Երեւանի ավագանին մարտի 12-ին արդեն վերջնական կընդունի տրանսպորտի ուղեվարձի թանկացման նախագիծը: Այն իրենից ենթադրում է մի քանի փաթեթներ, որոնք կսկսեն գործել թանկացումից հետո տրանսպորտով ուղեւորափոխադրումների համար:
Ըստ նախագծի սկզբունքի՝ մեկ տարվա կտրվածքով երթեւեկության համար նախատեսված է մեկ անձի համար տրանսպորտի ուղեվարձը դարձնել 90.000 դրամ՝ քարտային տարբերակով, իսկ եթե ձեռք եք բերում էլեկտրոնային կրիչ, ապա՝ 88.000 դրամ: Ստացվում է՝ 1 ամսվա համար վճարվելու է 9000 դրամ, 1 օրվա համար 8 անգամ երթեւեկելը կարժենա 900 դրամ, իսկ 7 օրվա համար առավելագույնը 30 անգամ տրանսպորտով երթեւեկելը՝ 5000 դրամ, 90 րոպե երթեւեկելը կարժենա 300 դրամ: 30 օրում 10 ուղեւորության համար քաղաքացիները կվճարեն 2200 դրամ: Նախագիծն առաջարկում է նաեւ տարեկան փաթեթ՝ 365 օրում անսահամանափակ երթեւեկելու համար՝ 90.000 դրամ: Կանխիկ գումար չունենալու դեպքում ուղեւորին հնարավորություն է տրվում ուղեվարձը վճարել Telcell էլեկտրոնային համակարգով, սակայն Telcell-ով վճարելու դեպքում էլ քաղաքացին պետք է ունենա նույնականացման դրամապանակ, որի բացակայության դեպքում էլ համակարգը տոմս գնելու թույլտվություն չի տալիս: Նախագծի սկզբունքներն ուսումնասիրելով՝ հասկանալի է դառնում, որ եթե նախագիծն ընդունվի, ապա քաղաքացիների մեծամասնությունը նախընտրելու է գնել էլեկտրոնային կրիչ՝ 90 հազար դրամի փոխարեն վճարելով 88 հազար: Երեւանի ավագանին, նոր նախագիծ մշակելով, մոռացել է հետեւել կանգառներին եւ ականատես լինել, թե ինչպես են քաղաքացիները ժամերով սպասում երթուղայինի, կամ թե ինչպես են իրենց մի կերպ խցկում երթուղայինի մեջ եւ այդպես անգամ ժամեր տեւող՝ տուն կամ աշխատանքի տանող ճանապարհն անցնում: Երեւանի հասարակական տրանսպորտի փոփոխման, բարելավման եւ համալրման արդյունքում պարզ դարձավ, որ հասարակական տրանսպորտային երթուղիները դեռեւս լիարժեք չեն ապահովում քաղաքացիների սպասարկման որակը: Նախագծի ընդունելուց հետո, չի բացառվում նաեւ, որ շատերը կնախընտրեն տաքսու ծառայությունից օգտվել կամ էլ անձնական ավտոմեքենա ձեռք բերել: Երեւանի ավագանու կողմից մշակված նախագիծը չընդունելու համար ընդիմադիր ավագանին եւ քաղաքացիները նույն օրը՝ մարտի 12-ին, բողոքի ակցիա են իրականացնելու Երեւանի քաղաքապետարանի դիմաց եւ պահանջելու, որ նախագիծը չընդունվի: Հասկանալու համար, թե ինչ դիրքորոշում ունեն քաղաքացիները նախագծի վերաբերյալ, ArmLur.am-ը երեկ շրջել է Երեւանի փողոցներով, զրուցել քաղաքացիների հետ, լսել նրանց մեկնաբանությունները: Հարցված քաղաքացիները միանշանակ դեմ են նախագծի ընդունմանը: Շատերը պատրաստակամ են միանալու բողոքի ակցիային, իսկ մի մասն էլ գտնում է, որ ակցիան սպասված արդյունքը չի ունենալու՝ կարծելով, որ հանրության խոսքը հաշվի չի առնվում: «Մենք մեր երկրում երրորդ-չորրորդ կարգի մարդ ենք մեզ զգում: Այսպես որ շարունակվի, կա՛մ կգնանք ուրիշ երկիր, 7-րդ կարգի մարդ կդառնանք, կա՛մ էլ ապրելու, շնչելու համար էլ կվճարենք, ու մի նստելն էլ 1000 դրամ կդարձնեն»,- ասում է քաղաքացին: ArmLur.am-ի հետ զրույցում 70-ամյա քաղաքացին ասում է, որ ինքն էլ է դեմ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը, սակայն ցույցերին չի գնալու: Ասում է. «Իմ տարիքը արդեն անցել է, որ ցույցի գնամ, երիտասարդները պիտի բողոքեն եւ իրենց ձայնը լսելի դարձնեն»: Հարցված քաղաքացիներից մեկն էլ գտնում է, որ եթե այսպես շարունակվի, ապա ուղեվարձը մանաթով կվճարենք:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ Է ԱԶԴԵԼ
Մինչ 2024 թվականի մարտի 4-ը Արթուր Գասպարյանը զգալի ժամանակահատված զբաղեցնում էր Հայաստանի պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնը, ապա պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց: Մարտի 4-ից պաշտոնապես դարձավ ՊՊԾ պետ։
ՊՊԾ պետի տեղակալ եղած ժամանակ Գասպարյանը ներկայացրել է պաշտոնը զբաղեցնելու հայտարարագիր, որից հասկանում ենք, որ հեղափոխությունը դրական ազդեցություն է ունեցել նաեւ Գասպարյանի ունեցվածքի վրա։
Նա հայտարարագրել է Երեւանում գտնվող բնակարան՝ ձեռք բերված միանձնյա սեփականությամբ 2013 թվականին։ 2020 թվականին ձեռք է բերել բաժնային սեփականությամբ բնակարան բազմաբնակարան շենքում, կրկին՝ Երեւանում։
2021 թվականին ձեռք է բերել միանգամից 2 անշարժ գույք՝ հողամաս Աշտարակ համայնքում եւ ավտոտնակ Երեւանում՝ միանձնյա սեփականությամբ։
2022 թվականին Արագածոտնի Աշտարակ համայնքում ձեռք է բերել կրկին հողամաս։
2017 թվականին նա ձեռք է բերել 2002 թվականի MITSUBISHI մակնիշի մեքենա։
Գասպարյանի բանկային ավանդները կազմել են 5 մլն դրամ։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել է 4 մլն 800 հազար դրամ, 6 հազար դոլար, 1800 եվրո։
Նրա տարեկան եկամուտները կազմել են 15 մլն 957 հազար դրամ, որից գրեթե 14 մլն դրամը աշխատանքի վարձատրություն եւ այլ եկամուտներ են ՊՊԾ-ից, 1 մլն 352 հազար դրամ կենսաթոշակ է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Գասպարյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 16 մլն 710 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։
Բնակարանը ձեռք է բերված «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից կառուցապատվող բազմաբնակարան շենքում։ Հավելենք, որ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն պատկանում է Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը: 2024 թվականի հունվարին պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակի փոփոխությունը, ըստ ՀՀ մարզերի եւ քաղաք Երեւանի, հետեւյալն է. Վիճակագրական կոմիտեի աշխատանքի շուկայի ցուցանիշների հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ մարզերից գործազրկության ամենաբարձր ցուցանիշը դիտվել է Լոռու մարզում։ Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2023 թվականի հունվար ամսին կազմել է 48 հազար 357 մարդ, իսկ 2024 թվականի հունվար ամսին կազմել է 45 հազար 872 մարդ։ Եթե համեմատենք, կստացվի, որ այս տարի, նախորդ տարվա համեմատ, այս ցուցանիշը կրճատվել է 2 հազար 485 մարդով։ Խորհրդատվություն ստացած աշխատանք փնտրողների քանակը կազմել է 6 հազար 223 մարդ։ Աշխատուժի պահանջարկը եւ թափուր աշխատատեղերի ծանրաբեռնվածությունը հունվար ամսին կազմել են 3 հազար 156 մարդ, մեկ թափուր աշխատատեղի համար պայքարում է 20 անձ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ո՞ՐՆ ԷՐ ՊԱՏՃԱՌԸ
Արարատի մարզի բնակիչ 9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշական փորձաքննությունից հետո. այս մասին հայտնում են ԱՆ-ից։
«Երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ ցան եւ այլ ախտանշաններ: Մարտի 10-ին որովայնացավերի պատճառով դիմել են «Արարատի» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»:
Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երեւանի բուժկենտրոններից մեկը հետագա հետազոտման եւ բուժման նպատակով։
Ճանապարհին դիտվել է երեխայի վիճակի կտրուկ վատացում, սրտի կանգ, նրան տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ժամը 23:30-ին։
50 րոպե տեւողությամբ կատարված լայնածավալ վերակենդանացման միջոցառումները եղել են անարդյունավետ։
Սրտի ռիթմը չի վերականգնվել, եւ ժամը 00։20-ին արձանագրվել է կլինիկական մահ։
Ի պատասխան մամուլի հրապարակումների` հայտնում ենք, որ երեխայի մահվան վերջնական պատճառը հնարավոր է պարզել միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո»,-ասված է հաղորդագրության մեջ: