ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՈՎ ՀԱՆԳԻՍՏ՝ ՄԻԼԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ գրված էր. «Միլանի իմ հանգիստը հովանավորվում էր …. մի անձի կողմից, ով վիրավորել էր ինձ ու, դատարանի որոշմամբ, վիրավորանքի համար փոխհատուցել: Հետեւաբար մի՛ վիրավորեք մարդկանց, թե չէ հետո կարող եք անակնկալի գալ, հետո էլ` տխրել»: Կից տեղադրել է նկար, որտեղ երեւում է, որ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը հրապարակավ ներողություն է խնդրում նախարարի տեղակալից:

 

ArmLur.am-ը կապ հաստատեց նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանի հետ՝ լսելու իր մեկնաբանությունը այս իրավիճակի մասին. «Ես համարում եմ, որ սա մեր ամբողջ կյանքի, մեր Հայաստանի տրադիցիայի մի փոքր մասն է, որովհետեւ սույն տիկինը ինձ համար գոյություն չունի, ինքը ինձ համար ո՛չ պաշտոնյա է, ո՛չ ինչ-որ կերպար է ինձ համար: Ինքը վիրավորել է իմ բժշկական հանրությանը, ես պաշտպանել եմ բժշկական հանրության շահը, որովհետեւ ոչ ոք չի կարող իրեն վերապահել զրկել բժիշկներին լիցենզիայից, այդ մարդիկ իր դուրը գան, թե չգան: Լկտի ձեւով արտահայտվեն բժիշկների հասցեին, եւ ցանկացած մեկը՝ դա կլինի ձեր նշած անձը, կլինի ավելի բարձրաստիճան պաշտոնով մեկը, կլինի սարի չոբան, ով ուզում է լինի, իմ սպիտակ խալաթը կրող բժշկական հանրության մասին ոնց էլ վատ արտահայտվի, պատասխան է ստանալու նույնկերպ կամ ավելի կոշտ»: Նրա խոսքով՝ Լենա Նանուշյանի մասին չէ խոսքը, այլ խնդիրը դատական համակարգի մեջ է. դատավորները գտնում են, որ կարելի է վիավորել ինչ-որ մասնագիտական հանության, եւ նա այս պարագայում չի խուսափում տվյալ դատավորի կերպարով վիրավորել դատական հանրությանը: Մարինա Խաչատրյանը չի պատրաստվում որեւէ բան անել: Նրա խոսքով՝ դատարանը օրենքի խախտումով վճիռ է կայացրել: «Ներկայիս ԲԴԽ-ի՞ն պիտի դիմեմ իր ԲԴԽ նախագահով, այս դատավորի՞ն պիտի դիմեմ այս իշխանության օրոք. ո՞վ են իրենք: Իրենք իրենց պատասխանը ու պատիժը կստանան որոշ ժամանակ անց, որովհետեւ բոլորն էլ լավ գիտակցում են, որ ամեն ինչ անցողիկ են՝ եւ՛ լավը, եւ՛ վատը. իրենք բոլորը կորցնելու են իրենց պաշտոնները, իրենք կանգնելու են ոչ միայն հայկական, այլ նաեւ միջազգային դատարանի առաջ (ես այդ ամենը հոգալու եմ): Ուղղակի հիմա իմ հայրենիքն է վտանգի մեջ, իմ հայրենիքն է կանգնած գոյաբանական խնդրի մեջ, ու ես հիմա նման փոքրիկ կերպարներին անդրադառնալուն իմ ժամանակը չեմ տրամադրի»,- ասաց նա: Մարինա Խաչատրյանը, ի պատասխան նրան, որ Լենա Նանուշյանը դատարանում ստացած փոխհատուցման գումարով մեկնել է Միլան, ասաց. «Այսօրվա պաշտոնյաները փաստացի, իմ ձեւակերպմամբ, իրենց ապօրինի ձեւով ստացած գումարները ծախսում են հաճույքների վրա. դա իրենք չեն մարսելու: Հույս ունեմ, որ Նանուշյանն իր մեջ խղճի պատառիկներ կգտնի ու Միլանից ցավակցական հեռագիր կուղարկի այսօր Երեւանում ջրծաղիկից մահացած 9-ամյա բալիկի ծնողներին»: Հիշեցնենք, որ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը 2021 թվականին երեք հրապարակման միջոցով վիրավորական արտահայտություններ է գրել փոխնախարար Լենա Նանուշյանի հասցեին: Նանուշյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով դատական վճռին, գրել է. «Կովիդ վակցինացիայի ընթացքում Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի հանդեպ հնչած վիրավորանքների պակաս չենք ունեցել: Ով տեղից ելնում, որոշում էր անձնական վիրավորանք հասցնել, այնինչ գիշեր-ցերեկ անում էինք մեր գործը՝ մարդկանց կյանքեր փրկելու համար: Այս դատավճիռը, մանավանդ՝ 1 մլն փոխհատուցումը, հուսամ կսթափեցնի որոշ մարդկանց, որոնք մտածում էին, թե իրենց կարելի է մարդկանց պատվի ու արժանապատվության հետ խաղալ՝ անպատիժ մնալով: Շնորհակալություն փաստաբանիս ու իր թիմին արդարություն գտնելու ճանապարհին օգնելու համար»:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

