ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ՝ ԸՍՏ ՏՆՕՐԵՆԻ ՍԻՄՊԱՏԻԱՅԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am -ը ահազանգ է ստացել քաղաքացիներից. նրանց խոսքով՝ Օշականում ցանկանում են փակել ՀՈԱԿ-ները, որի մասին տեղյակ են եղել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը եւ Առողջապահության նախարարությունը:

 

«Խոշորացումից հետո 9 բժշկական ամբուլատորիաների տնօրեններից ազատել ու ոչ մասնագետների են դրել (հիմնականում Աշտարակի շրջանին է վերաբերում): Բերել են մի դրույթ, որ մասնագիտությամբ բժիշկը իրավունք չունի լինի միեւնույն ժամանակ գյուղական բուժական ամբուլատորիայի տնօրեն»,-պատմում է մեզ դիմած քաղաքացին: Նրա խոսքով՝ 2023 թվականի հունվարի 27-ին կանչեցին տնօրենների ու ասացին, որ փետրվարի 1-ից ազատում են աշխատանքից: Բժիշկները դիմել են «Առողջության իրավունք» ՀԿ-ին, դիմել են Առողջահապահական տեսչություն: Այնտեղից գտել են, որ ոչ իրավաչափ է իրենց կարգադրությունը տնօրեններին ազատելու: Քաղաքապետը դա հիմք չի ընդունել:

«ԱՆ-ից ֆինանսական միջոցներ տրվում են՝ ըստ տնօրենի սիմպատիայի: Տնօրեններին փոխելու հարցը դատարանում հաղթել են, վերաքննիչի որոշմամբ տնօրեններն իրավունք ունեն աշխատելու: Հիմա որոշել են լուծարել հիմնարկները, ավագանին է որոշել փետրվարի 15-ին: Ուզում են մեկ Աշտարակի ամբուլատորիա բացել»,- հավելում է քաղաքացին: «Առողջության իրավունք» ՀԿ-ի տնօրեն Անուշ Պողոսյանն այս մասին ասաց.

«Անցած տարի, եթե չեմ սխալվում, մարտ կամ ապրիլ ամիսներին, Աշտարակի համայնքապետը հրավիրել էր իր ամբուլատորիաների տնօրեններին եւ հայտարարել էր, որ այլեւս չեն աշխատելու: Տնօրենները դիմել էին բոլոր պետական մարմիններին, սակայն ոչ ոք իրենց դրական արձագանք չի տվել, բոլորն ասել էին, որ համայնքի ղեկավարը ճիշտ է վարվել: Տնօրենները դիմեցին մեզ, մենք առաջին փուլով պաշտոնական գրություններ գրեցինք բոլոր թվարկված կառույցներին, բոլոր տեղերից ստացանք պատասխաններ, որոնք հուսադրող չէին, արդյունքում բողոքով դիմեցինք տեսչական մարմնի աշխատանքային բլոկին։ Արդյունքում տեսչական մարմնի ղեկավարը որոշում, կարգադրագիր հրապարակեց, որում նշված էր՝ օրինական չեն արված ազատումները, եւ պետք է վերականգնել բժիշկներին աշխատաքի: Աշտարակի տնօրենը թքած ունեցավ տեսչական մարմնի որոշման վրա եւ շարունակեց նույն ոճով: 2 բժիշկ որոշեց, որ պետք է դատի տալ համայնքապետի որոշումը, առաջին ատյանում շահեցինք դատը, այնուհետեւ վճռաբեկում հաղթեցի, որի արդյունքում 8 ամբուլատորիանների տնօրենների ապօրինի ազատման դիմումը չեղարկվեց, որի արդյունքում այդ մարդիկ վերադարձան իրենց աշխատանքին։ Հետաքրքիրն այն է, որ ոչ մի պետական կառույց այդ անօրինակությունը չկասեցրեց եւ խոչընդոտներ առաջացրեց՝ մինչեւ վարչական դատարան տնօրեններին հասցնելով»,-ասաց նա։ ArmLur.am-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի հետ, որն ասաց. «Օշականում որեւէ ամբուլատորիա չի փակվում։ Ամբուլատորիաների տնօրեններն իրականացնում էին ե՛ւ տնօրենի գործառույթը, ե՛ւ ընտանեկան բժշկի։ Այժմ խոշորացման կամ այսպես կոչված միավորման արդյունքում վարչատնտեսական եւ կառավարչական աշխատանքները կանի այլ միավորված ամբուլատորիաների ղեկավարը, իսկ նախկին տնօրենները կշարունակեն ընտանեկան բժշկության բուժական իրենց աշխատանքով»:

Armlur.am-ը փորձեց կապ հաստատել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆԳՆ-ՈՒՄ

Ներքին գործերի նախարարությունում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մարտի 7-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին Արդարադատության նախարարության, Քննչական կոմիտեի, Դատական դեպարտամենտի եւ ՆԳՆ ոստիկանության պատասխանատու ծառայությունների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

 

«Հիմքում ունենալով ՀՀ վարչապետի հանձնարարականը, ոլորտային բարեփոխումների շրջանակներում պետական տարբեր կառույցներում գործառույթների հստակեցման, կրկնությունների բացառման կարեւորությունն ու ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության երաշխավորումը՝ քննարկման նպատակն էր միասնական եւ փոխհամաձայնեցված դիրքորոշում ձեւավորել՝ ձերբակալված, կալանավորված անձանց եւ դատապարտյալների ուղեկցման, պահպանման, այդ թվում՝ ուղեկցման դեպքում սննդի եւ հիգիենայի ապահովման գործընթացում ներգրավված պետական տարբեր մարմինների գործառույթների հստակեցման եւ տարանջատման վերաբերյալ։

Մասնակիցները համակարծիք էին, որ ուղեկցման եւ պահպանության ոլորտում գործառույթների ներկայիս ոչ հասցեական բաշխվածությունը եւ օրենսդրական առկա լուծումներից չբխող պրակտիկան ՆԳՆ ոստիկանության համար առաջացնում է լրացուցիչ ծանրաբեռնվածություն եւ չի բխում ՀՀ կառավարության որդեգրած ոլորտային գործառույթների որոշակիացման մոտեցումից։

Հանդիպմանը նախորդած աշխատանքային քննարկումների եւ հանդիպման ընթացքում հնչած տեսակետների համադրմամբ, որպես ամփոփում, ընդունելի մոտեցում է ձեւավորվել առ այն, որ՝

– ձերբակալված, կալանավորված անձանց եւ դատապարտյալների ուղեկցման ու պահպանման գործընթացում, որպես պետական մարմինների գործառույթների սահմանազատման սկզբունք, պետք է հիմք ընդունվի այն հանգամանքը, թե նշված անձինք, որ մարմնի շահառու են հանդիսանում տվյալ փուլում։ Ըստ այդմ, ձեւավորվել է մոտեցում, որ վերջնարդյունքում ձերբակալվածների ուղեկցումը պետք է իրականացվի ՆԳՆ ոստիկանության, կալանավորված եւ դատապարտյալների ուղեկցումը՝ Քրեակատարողական ծառայության կողմից։

– նշված ծառայությունների կողմից դատարան ներկայացված ձերբակալված, կալանավորված անձանց եւ դատապարտյալների պահպանությունը այդ պահից մինչեւ վերջիններիս դատարանում գտնվելու անհրաժեշտության վերացումը պետք է իրականացվի Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կողմից։

– դատարանում պահպանության տակ գտնվելու ընթացքում պետք է երաշխավորվի անձի սնվելուեւ այլ վերաբերելի իրավունքները։

– պետք է մշակվեն դատարանում առկա խցերի տիպային մոդելն ու չափանիշները՝ առկա եւ նոր դատարանների համար հնարավոր լուծումներով, ու դրանցում ազատությունից զրկված անձանց պահելու իրավական ռեժիմները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

 

 

ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐԱՆՈՑՆԵՐ՝ ՈՍԿԵՊԱՐՈՒՄ

Տարածված խոսակցություններ կան, որ առաջին փուլով Ադրբեջանին հանձնվելու են Տավուշի մարզի տարածքում գտնվող, խորհրդային ժամանակ ադրբեջանաբնակ Աշաղը Ասպիքարա (Ներքին Ոսկեպար), Բաղանիս-Այրում, Խերմիլի, Ղզլհաջիլի  գյուղերը, ավելի ճիշտ՝ ավերակներով այն տարածքները, որտեղ գտնվել են այդ գյուղերը։  Նոյեմբերյան խոշոր համայնքի սահմանամերձ  Ոսկեպար գյուղի  հարակից տարածքում՝ հայ-ադրբեջանական փաստացի սահմանից  բավականաչափ հեռու՝ թիկունքում, հողաշինական աշխատանքներ են կատարվում, բնագծեր են փորվում։ Ոսկեպարի բնակիչները կարծում են, որ  դրանք պաշտպանական 2-րդ կամ 3-րդ բնագծեր են, նրանց խոսքերով՝  դրանց կառուցումը սկսվել է դեռեւս 7 տարի առաջ՝ 2017 թվականին։ Ոսկեպարցիների բնակիչներից ոմանք  էլ կարծում են, որ դա արվում է  այն նպատակով, որ Աշաղը Ասպիքարա (Ներքին Ոսկեպար) գյուղի տարածքը հանձնելուց հետո հայ-ադրբեջանական սահմանագիծը փոխվելու, դեպի Հայաստանի տարածք նահանջելու   է, եւ ներկայումս կառուցվող 2-րդ բնագծով նպատակ կա ամրացնել նոր ձեւավորվելիք  սահմանի պաշտպանությունը։ Ոսկեպար գյուղի տարածքում է գտնվում Ռուսաստանի զինուժի զորանոցը, որի շինարարության համար ՀՀ կառավարության առաջարկով Նոյեմբերյան համայնքի ավագանին  Ոսկեպար բնակավայրի հողերից 2 հեկտար տարածք  նվիրաբերել է։ Ռուսաստանի զինուժի համար նման մի զորանոց էլ կառուցվել է Բերդ  խոշոր համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղի  հարակից գոտում՝ խորհրդային ժամանակ գործած փոքր օդանավակայանի տաարածքում; Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փաստացի հրաժարվել է  Ռուսաստանի միջնորդությամբ  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանագծում եւ սահմանազատում իրականացնելուց։ Այս պայմաններում անհասկանալի ու անտրամաբանական է  Ոսկեպարում եւ Այգեպարում ռուսական զինուժի առկայությունը, հավաքովի մոդուլներից սարքված այդ զորանոցների գոյությունը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ նրան հարցնելով՝ Տավուշի մարզի սահմանագոտում, անկլավ հանդիսացող կամ այդպիսին չհանդիսացող,  նախկինում ադրբեջանաբնակ գյուղերի հարակից տարածքներում  ՊՆ-ն հողաշինական ինչ   աշխատանքներ է կատարում, ինչ նպատակով, Տավուշի մարզի Ոսկեպար եւ Այգպար գյուղերի սահմանամերձ տարածքներում Ռուսաստանի զինուժի կողմից  կառուցված, հավաքովի կոնստուկցիաներով  շենքերը ինչ նպատակով են կառուցվել, ներկայումս դրանք որպես ինչ են ծառայում։ ՀՀ  պաշտպանության նախարարությունից դեռեւս պատասխան չենք ստացել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս