ԻՍՊԱՆԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է նպատակաուղղված պատժամիջոցներ կամ այլ պատիժներ սահմանի այն անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնք  պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման եւ ապագա խախտումները կանխելու համար։

 

«Ըստ երեւույթին, սա այն գիծն է, որն առաջարկվում է Եվրախորհրդարանի կողմից։ Այդուհանդերձ, ես այդքան էլ լավատես չեմ այս հարցում՝ հաշվի առնելով, որ Ալիեւի ռեժիմը 2020-2023 թվականներին կազմակերպել է ԼՂ-ի ամբողջ բնակչության էթնիկ զտում, սակայն պատժամիջոցներ չեն ընդունվել»,-  ափսոսանք հայտնեց իսպանացի պատգամավորը:

Անդրադառնալով միջազգային հանրությունից ակնկալվող հստակ քայլերին՝ պատգամավորը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից իրականացվող խախտումներին եւ վանդալիզմին վերջ դնելը պահանջում է բազմակողմանի մոտեցում՝ ներգրավելով ինչպես դիվանագիտական ու իրավական, այնպես էլ մշակութային ջանքեր:

«Թեեւ միջազգային հանրությունը դիվանագիտական երկխոսության մեջ է Ադրբեջանի եւ Հայաստանի հետ՝ ձգտելով հասնել վերջնական խաղաղության, այդուհանդերձ, առանց հենց Լեռնային Ղարաբաղում՝ գետնի վրա իրավիճակը վերահսկող անկախ միջազգային մոնիտորինգի մեխանիզմների, անհնար կլինի պաշտպանել տեղի հայկական ժառանգությունը»,- ընդգծեց պատգամավորը։

Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ հայկական կողմը եւս այստեղ անելիքներ ունի, եւ անհրաժեշտ է, որ օգտագործի բոլոր օրինական միջազգային հարթակները եւ ինստիտուտները, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ Արդարադատության միջազգային դատարանը, որոնք պետք է պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանին մշակութային այս նոր ոչնչացման համար։

«Քաղաքացիական հասարակությունը պետք է խրախուսի մշակութային կրթության եւ իրազեկման ծրագրերը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակով:  Լրատվամիջոցների, հանրային իրազեկման քարոզարշավների միջոցով պետք է բարձրացնել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման կարեւորության մասին իրազեկվածությունը»,- հավելեց պատգամավորը։

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Ադրբեջանի վարչակարգի ձեռնարկած գործողությունները Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության միջազգային նորմերի եւ սկզբունքների կոպտագույն խախտում են հանդիսանում։

«Այդ նորմերը միանշանակ արգելում են ուժի կիրառումը եւ ինքնիշխան ազգերի տարածքային ամբողջականության ոտնահարումը։ Ադրբեջանի կողմից իրականացվող համառ խախտումները ոչ միայն խաթարում են տարածաշրջանային կայունությունը, այլեւ քայքայում են հարեւան պետությունների միջեւ վստահության եւ համագործակցության հիմքերը», – ընդգծեց պատգամավորը՝ անդրադառնալով  այն դիտարկմանը, որ Ադրբեջանը, 2021 թվականից սկսած, խախտել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ մի քանի անգամ հարձակվելով եւ օկուպացնելով որոշ տարածքներ։

Պատգամավորի պնդմամբ՝ միջազգային հանրության համար այս հանգամանքը հրամայական է, որպեսզի Ալիեւի ռեժիմի դեմ վճռական միջոցներ կիրառվեն։

«Չնայած այս մտահոգիչ զարգացումներին՝ Եվրամիությունը ձեռնպահ է մնացել Ադրբեջանի կամ նրա ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառելուց։ Այս խախտումներին չանդրադառնալը ոչ միայն քաջալերում է հետագա ագրեսիան, այլեւ ստեղծում է վտանգավոր նախադեպ, որը սպառնում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանը եւ անվտանգությանը», –  հայտարարեց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիների խնդրին, որոնց թվում են նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, իսպանացի պատգամավորն ասաց, որ նրանք պետք է ազատ արձակվեն եւ կարողանան վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։

«Ալիեւի ռեժիմի տակ գտնվող ադրբեջանցի քաղբանտարկյալների, այլախոհների եւ լրագրողների նկատմամբ վերաբերմունքը լավ փաստագրված է, որը բնութագրվում է մարդու իրավունքների համակարգային ոտնահարումներով եւ պատշաճ դատավարության կոպտագույն անտեսմամբ: Ուստի, Բաքվում անօրինական կերպով պահվող բոլոր հայ գերիներին պետք է ազատ արձակել  եւ թույլ տալ վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։ Նրանց՝ ընտանիքների հետ նման վերամիավորումը ոչ միայն բարոյական հրամայականի հարց է, այլեւ կարեւոր քայլ՝ տարածաշրջանում հաշտեցման եւ ապաքինման համար»,- եզրափակեց պատգամավորը։

2021 թվականից ի վեր Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ապօրինաբար օկուպացրել ավելի քան 150 քառակուսի կիլոմետր տարածք:

Բաքվում ապօրինի պահվող անձանց թվում են նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաեւ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որոնց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել եւ կեղծ մեղադրանքներ է առաջադրել  2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո։

 

 

 

Ո՞Վ Է «ԳՈԼԴ» ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՏԵՐԸ

«Գոլդ» համարանիշների աճուրդը ավարտվեց 2024 թվականի փետրվարի 28-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 7 համարանիշները վաճառվել են 156 մլն դրամով, այդ թվում է նաեւ՝ բոլորի կողմից ցանկալի 000 OO 00  համարանիշը։

 

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ համարանիշները ձեռք է բերվել «Առանցք» ՍՊԸ-ի կողմից։ Ուսումնասիրության արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացանք, որ «Առանցք» ՍՊԸ-ն պատկանում է Գագիկ Սամվելի Առուշանյանին, ով ՍՊԸ-ի տնօրենն է։

Ըստ ՀՀ ընտրողների պետական ռեգիստրի՝ Գագիկ Առուշանյանը բնակվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքում եւ գրանցված է նույն հասցեում, որտեղ գրանցված է նաեւ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, այսինքն՝ Գագիկ Առուշանյանը համայնքապետի հայրն է։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ համարանիշները գրանցված են Mercedes-benz G63 AMG 4.0 մեքենայի վրա, որը օրերս շրջում էր Երեւանի փողոցներում, իսկ ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է մեքենան։

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Առուշ Առուշանյանի հետ, սակայն ինչպես միշտ, նա որեւէ զանգի չարձագանքեց։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՆՊԱՏԱԿԸ ԲԱՆԱԿՑԵԼԸ ՉԷ

«Սահմանազատման գործընթացի շրջանակներում կլուծվի նաեւ Ադրբեջանի 4 էքսկլավային գյուղերի (Յուհարի Ասիփարա, Սոֆուլու, Բարխուդարլի եւ Քյարքի) ազատման հարցը, որոնք օկուպացրել է Հայաստանը»,- նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

ArmLur.am-ը զրուցեց քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ գյուղերի մասին է խոսքը, եւ ինչ կարելի է սպասել այս հայտարարությունից հետո։

«Խնդիրն այն է, որ իրենց ասաց 4 գյուղերը անկլավների մեջ են, որը Ադրբեջանին է տրվել ապօրինի կերպով. 4 գյուղերը դրանք են: Սահմանը անցնում է գյուղերի կողքով կամ գյուղի միջով, այդտեղի որոշ մասերը մեր հսկողության տակ են, որոշը՝ իրենց, իսկ ամենակարեւորն այն է, որ Ադրբեջանը չի ասում այն, որ 2021 թվականի մայիսից մինչեւ 2023 թվականի սեպտեմբերը Հայաստանի տարածքից ինքը ներխուժել եւ գրավել է 207 քմ տարածք, դրա մասին չի խոսվում: Ալիեւը մեկ անգամ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք մենք գրավել ենք, մերն է, դրանք մեր բարձրունքներն են:

Ալիեւի ասածն այն է, որ պետք է իր ասածները անենք, որ խաղաղության պայմանագիր կնքենք, իր ասածը դա է, ոչ թե բանակցելը, այլ իրենց պահանջը կատարելը»:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան տարածքում պայթուցիկ նետած անձանցից երկրորդ անձին իրավապահները հայտնաբերել են, ու խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Փորձեցինք տեղեկությունը պարզել ՆԳՆ-ից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ երկրորդ անձը եւս հայտնաբերվել է եւ կալանավորված է:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կալանավորվածները խոստովանել են, որ իրենք են պայթուցիկը նետել. ըստ նախնական նրանց բացատրության՝ այդ քայլին գնացել են ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին սթափեցնելու համար:

Հիշեցնենք, որ Նոյ թաղամասի 143/1 տան բակում պայթուցիկ էր պայթել: Վերոնշյալ հասցեի բնակիչ Արթուր Բաղդասարյանի բակում ենթադրյալ հանցագործները պայթուցիկ նյութ էին նետել: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնել էր, որ դեպքը ո՛չ իր հարազատների, ո՛չ ընտանիքի անդամների հետ չի կարող առնչություն ունենալ: Ավելին՝ վստահեցրել էր, որ դեպքից առաջ որեւէ միջադեպ չի եղել, որից դրդված ենթադրյալ հանցագործները կարող էին գալ ու իր բակ պայթուցիկ նյութ նետել: Իսկ թե ինչի են հատկապես իր բակ նետել, Արթուր Բաղդասարյանը նշել էր, որ միգուցե կատարվածը թյուրիմացություն է, ու ամեն ինչ կպարզեն իրավապահները: Եվ, ահա, իրավապահ համակարգում նախնական տեղեկություներ կան, որ պայթուցիկը սխալմամբ է հայտնվել Արթուր Բաղդասարյանի բակում, եւ այն ուղղված է եղել անձամբ ՔՊ-ական պատգամավորի դեմ, որի բնակարանը վերոնշյալ հատվածում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս