«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ որոշում ունի՝ բռնի տեղահանված արցախցիներին փոխանցված միջազգային գումարների հետ կապված։
Հիշեցնենք, որ 2023 թվականին նախատեսված էր Արցախին փոխանցել 144 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը։ Եթե այս թվին՝ 144 մլդ դրամին, գումարենք նաեւ Ճապոնիայի կողմից արցախահայերին տրամադրված 2 միլոն դոլարը, որը համարժեք է 820 մլն դրամի, ավելացնենք ԱՄՆ-ի կողմից տրամադրված 11 մլն դոլարը, որը համարժեք է 4 մլդ 716 մլն դրամի, նաեւ Եվրահանձնաժողովի կողմից փոխանցված 10.4 մլն եվրոյին համարժեք 4 մլդ 506 մլն դրամը, Լատվիայի կողմից հատկացված 350 հազար եվրոյին համարժեք 151 մլն դրամը, Շվեյցարիայի կողմից տրամադրված 1,5 մլն ֆրանկին համարժեք 675 մլն դրամը, Կանադայի կողմից տրամադրված 2,5 մլն դոլարին համարժեք 1 մլդ 25 մլն դրամը, կստացվի 155 մլդ 893 մլն դրամ։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է այս գումարները այլ կերպ ծախսել։ Նա սահմանել է թեորեմ, ըստ որի՝ չեն առանձնացվելու արցախցիները, իսկ գումարները ծախսվելու են ոչ թե հենց արցախցիների, այլեւ ՀՀ բոլոր անտուն քաղաքացիների համար։
Սրանից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է արտասահմանից՝ տեղահանված արցախահայերի կարիքների համար եկած գումարներով բարելավել Հայաստանի սոցիալ- տնտեսական վիճակը եւ վերագրել իրեն այդ գործողությունները։ Այս քայլը հետագայում կօգնի նրան գլուխ գովել նախընտրական քարոզարշավներում՝ այդ ամենը վերագրելով իրեն։
Հիշեցնենք, որ նախագիծ է շրջանառվում, ըստ որի՝ յուրաքանչյուր տեղահանվածի պլանավորում են փոխանցել 3 մլն ՀՀ դրամ, որպեսզի բնակարան գնեն: Պարզ է, որ նրանք այդ գումարներով միայն հեռավոր սահմանամերձ բնակավայրերում կկարողանան տուն գնել, քանի որ պահանջարկ չկա այդ հատվածներում։
Այսօր Երեւանի ավագանիում թեժ է լինելու: Ավագանին քննարկելու եւ արդեն վերջնական հաստատելու է տրանսպորտի ուղեվարձի թանկացման աղմկահարույց նախագիծը: Չնայած հանրային դժգոհություններից հետո քաղաքային իշխանությունները տպավորություն ստեղծեցին, թե մտադիր են ընդառաջ գնալ եւ որոշակի զիջումներ կատարել, բայց, ահա, այսօր երկար չարչրկված նախագիծը կդրվի ավագանու հաստատմանը: Տրանսպորտի ուղեվարձի թանկացումներն ուժի մեջ կմտնեն այս տարվա սեպտեմբերի 1-ից: Իսկ որքա՞ն կթանկանա տրանսպորտի ուղեվարձը, որքա՞ն քաղաքացին պետք է վճարի տրանսպորտով երթեւեկելու համար, բարդ մաթեմատիկա է: Այսպիսով, ըստ նախագծի՝ առաջարկվում է տարեկան կտրվածքով երթեւեկության համար տրանսպորտի ուղեվարձը դարձնել փաթեթային համակարգով 90.000 դրամ՝ քարտային տարբերակով, իսկ եթե ձեռք եք բերում էլեկտրոնային կրիչ, ապա՝ 88.000 դրամ: 1 ամսվա համար տրանսպորտի ուղեվարձի փաթեթը կդառնա 9000 դրամ, 1 օրվա համար 8 անգամ երթեւեկելը կարժենա 900 դրամ, իսկ 7 օրվա համար առավելագույնը 30 անգամ տրանսպորտով երթեւեկելը՝ 5000 դրամ, 90 րոպե երթեւեկելը կարժենա 300 դրամ: 30 օրում 10 ուղեւորության համար քաղաքացիները կվճարեն 2200 դրամ: Նշենք, որ եթե քվորում լինի, եւ նիստը կայանա, ապա քաղաքային իշխանությունները առանց խոչընդոտի կարող են ընդունել քաղաքացիների գրպանին հարվածող հերթական նախագիծը, որով 150-300 դրամ կդառնա ուղեվարձը: Իսկ ինչ են պատրաստվում անել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները: Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ մասնակցելու են նիստին. «Նիստին գնալու ենք, ելույթներ էլ ենք ունենալու ու ամեն ինչ անելու ենք, որ տրանսպորտի թանկացման իրենց հիմար նախագիծը չընդունվի»: «Հանրային ձայն»-ն էլ իր հերթին մտադիր է գաղտնի պահել իր որոշման մասին. մեզ խմբակցությունից հայտնեցին, որ որոշում ունեն, բայց չեն ցանկանում հրապարակել: Հաշվի առնելով նրանց գործելաոճը՝ ենթադրվում է, որ կրկին վերջին պահին կգնան եւ կապահովեն քվորում ՔՊ-ի համար, որպեսզի իշխանությունները դակեն իրենց ցանկացած նախագիծը: Դե իսկ «Մայր Հայաստան»-ից մեզ ասացին, որ եթե մյուս խմբակցությունները գնան ու քվորում ապահովեն, ապա իրենք էլ կմասնակցեն ու ելույթներ կունենան՝ քաղաքացիներին ներկայացնելով այս թանկացումների հետեւանքները: Նշենք, որ ավագանու նիստից առաջ քաղաքապետարանի դիմաց նաեւ ակցիա է նախատեսած՝ ընդդեմ տրանսպորտի ուղեվարձի թանկացման: Առավոտ 9:00-ից կսկսվեն բողոքի գործողությունները:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին կրկին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննել: Նախաքննական մարմինը Վարդազարյանից պահանջել է իր եւ Գագիկ Ջհանգիրյանի հետ զրույցի ամբողջական տարբերակը, սակայն Ռուբեն Վարդազարյանը կրկին հրաժարվել է այն տրամադրել: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկության էր մտել ԲԴԽ նախկին նախագահ Վարդազարյանի տուն՝ փնտրելով ամբողջական ձայնագրությունը, որտեղ ուշագրավ հատվածներ կան: Ինչու՞ են հիմա հիշել իրավապահները ձայնագրության ամբողջական տարբերակի մասին, հատկապես երբ Հակակոռուպցիոն կոմիտեի թեթեւ ձեռքով այդ գործը կարճվել էր, ու միայն Վարդազարյանի համառության շնորհիվ է վերաբացվել: Մինչ այդ փաստացի անգործունակ եղած Հակակոռուպցիոն կոմիտեն նոր թիրախներ է փնտրում: Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրված ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից:
Առողջապահական համակարգի հերթական «բարեփոխումը» կաթվածահար է արել Հայաստանի Հանրապետության առողջապահական ոլորտը։ «Արմեդ» համակարգի միջոցով նախարարությունը ներդրել է մի աշխատակարգ, որով 470 անուն դեղ այսուհետ կտրամադրվի միայն էլեկտրոնային դեղատոմսով։
«Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորը տարածել է հայտարարություն, ըստ որի՝ էլեկտրոնային դեղատոմսերին միացված է 705 դեղատուն՝ 1200 մասնաճյուղերով։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեղատան տնօրենները փաստում են, որ «Արմեդ» համակարգին միանալու համար կան նախատեսվող վճարումներ, քանի որ համակարգի սպասարկման ծառայությունները վճարովի են բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար: Բացի այդ, դեղատներին անհրաժեշտ են լինելու հավելյալ աշխատակիցներ, համակարգիչներ, որպեսզի կատարեն այդ աշխատանքը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առողջապահության նախարարի ներկայացրած թվերը մեծ ռիսկ են ներկայացնում։ Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ 40 հազար դեղատոմս արդեն դուրս է գրվել, բայց հարց է՝ լա՞վ է 40 հազարը, թե՞ վատ։ «Առողջության իրավունք» ՀԿ-ի տնօրեն Անուշ Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ սա լավ արդյունք չէ։ Եթե ուսումնասիրում ենք Առողջապահության նախարարության հրապարակած վիճակագրական տվյալները, ՀՀ-ում տարեկան բժշկին եւ՛ հիվանդանոցային, եւ՛ արտահիվանդանոցային դիմելիությունը 12 մլն է։ Երբ դա բաժանում ենք 12 ամսի եւ 30 օրվա, ստացվում է, որ մեկ օրում շուրջ 30 հազար բնակիչ դիմում է բժշկի։ Սրա մեջ ներառված են նաեւ առողջ մարդկանց այցերը։ Եթե սա էլ դնենք մի կողմ, ստացվում է, որ մեր երկրում ամեն օր դիմողների շուրջ 35%-ը դեղատոմս է ստանում։ Դրա մեջ են մտնում ամենաշատ նշանակումները՝ անտիբիոտիկները եւ հակասնկայինները։
Պողոսյանը հավելեց, որ սա լուրջ մտածելու տեղիք պիտի տա նախարարությանը։
Այս ամենին եթե ավելացնենք սեւ շուկայի ակտիվացումը եւ դեղերի գների անվերահսկելիությունը, ապա ամեն ինչ հասկանալի է դառնում։ Դեղորայքը թանկանալու է, իսկ դրա արդյունքները իր սպառողական զամբյուղի վրա զգալու է հասարակ քաղաքացին։