մարտի 5-ից ՆԳ նախարարության կրթահամալիրում մեկնարկել է ապագա պարեկների հարցազրույցի փուլը, որին մասնակցում են ֆիզիկական պատրաստականության եւ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման փուլերը հաղթահարած դիմորդները։

Մարտի 7-ին կրթահամալիրում ստուգման փուլի ընթացքին էր հետեւում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Կանանց ներգրավվածությունը խթանելու նպատակով 368 մրցույթային տեղերի գերակշիռ մասը հատկացվել է կին դիմորդներին։

ՆԳ նախարարության նախաձեռնությամբ լավարկվել են ոստիկանությունում ծառայության ընդունվելիս դիմորդներին ներկայացվող բժշկական եւ ֆիզիկական պահանջները։ Վերանայման արդյունքում լուծվել են գործնականում օբյեկտիվորեն ծագած մի շարք խնդիրներ, որոնց արդյունքում բարձրացել է կին դիմորդների դիմելիությունը։

Ընթացիկ ստուգման փուլին կանանց ներկայացվածությունը ցույց է տալիս, որ թեկնածուների հասակին եւ քաշին ներկայացվող սահմանային շեմերի նվազեցման արդյունքում նրանցից շատերը կին պարեկների շարքերը համալրելու հնարավորություն են ստացել։

Հանձնաժողովներից յուրաքանչյուրը բաղկացած է վեց անդամից: Ընդգրկված են ՆԳ նախարարության եւ պետական կառավարման այլ համակարգերի, միջազգային կառույցների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովների անդամների խոսքով՝ պարեկային ծառայություն ընդունելություն-մրցույթի շրջանակում հարցազրույցի անցկացման պրակտիկան ընդօրինակելի է, իսկ հարցուպատասխանի ձեւաչափը՝ արդյունավետ։

Հարցազրույցի միջոցով ստուգվում են դիմորդների բարեվարքությունը, ունկնդրելու եւ հաղորդակցության հմտությունները, կոնկրետ իրավիճակում որոշումներ կայացնելու ունակության, ինքնատիրապետման եւ այլ որակներ։

Հոգեբանի խոսքով՝ հատկապես պարեկային ծառայության ոլորտում կարեւորվում են անհատի պատասխանատվության զգացումը, կարգուկանոնի եւ հասարակության շահերը պաշտպանելու գործում կարողությունների ներդրումը, նաեւ թիմային կարողությունները։ Այս փուլում հաղորդակցման կարողությունների գնահատումը հնարավորություն է տալիս ընտրելու այնպիսի դիմորդների, որոնք արտաքին ծառայության ընթացքում տարբեր իրավիճակներում կկարողանան հասկանալ քաղաքացու հոգեբանությունը եւ կկիրառեն համապատասխան հմտություններ։

Ստուգման փուլին ներկայացած քաղաքացիական անձանցից բացի, թեկնածուների շարքում էր նաեւ ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչ Աստղիկ Թորոսյանը. նա ոստիկանությունում շուրջ 11 տարվա ծառայության փորձ ունի:

Ոստիկանական համակարգում ծառայության անցնելու երազանքի, համազգեստի հանդեպ համակրանքի եւ կին ոստիկանի դերի մասին խոսել է նաեւ Հայկուհի Հակոբջանյանը։ Նրա խոսքով՝ ոստիկան լինելը կոչում է, որը պետք է պատվով կրել։

Հարցազրույցի փուլը հաղթահարած դիմորդները ապրիլի 15-ից ՆԳՆ կրթահամալիրում 5-ամսյա ուսուցում կանցնեն։

Մասնագիտական որակյալ կրթությունը ինչպես հասարակական կարգի ապահովման, այնպես էլ հանցագործություների նախականխման, կանխման ու բացահայտման գործում առանցքային նշանակություն ունի։

 

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՍԿԱՆԴԱԼ

Ապօրինի որդեգրումների աղմկոտ քրեական պատմությունը արդեն 2 տարի է՝ դատարանում է։ 11 հոգի մեղադրվում է երեխաների առքուվաճառքի մեջ:

 

«9-ը ներգրավված են եղել նորածինների խնամքը հանձնելու նպատակով վաճառքի համար կազմակերպված խմբի կազմում, մյուս երկու մեղադրյալները արդեն իրենց պաշտոնեական լիազորությունների չարաշահումների հետ կապված են ներգրավված որպես մեղադրյալ»,- ասաց Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Տիգրան Կիրակոսյանը:

