ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ՀՈՐԴՈՐՈՎ Է ԴԻՄԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Արթուր Գոյունյանը ArmLur.am-ի հետ զրույցում զգոնության հորդորով է դիմել արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին. «2023թ. հանրապետությունում արձանագրվել են կեղծ լիազորագրերով թանկարժեք բնակարանների իրացման շուրջ երկու տասնյակ դեպքեր, որի արդյունքում Հայաստանից տեւական ժամանակով բացակայած անձանց բնակարանները հայտնվել են անդրազգային հանցավոր խմբավորման թիրախում՝ խարդախ հնարքների կիրառմամբ օտարվել եւ դարձել են հափշտակության օբյեկտներ։

 

Հիշյալ հանցավոր խմբավորման զոհերից է հանդիսանում նաեւ փաստաբան Արթուր Գոյունյանին իրավաբանական օգնության դիմած, Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցը, ում սեփականության իրավունքով պատկանող՝ շուրջ 200.000.000 ՀՀ դրամ արժողությամբ 106 մ2 մակերեսով բնակարանը նույնպես դարձել է հափշտակության առարկա։ Վերջինիս ընտանիքն անշարժ գույքի նկատմամբ ոտնձգության մասին տեղեկացել է միայն 2024թ. մարտի սկզբներին, երբ նրանք պատահաբար պարզել են, որ իրենց բնակարանը բաժանվել է երկու մասի, այն նախկին մեկի փոխարեն ունի երկու մուտք, եւ դրանցում ընթանում են վերանորոգման աշխատանքներ։ Փաստաբանական հարցումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ բնակարանը Դաղստանի բնակչուհի հանդիսացող ՌԴ քաղաքացու անվամբ ձեւակերպված կեղծ լիազորագրով օտարվել է դեռեւս 2023թ. ապրիլին նոտարական կարգով վավերացված առուծախի պայմանագրով՝ շուկայականից մի քանի անգամ ցածր գնով՝ 58.200.000 ՀՀ դրամով։ Միաժամանակ պարզվել է նաեւ, որ բնակարանի այսպես կոչված գնորդը գործարքի ձեւակերպումից հետո բնակարանը բաժանել է երկու միավորի, որոնց նկատմամբ գրանցելով իր սեփականաության իրավունքը՝ հետագայում ցանկացել է այն օտարել՝ հավանաբար իրական բարձր գնով, սակայն դա նրան չի հաջողվել։ Վերոհիշյալ հարցումների արդյունքներով ստացված տեղեկատվության ամփոփմամբ է միայն պարզ դարձել, որ Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցը միակ զոհը չէ, որ ՌԴ նույն քաղաքացու անվամբ ձեւակերպված կեղծ լիազորագրերով նմանատիպ եղանակով հանցավոր խմբավորման անդամների կողմից օտարվել է եւս 4 բնակարան։ Ինչպես նշված 5, այնպես էլ մեկ տասնյակից ավել դեպքերով բնակարանների օտարման փաստերով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննչական վարչությունում 2023թ. սեպտեմբերին նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայաստանից դուրս բնակվող եւ տեւական ժամանակ երկրից բացակայող մեր հայրենակիցներին փաստաբանը հորդորում է միջոցներ ձեռնարկել սեփականության իրավունքով իրենց պատկանող, հատկապես Երեւանի փոքր կենտրոնում գտնվող գույքի անձեռնմխելիությունը պարզելու համար՝ հաշվի առնելով արձանագրված նմանօրինակ բազմաթիվ դեպքերը, ինչպես նաեւ այդպիսիք հետագայում ի հայտ բերելու հավանականությունը։ Առաջնահերթության կարգով անհրաժեշտ է այցելել բնակարաններ եւ ցանկացած կասկածելի հանգամանքների ի հայտ գալու դեպքում հարցումներ կատարել ՀՀ կադաստրի կոմիտե եւ սեփականության փոփոխության վերաբերյալ տեղեկատվություն ստանալիս իրավաբանական մասնագիտական օգնության համար անմիջապես դիմել փաստաբանի՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու, մեղավոր անձանց պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու եւ անշարժ գույքի նկատմամբ կորսված իրավունքները վերականգնելու նպատակով։ Հատկանշական է, որ արձանագրված դեպքերի վերաբերյալ հասանելի տեղակատվության համաձայն՝ այսպես կոչված գնորդները կասկածելիորեն ջանքեր չեն գործադրել գույքի սեփականատերերի հետ անձամբ գործարքը քննարկելու համար, վստահել են նրանց անունից հանդես եկած այլազգիներին, առուծախը ձեւակերպել են ակնհայտ էժան գնով, իսկ գործարքների բարեհաջող ավարտից հետո՝ կարճ ժամանակահատվածում, այն բարձր գնով իրացրել այլ անձանց։ Ակնհայտ կասկածելի գործարքները ենթարկվել են նոտարական վավերացման, ապա ՀՀ կադաստրի կոմիտեում ստացել պետական գրանցում։ Նկատի ունենալով, որ կեղծ լիազորագրերով անշարժ գույքի առուծախի վերաբերյալ նմանատիպ եղանակով գործարքների ձեւակերպմամբ բնակարանների օտարման հարցում ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան աշխատակիցների, նոտարների, ինչպես նաեւ այսպես կոչված գնորդների արարքներին դեռեւս վերջնական իրավաբանական գնահատական չի տրվել, եւ վերջիններիս հավանական առնչակցության հարցը պարզաբանման ենթակա է վարույթ իրականացնող մարմնի կողմից, սակայն, ամեն դեպքում, հետագայում նման դեպքերը բացառելու նկատառումներով պայմանավորված՝ ավելորդ չէր լինի, որպեսզի հիշյալ մարմիններում այսուհետ կիրառվեին հատկապես օտարազգի անձանց անվամբ ներկայացվող լիազորագրերի հավաստիության ստուգման երաշխավորված գործիքակազմեր։ Ինչ վերաբերում է հիշատակված դեպքով գնորդի բարեխղճության հարցին, ապա չխախտելով անմեղության կանխավարկածը՝ այնուամենայնիվ, հարկ է արձանագրել, որ, բարեբախտաբար, վերջինիս չի հաջողվել բնակարանը վերավաճառել, նրա կողմից ակնհայտ էժան գնով հայազգի անձնավորության սեփականությունը հանդիսացող գույքի ձեռքբերումն իբր դրա համար լիազորված դաղստանցի կնոջից, ապա հաջորդող կարճ ժամանակահատվածում բնակարանը երկու միավորի հապշտապ բաժանելը, ինչպես նաեւ գերշահույթ ստանալու ակնկալիքով դրանց օտարման խափանումը կարող է վկայել առնվազն նրա ոչ բարեխիղճ գնորդ հանդիսանալու փաստի մասին, ինչին, հուսով ենք, նույնպես կտրվի համարժեք իրավական գնահատական»։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԿԱՆՉԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը ծանուցում է ուղարկել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին որպես վկա հարցաքննելու համար: Ղուկասյանը դատարան դիմում է ներկայացրել՝ հայտնելով, որ առողջական վիճակը վատ է։

