«ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԵՎ ՍՏՎԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած հինգշաբթի Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին փուլով ընդունել է տրանպորտի ուղեվարձի թանկացման նախագիծը:

 

ArmLur.am-ը զրուցել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, հայտարարել էիք, որ իշխանությունները վերջին պահին են տրանսպորտի թանկացման նախագիծն օրակարգ բերել: Դուք ներկա եք եղել նիստին, ի՞նչ կատարվեց, ինչպե՞ս իշխանությունները կարողացան ընդունել այն:

– Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել գաղտագողի, այսինքն՝ նիստը հրավիրված է եղել, բայց հարցն օրակարգ մտցրել են նիստը սկսելուց 1 ժամ առաջ՝ հրատապի տակ. թե որն էր հրատապությունն այս հարցի, չկարողացան ասել:

«Հանրային ձայն»-ի ներկայացուցիչները դուրս եկան ու չմասնակցեցին հանձնաժողովի նիստին, «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչներից միայն Պեդրո Զարուկյանն էր ներկա, իսկ մերոնցից հանձնաժողովի 3 անդամներն էլ ներկա էին:

Երբ ՔՊ-ի հետ ընդհանուր հայտարարի չեկանք, ես թվեր հրապարակելով՝ նրանց ասացի, որ վատ կառավարիչ են, ու լքեցինք հանձնաժողովի դահլիճը: Իրենք իրենցով անցկացրին նախագիծը, հարցը ներառվել է երեքշաբթի օրվա նիստի օրակարգ:

-Պարո՛ն Մանուկյան, կխնդրեմ ներկայացնել, թե տրանսպորտի միասնական համակարգի գործարկվելուց հետո ինչ փոփոխություններ են լինելու, որքան է թանկանալու տրանսպորտի գինը:

-Իմ կարծիքով՝ միջինը քաղաքացու համար տրանսպորտը 200 դրամ է արժենալու:

Ուշագրավ է, որ իշխանությունները նույնիսկ ֆինանսական հիմնավորում չունեին նախագծի համար: Ինձ համար ընդունելի չէր, որ քաղաքապետարանի պաշտոնյաները, կոնկրետ՝ Սուրեն Գրիգորյանը, չկարողացավ թիվ հնչեցնել, թե որքան գումար է հավաքագրում «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ն: Իմ հարցին, թե «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ին որքան սուբսիդիա է տրամադրվում, պարզվեց՝ 4 մլրդ 32 մնլ դրամ, այսինքն՝ իրենց պնդումը, թե 7 մլրդ է, սուտ էր դա: Քաղաքացիների համար պարզ լինելու համար, թե ավտոբուսը օգուտով է աշխատում, թե վնասով, բացատրեմ. սուբսիդիա՝ գումարած իրենց հավաքած գումարը. այսպես է ձեւավորվում նրա գումարը:

Երբ իրենց հարցնում եմ՝ օրական որքան է հավաքագրում, ասում են՝ ստվերը մեծ է, չենք կարող ասել, հարցնում եմ՝ որքան, ասում են՝ ստվերը 50 տոկոսից ավել է: Այսինքն՝ եթե մենք նույնիսկ հիմք ընդունենք իրենց ասած 550.000 թիվը եւ ընդունենք, որ կեսից մի փոքր ավել են կարողանում հավաքագրել, ապա 250.000 հազար իրենց մոտ ստվերն է ստացվում: Այս իշխանությունները չեն կարողանում կառավարել ու ստվերը վերացնել. եթե ստվերը վերացնում ես, ուրեմն սուբսիդիայի կարիք չի լինում ու չի թանկանում:

-Հայտարարել էիք, որ եթե տրանսպորտի գինը թանկանա, դուրս եք գալու փողոց ակցիաների ու թույլ չեք տալու դա: Ի՞նչ եք պատրաստվում անել:

-Ես այսպես եմ պատկերացնում. քանի որ հանրությունը դեռ առարկայական չի պատկերացնում, որ թանկացել է, մեր հանրության մոտ այսպես է՝ երբ առաջին անգամ վճարում է, նոր գիտակցում է, որ թանկ է վճարում: Պետք է լինի հանրային ճնշում, քաղաքացին պետք է պաշտպանի իր շահերը, եւ ընդդիմությունը պետք է լինի քաղաքացու կողքը, այլ ոչ թե ընդդիմությունը խնդրի, որ քաղաքացին լինի իր կողքը: Ժողովուրդը պետք է իր շահերը պաշտպանի, մենք նրանց կողքին ենք, պատրաստ ենք ծառայել նրանց հրամանին:

-Նախագիծը մարտի 12-ի ավագանու նիստում կդրվի վերջնական քննարկման. մասնակցելու՞ եք նիստին:

-Ես վստահ եմ, որ մեր խմբակցությունը օրինագծի քվեարկությունը կբոյկոտի. բոյկոտը միակ գործիքակազմն է, քանի որ դեմ քվեարկելը դա նույնն է, ինչ կողմ քվեարկելը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

«ՁՐԻ» ՀԱՆԳԻՍՏ Է ՎԱՅԵԼՈՒՄ

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, քաղաքացիներին դատարան հասցնելով եւ դատարանում հաղթանակի հասնելով, իր հանգիստն է անվճար անցկացնում Միլանում:

 

Մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ գրված էր. «Միլանի իմ հանգիստը հովանավորվում էր … մի անձի կողմից, ով վիրավորել էր ինձ ու դատարանի որոշմամբ վիրավորանքի համար փոխհատուցել:

Հետեւաբար մի՛ վիրավորեք մարդկանց, թե չէ հետո կարող եք անակնկալի գալ, հետո էլ` տխրել»: Կից տեղադրել է նկար, որտեղ երեւում է թե ինչպես նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը հրապարակավ ներեղություն է խնդրում նախարարի տեղակալից:

ArmLur.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, թե Լենա Նանուշյանը ում է դատի տվել, եւ դատարանում 1 միլիոն դրամ փոխատուցում ստանալով՝ ինչպես է «ձրի» հանգիստն անցկացնում Միլանում, եւ մի բան էլ հրապարակային այդ մասին գրառում կատարում:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը, որը հայտնի է քաղաքապետարանի «կոյուղաջրերի» միջադեպից, 2021 թվականին երեք հրապարակման միջոցով վիրավորական արտահայտություններ է գրել փոխնախարար Լենա Նանուշյանի հասցեին:

Նանուշյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով դատական վճռին, գրել է. «Կովիդ վակցինացիայի ընթացքում Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի հանդեպ հնչած վիրավորանքների պակաս չենք ունեցել: Ով տեղից ելնում, որոշում էր անձնական վիրավորանք հասցնել, այնինչ գիշեր-ցերեկ անում էինք մեր գործը՝ մարդկանց կյանքեր փրկելու համար: Այս դատավճիռը, մանավանդ՝ 1 մլն փոխհատուցումը, հուսամ կսթափեցնի որոշ մարդկանց, որոնք մտածում էին, թե իրենց կարելի է մարդկանց պատվի ու արժանապատվության հետ խաղալ՝ անպատիժ մնալով: Շնորհակալություն փաստաբանիս ու իր թիմին արդարություն գտնելու ճանապարհին օգնելու համար»:

Ք. Մ.

 

 

ԱՐԴԵՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է

«Սահմանազատման գործընթացի շրջանակներում կլուծվի նաեւ Ադրբեջանի 4 էքսկլավային գյուղերի (Յուհարի Ասիփարա, Սոֆուլու, Բարխուդարլի եւ Քյարքի) ազատման հարցը, որոնք օկուպացրել է Հայաստանը»,- նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ վարչապետը արդեն համաձայնել է այդ գյուղերը հանձնել։ Ըստ Դանիելյանի՝ Փաշինյանի վերջին ամիսների ելույթները վկայում են հենց այդ մասին. «Որքանով ես եմ հասկանում, գործող վարչապետը արդեն համաձայնել է այդ գյուղերը հանձնել. վերջին ամիսների ելույթները լսե՛ք, դրա մասին են, եւ նաեւ այնտեղ՝ սահմանագծում գտնվող զինվորների տրված հրահանգներից կարելի է ասել, որ իրենք արդեն համաձայնել են եւ դեռ չգիտեն՝ ինչպես ներկայացնեն Հայաստանի հասարակությանը»,- ասաց քաղաքագետը: Քաղաքագետը վստահ է, որ Հայաստանը պաշտպանելու համար պետք է ներկա կառավարությունը հրաժարական տա, պետք է նորմալ քաղաքական ընդդիմություն ձեւավորվի, ձեւավորվի արտաքին քաղաքականություն, հանրության հոգեբանությունը փոխվի, եւ այդ դեպքում ոչ միայն 4 գյուղը չենք կորցնի, այլ նաեւ ապագայում գյուղեր, տարածքներ:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԿՐԿԻՆ ԽԱԲԵԼ Է

Ո՛չ Հայէլեկտրոյի, ո՛չ էլ ադամանդի գործարանը չկառուցվեց. Նիկոլ Փաշինյանը խաբել է: 2018 թվականի նոյեմբերի 27-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացած նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ. ««Հայէլեկտրո» գործարանի տարածքը հայ ներդրողն արդեն վերցրել է եւ մտադիր է այնտեղ մեքենաշինական ոլորտի գործարան ստեղծել, որը ենթադրում է մի քանի հարյուր աշխատատեղ ստեղծել»: Սակայն «Հայէլեկտրո» գործարանի տարածքում Նիկոլ Փաշինյանի խոստացած գործարանը, այն էլ՝ մի քանի հարյուր աշխատատեղով, չի բացվել։ Նույն քարոզարշավի շրջանակներում նա խոստացավ. «Երեկ մի ներդրող մոտեցավ եւ ինձ ասաց, որ Կոտայքի մարզում ադամանդագործության ոլորտում ադամանդի մշակման մեծ գործարան ունի ու հիմա մեծ ներդրում է անում, եւ 2 հազարի չափ նոր աշխատատեղ է ստեղծվելու»: Իրականում Կոտայքի մարզում 2000-ի չափ նոր աշխատատեղեր ունեցող ադամանդի գործարան 2018 թվականից հետո չի բացվել։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է:

 




Լրահոս