Քննչական կոմիտեի ավագ քննիչն ասում է՝ Հայաստանից Իտալիա որդեգրված 20 երեխաների մասով է նախաքննությունն ավարտվել:

Երեխաների ապօրինի որդեգրման սկանդալը պայթեց 2019-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց՝ ապօրինի գործընթացներով Իտալիա են որդեգրվել տասնյակ փոքրիկներ։ Նկարագրված էին մի քանի սխեմաներ. մայրերին ծննդատներում ստիպել են հրաժարվել երեխաներից, արտերկիր են որդեգրվել առողջական կեղծ փաստաթղթերով նաեւ առողջ փոքրիկներ, այնինչ տարիներ շարունակ որդեգրել ցանկացող հայաստանցիները որդեգրման բազայում առողջ երեխաներ չէին գտնում։

Ի՞նչ է պարզվել քննության ընթացքում. ըստ քննիչ Կիրակոսյանի՝ հանցավոր խումբ է գործել:

Սոցապի, Արդարադատության նախարարության, քաղաքապետարանի ներկայացուցիչները, Հանրապետական ծննդատան ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը իր մի քանի բժիշկների հետ «Մանկան տան» նախկին տնօրենը եւ Իտալիայում որդեգրմամբ զբաղվող հավատարմագրված կազմակերպությունների ներկայացուցիչ Անուշ Գարսանցյանն են մեղադրյալների թվում:

Անուշ Գարսանցյանը, ըստ քննիչի, հանցավոր խմբի ղեկավարն է. ողջ պրոցեսը, ասում է, նա է նախաձեռնել՝ իտալացիներին երեխային ներկայացնելուց մինչեւ որդեգրման գործընթացի ավարտ: 2005-ից մինչեւ 2019 թվականը իտալացի որդեգրողներից մեկ միլիոն 700 հազար եվրո է ստացել:

Գործով մեղադրյալները չեն ընդունում մեղադրանքը, իսկ գործը դատարանում դեռ առաջ չի գնում։

Armlur.am-ը դատարանում զրուցեց փաստաբան Վարդուհի Էլբակյանի հետ, որը ուշագրավ մանրամասներ հայտնեց։ Այս քրեական գործով ամենազարմանալին այն է, որ քրեական գործը 1,5 տարի Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվեց կրկին առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՑԻՍՏԵՌՆԸ ՊՈԿՎԵԼ Է

Մարտի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում «DAF» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռի վրայից Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի Բաղանիս գյուղի վարչական տարածքում  դեռեւս անհայտ հանգամանքներում ցիստեռնը պոկվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պոկվելու հետեւանքով ցիստեռնը գլորվել եւ հայտվել է ձորում։ Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լեւոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը եւ տեղում իրականացրել հերթապահություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

 

 

 

 

ԻՍԿԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼ

Մարտի 8-ը աշխարհում նշվում է որպես կանանց միջազգային տոն։ Հայաստանում նույնպես նշվում է այդ գեղեցիկ տոնը, որին շարունակում է կանանց միամսյակը։ Ավանդույթի համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հերթական անակնկալն էր պատրաստել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը գտնվող հղի կանանց համար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծննդատուն էին այցելել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ովքեր դեռ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատաելու ժամանակվանից ձեռք են բերել չորս հրացանակիրներ Աթոս, Պորտոս, Արամիս եւ Դարտանյան անունները։ Հրացանակիրների հետ էին նաեւ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանն ու ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը։ Արդեն տեղում պարզվեց, որ փրկարարները ժամանել էին ծննդատուն եւ տանիքից հատուկ ճոպաններով իջան ու ծեծելով հիվանդասենյակների պատուհանները՝ շնորհավորեցին ապագա մայրերի Մարտի 8-ը եւ նրանց փոխանցեցին վարդեր։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մայրերն ասում էին. «Իսկական անակնկալ։ Պարզվում է մեր փրկարարները ոչ միայն մարդ են փրկում, ինչին բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, այլ նաեւ կարողանում են նման անկակնալ մատուցել»։ Ֆոտլորագրողը հայտնում է, որ այս գեղեցիկ ավանդույթի կնքահայրը Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր, երջանկահիշատակ, իսկական հայ, լեգենդ դարձած  Արմեն Երիցյանն էր, որից հետո այն շարունակեց արտակարգ իրավիճակների նախկին նախարար, մեծատառով հայ մարդ, իրավապահ համակարգում եւ ժողովրդի մոտ մեծ հեղինակություն վայելող, գեներալ-մայոր Ֆելիքս Ցոլակյանը ու հիմա այդ ավանդույթը շարունակում են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։




Լրահոս