 

Հիշեցնենք, որ թաղապետը դատարան պետք է ներկայանա իր ենթակաների՝ պաշտոնեական դիրքի չարաշահման գործով: Իրավապահները կալանավորել են Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանին, նույն բաժնի առաջատար մասնագետ Արման Նվերի Հարությունյանին:

Ըստ նախաքննական մարմնի պաշտոնական տեղեկության՝ վերջիններս նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ունենալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու լիազորություն, ինչպես նաեւ նույն մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձինք, Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող «Ասֆալտ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության տնօրեն Կամո Գերասիմի Գեւորգյանի նկատմամբ իրենց ծառայողական լիազորությունների իրականացման հետ կապված ընդհանուր բերեհաճ վերաբերմունքի համար 2023 թվականի հուլիսի 11-ին Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքում Կամո Գեւորգյանից ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ կաշառք-գումար, որը վերջինս անձամբ տվել է Տիգրան Մարտիրոսյանին, որը ստացված կաշառք-գումարից 150.000 դրամը հաջորդ օրը փոխանցել է Արման Հարությունյանին։

Նկատենք, որ նախաքննական մարմինը պատասխանատվության չի կանչել Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանին այն բանի համար, թե ինչպես եղավ, որ նրա ենթակաները, առանց իր իմացության, նման պատժելի քայլի գնացին։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երեւան քաղաքի վարչական շրջաններից մեկի նախկին ղեկավարը տվյալ համայնքում գտնվող նախադպրոցական հաստատության տարածքն ապօրինի, անհատույց իրենը դարձնելու դիտավորությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ Ա. Շ.-ի հետ նշված տարածքը Երեւան համայնքից հափշտակելու վերաբերյալ: Մասնավորապես, Ա. Շ.-ն նշված հասցեի նկատմամբ իր սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ 2018թ. դիմում է հասցեագրել համայնքի ղեկավարին: Վերջինս էլ, խախտելով օրենսդրությամբ սահմանված նորմերը, համաձայն որոնց՝ տվյալ գույքը կարող է օտարվել միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, եւ օտարվելու դեպքում էլ այն կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով, կազմել է նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքի մի մասը մասնավորեցնելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետի որոշման նախագիծ: Այնուհետեւ հիշյալ պաշտոնատար անձը, նշված որոշման նախագծին կցելով կեղծ տվյալներ պարունակող պաշտոնական փաստաթղթեր, Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրականում գոյություն չունեցող՝ 2005 թվականի սեպտեմբերի 7-ով թվագրված կեղծ որոշում, համաձայն որի՝ Ա. Շ.-ն եւ վերջինիս ընտանիքի անդամները ճանաչվել են օտարվող տարածքի վարձակալ: Այսպիսով, 2018 թվականի փետրվարի 12-ին, կեղծ տվյալներ բովանդակող տեղեկանքի հիման վրա, Երեւանի քաղաքապետի որոշմամբ, նշված տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը նվիրաբերվել է վարչական շրջանի ղեկավարի մտերիմ Ա. Շ.-ին: Այնուհետեւ հափշտակված գույքին օրինական տեսք տալու եւ դրա հանցավոր ծագումը խեղաթյուրելու նպատակով հիշյալ տարածքը 2018 թվականի փետրվարի 28-ին ձեւակերպվել է Ա. Շ.-ի անվամբ, ով էլ, իր հերթին, նշված առանձնապես խոշոր չափերի՝ 18.720.000 ՀՀ դրամ շուկայական արժեքի գույքը 2019թ.-ին նվիրատվության պայմանագրով փոխանցել է վարչական շրջանի ղեկավարի դստերը:

Բացի այդ, վերը նշված պաշտոնատար անձը կազմել է միայն ուսումնական նպատակներով օտարելու ենթակա մեկ այլ գույք մասնավորեցնելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետի որոշման ապօրինի նախագիծ, որի հիման վրա՝ մանկապարտեզի տարածք հանդիսացող՝ 77.1 քմ մակերեսով եւ 11.400.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող տարածքը նվիրատվությամբ օտարվել է իր աշխատակցին՝ Երեւան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178?րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, իսկ Ա. Շ.-ին՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

 

 




Լրահոս