«ԵՐԵՎԱՆՑԻՆ ՊԵՏՔ Է «ՈՉ»-Ը ԱՍԻ»

Երեւանի ավագանու՝ մարտի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված է միասնական տոմսային համակարգի ներդրման մասին նախագիծը, որով ուղեվարձը թանկանալու է։ Այս խնդրով ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ վաղը քաղաքապետարանի շենքի առաջ տեղի է ունենալու «Դեմ եմ տրանսպորտի թանկացմանը» ակցիան, որին ինքը եւս մասնակցելու է եւ հայտնելու է իր անհամաձայնությունը։

 

Այս հարցով ArmLur.am-ը կապ հաստատեց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք իրենց կուսակցությունը մասնակցելու է եւ հայտնելու է իր անհամաձայնությունը, ինչին ի պատասխան՝ Աբգարյանն ասաց. «Մենք վաղը նիստի ենք լինելու եւ, բնականաբար, այդ ժամին լինելու ենք այդտեղ. իհարկե, կշփվենք մարդկանց հետ, ու դա բնական է։ Դիրքորոշում իհարկե հայտնելու ենք, մեր դիրքորոշումը չի փոխվել, եւ մենք միշտ էլ նույնն ենք կրկնում, որ 100 դրամից ավելը մեզ համար անընդունելի է, որ քաղաքացիներից գանձեն»։ Աբգարյանի խոսքով՝ տոմսը չի կարող 100 դրամից ավելի արժենալ, եւ այս փաթեթները ձեռնտու են օրական 4 եւ ավել անգամ տրանսպորտից օգտվող մարդկանց, բայց մնացածի համար սա անհեթեթություն է։ Անդրադառնալով նաեւ տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերին, երբ տրանսպորտի թանկացման համար շատ հայտնիներ ցուցանակներով դուրս էին եկել պայքարելու 150 դրամի դեմ, Աբգարյանն ասաց. «Այդ նույն մարդիկ, որոնք «օլիգարխների» դեմ էին պայքարում, այսօր շատ լավ էլ հարմարվել են այդ ամենի հետ, պարզապես նախկին համակարգը դարձրել են իրենցը, եւ իրենց հիմա շատ հաճելի է այդ ամենը։ Սա ընդհանուր տրամաբանության մեջ է մտնում, որ, որպես այդպիսին, հեղափոխություն տեղի չի եղել, նրանք պարզապես տեղավորվել են աթոռների վրա, եւ նույն համակարգը պահպանելով, նույն հենասյուների վրա, նույն մեթոդներով ընտրությունների գնալը նաեւ անիմաստ բան է դարձել։ Դրա համար ես չեմ զարմանում, որ նրանք լռում են, որ համաձայն են։ Նրանք մոռացել են, որ Քոչարյանին մեղադրում էին նույն բանի համար։ Հիմա իրենք են նույնը համարում նորմալ, այնպես որ, պարզապես ժամանակը ապացուցեց, որ իրենք ոչ թե սկզբունքների համար էին պայքարում, այլ ուզում էին, որ այդ ամենը իրենցը լինի, եւ իրենք անեն»։ Աբգարյանը նաեւ նշեց, որ երեւանցիները թույլ չպետք է տան, որ այդ նախագիծը ընդունվի։ «Երեւանցին պետք է «ոչ»-ը ասի, քանի որ օրենքը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից, եւ երեւանցիները ունեն իրավունք չենթարկվելու քաղաքապետարանի որոշմանը, այսինքն՝ չվճարել այդ գումարը»,- եզրափակելով զրույցը՝ ասաց Աբգարյանը։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՊԱՐՏՎԵՑ

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի  ԺՊ Արա Խլոյանի 2021 թ. հունիսի 25-ի հրամանով՝ Արտակ Հարությունյանն ազատվել է ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի պետի պաշտոնից։ Վերջինս դիմել է դատարան։ 2022 թ. ապրիլի 27-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել  է հայցը բավարարել, անվավեր ճանաչել Ա. Խլոյանի վերոհիշյալ  հրամանը, Ա. Հարությունյանին վերականգել իր նախկին աշխատանքում, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ Ա. Հարությունյանի բռնագանձել միջին աշխատավարձը՝ հաշվարկը կատարելով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։ Ա. Հարությունյանը կրկին դատարան է դիմել, այս անգամ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Ռոբերտ Ալիխանյանի՝ 2023թ? մարտի 24-ի թիվ 67-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջով։ Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար  Ա. Հարությունյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն: Դիմելով դատարան՝ նա  հայտնել է, որ 2023թ. մարտի 23-ին ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ժ. Սահաբալյանի եւ  այդ ՊՈԱԿ-ի աշխատակցի կողմից ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ  Ռ. Ալիխանյանին ներկայացվել են զեկուցագրեր, որով հայտնել են, որ 2023թ. մարտի 19-ին «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղում մասնաճյուղի ղեկավար Ա. Հարությունյանը քաղաքացուն թույլատրել է  7-րդ պահաբաժնում իրականացնել փայտանյութի ինքնապատրաստում, որ Ա. Հարությունյանը խախտել է ազգային պարկի տնօրենի բանավոր ցուցումը՝ առանց ղեկավարությանը տեղեկացնելու հանգստյան օրն  ինքնագլուխ գործունեություն է ծավալել: Հայցվորը դատարանին հայտնել է, որ 2023թ. մարտի 24-ին ստանալով նշված զեկուցագրերը՝ ինքը բացատրություն է ներկայացրել տնօրենի ժՊ Ռ. Ալիխանյանին, որով հայտնել է, որ վերահսկել է փայտանյութի ինքնապատրաստման աշխատանքները, իսկ նշված օրն աշխատելը բխել է բացառապես իր աշխատանքային պարտականություններից: 2023թ. հուլիսի 31-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է հայցը բավարարել, անվավեր ճանաչել Ռ. Ալիխանյանի 2023թ. մարտի 23-ի թիվ 67-Ա հրամանը, «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ Ա. Հարությունյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, այդ  ՊՈԱԿ-ից  պետական բյուջե բռնագանձել 20.000  դրամ՝ որպես պետական տուրքի գումար: Այդ վճռի դեմ ««Դիլիջան» ազգային պարկը» վերաքննիչ բողոք է ներկայացրել։ 2024թ. մարտի 1-ին վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Լ. Հովհաննիսյան) որոշել է վերաքննիչ բողոքը մերժել, դատարանի 2023թ. հուլիսի 31-ի վճիռը թողնել անփոփոխ; Այդ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ նույն ժամկետում կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս