ՖԱՀՖ-ն (Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա) հրավիրել է իր առաջին մամուլի ասուլիսը։
ArmLur.am-ը զրուցել է կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի հետ (որը ՖԱՀՖ ՀԿ խորհրդի կողմից լիազորված անձ է)՝ պարզելու համար, թե ինչի մասին է լինելու ասուլիսը, եւ ինչի մասին են լինելու քննարկվող թեմաները։
Կինոռեժիսորի խոսքով՝ Հայաստանում դժվար է քննադատել կինոյի պետական կառավարման մոդելը ու չունենալ խնդիրներ, եւ ֆեդերացիայում միավորված են պրոֆեսիոնալներ, որոնք վերջին վեց տարում զրկված են եղել կինոյի պետական կառույցի աջակցությունից։
«Մեր ձայնը այսուհետ լսվելու է է՛լ ավելի բարձր ու խիստ։ Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան՝ որպես նախաձեռնություն, հիմնադրվել է 2017թ.-ին՝ «Շարժապատկերային արվեստների կրթական եւ արդունաբերական կենտրոն»-ի (CINEMA) հենքի վրա, իմ կողմից։ Նախաձեռնությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել հայկական կինոյի մտահոգիչ խնդիրները, հրապարակավ հանդես է եկել կինոյի պետական կառավարման քննադատի եւ ընդդիմախոսի դիրքերից։
Ինքնին հասկանալի է, որ Հայաստանում դժվար է քննադատել կինոյի պետական կառավարման մոդելը ու չունենալ խնդիրներ։ Ֆեդերացիայում միավորված են պրոֆեսիոնալներ, որոնք վերջին վեց տարում զրկված են եղել կինոյի պետական կառույցի աջակցությունից։ Դա մեզ միայն ամրացրել է, ֆեդերացիայի ներսում ձեւավորել է նպատակներին հասնելու հաստատակամության, միմյանց հանդեպ հարգանքի եւ մասնագիտական փոխօգնության բացառիկ միջավայր։ 2024թ.-ի հունվարին նախաձեռնության 15-րդ հավաքի կողմից կայացվեց որոշում, ու մենք գրանցվեցինք որպես հասարակական կազմակերպություն։ Ասուլիսը մեզ անհրաժեշտ է հասարակությանը ներկայանալու համար՝ ով ենք, ինչ ենք արել կինոյում, ինչ նպատակներ ունենք, ինչպես ենք տեսնում հայ կինոարտադրության այս աղետալի շրջափուլից ելքի ուղիները»,- ասաց Գալստյանը։
Ռեժիսորը նշեց, որ ասուլիսի ժամանակ խոսելու են նաեւ աշխարհի խոշորագույն կինոշուկաներից մեկում՝ Եվրոպական կինոշուկայում վերջերս իրենց գրանցած արդյունքների, 2024-ին խոշոր ինդուստրիալ մյուս միջոցառումներին մասնակցելու իրենց ծրագրերի մասին ու այն մասին, թե ինչ են ակնկալում այդ միջոցառումներից իրենք իրենց կառույցի անդամների, հայ կինոգործիչների ու հայկական կինոյի համար։
Կինոռեժիսորի խոսքով՝ կա պետական ֆինանսավորում ստացած 68 լիամետրաժ կինոնախագիծ, որոնց մեծ մասը երբեք չի ավարտվելու, եւ սա պետական ֆինանսների փոշիացում է, այսինքն՝ քրեական հանցագործություն։
«2023թ.-ին մենք դիմել էինք ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի մեզ տրամադրեն վերջին վեց տարիների պետական աջակցությամբ ֆիլմերի ստեղծման վիճակագրությունը։ Ֆիլմեր ֆինանսավորող կառույցը՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, երկար համառում էր, սակայն մենք հղում արեցինք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ու ի վերջո ստացանք նյութերը՝ բավական խառը, անկազմակերպ, կարելի է ասել՝ փնթի կազմած»,- ասաց Գալստյանը։
Ռեժիսորը նշում է, որ իրենցից 2 ամիս է պահանջվել այդ վիճակագրությունը հասանելի դարձնելու համար, եւ ասուլիսի մի հատվածը նվիրել են դրա լուսաբանմանը։
«Ինչպե՞ս է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վարվել հանրության գումարների հետ։ Որքա՞ն ֆիլմ են ֆինանսավորել, եւ ո՞ր փուլում են դրանք, քանի՞ անգամ է մրցույթներում հաղթել նույն արտադրողը, քանի՞ անգամ է պետական աջակցություն ստացել կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատարի ուսանողական ընկերուհին. Վեց տարվա ընթացքում կուտակվել է մոտ յոթ տասնյակ անավարտ կինոնախագիծ։ Դրանց ճնշող մեծամասնությունը որեւէ շանս չունի երբեւէ ֆիլմի վերածվելու, որովհետեւ ավարտվել է դեռ չծնված՝ զարգացման փուլում։ Կինոյին տրվող պետական աջակցության ավելի գռեհիկ փոշիացում անհնար է պատկերացնել»,- ասաց ռեժիսորը։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք շարունակվելու են մամուլի ասուլիսները, քանի որ սա իրենց առաջին ասուլիսն է, Գալստյանն ասաց. «Մենք չափազանց կարեւորում ենք լրատվության դերը կինոյի քարացած համակարգը բարեփոխելու ու կինոարտադրությունը մեռյալ կետից շարժելու մեր ծրագրերում։
Մենք լրագրողների հետ մշտական կապի մեջ ենք լինելու, որովհետեւ պետական կառավարման՝ տասնամյակներով քարացած, վատ բյուրոկրատական համակարգը առանց հասարակական ճնշման անհնար է փոխել։ Սակայն, մեր ասուլիսների կառուցվածքը չի սահմանափակվելու առկա խնդիրների, կինոյի տագնապալի վիճակագրության հրապարակմամբ։ Դրան զուգահեռ մենք հասարկությանը ներկայացնելու ենք մեր գործունեությունը, մեր կառույցի անդամների հաջողությունները։
Մենք կողք կողքի ենք դնելու պետական աջակցությամբ աշխատող կառույցի գործունեությունը եւ մեր՝ պետական աջակցությունից զրկված ու ֆինանսական հոսքեր չունեցող կառույցի անդամների գործունեությունը։ Միայն մեր ակնհայտ ձեռբերումները կարող են պարտադրել ու պարտադրելու են պետական քաղաքականություն իրականացնողներին փոխել վերաբերմունքը կինոյի կառավարման հանդեպ ու հենվել պրոֆեսիոնալների, ոչ թե կառավարման ունակություններից զուրկ, գրագիտությունից բոբիկ կամակատարների վրա»։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ
Ստեփանակերտում հերթական վանդալիզմի դեպքն է արձանագրվել։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայքի մշակութային օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը:
«Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում ադրբեջանցի վանդալները քանդել են ավանդական հայ տատիկի կերպարը ներկայացնող արձանը։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանը ոչնչացնում է Ստեփանակերտի հայկական դիմագիծը։
Ադրբեջանի պետական վարչակարգի այս քաղաքականությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախում գտնվող հուշարձանները գտնվում են վտանգի տակ»,- գրել է նա։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ես՝ Անահիտ Գատեւչյանս (Գրիգորյան), կորցրել եմ ԵՊՀ թիվ 015594 դիպլոմս (տրված 1984 թվականին) Կենտրոն վարչական շրջանում: Գտնողին խնդրում եմ զանգահարել 096 55 01 514 հեռախոսահամարով:
ՆՈՐ ԱՆԴԱՄ՝ ԳՈՐԾԿՈՄՈՒՄ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը նոր անդամ ունի:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ մարտի 11-ին կայացավ ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստը:
Համաձայն ՀՖՖ կանոնադրության հոդված 37-ի 5-րդ կետի (Եթե գործադիր կոմիտեի որեւէ պաշտոն կամ պաշտոնների մինչեւ 50% դառնում է թափուր, գործադիր կոմիտեն լրացնում է այդ պաշտոն(ներ)ը մինչեւ հաջորդ Ժողովը, որտեղ տվյալ պաշտոնում ընտրվում են փոխարինողներ` պաշտոնավարման մնացյալ ժամկետով)՝ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին առաջարկվեց «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Անուշ Անանյանի թեկնածությունը:
ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները, ծանոթանալով Անուշ Անանյանի գործունեությանը, քվեարկեցին նրա թեկնածության օգտին: Այսպիսով, Անուշ Անանյանը համալրեց ՀՖՖ գործադիր կոմիտեի շարքերը մինչեւ 2024 թ. դեկտեմբերին կայանալիք ՀՖՖ հերթական ժողովը:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստում քննարկվել է Հայաստանի պրեմիեր լիգայում եւ Հայաստանի առաջին խմբում ՀՀ-ում մարզված կամ Հայաստանի ազգային եւ տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների սահմանաչափի հնարավոր փոփոխությունների հարցը:
Այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ինչպես Հայաստանի պրեմիեր լիգայի, այնպես էլ Հայաստանի առաջին խմբի ակումբները ներկայացրել էին իրենց առաջարկները, որոնք քննարկվեցին ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների կողմից: Քննարկումներից հետո որոշվել է, 2024-2025 մրցաշրջանից սկսած, Հայաստանի առաջին խմբում ՀՀ-ում մարզված կամ Հայաստանի ազգային եւ տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների քանակը հանդիպման հայտացուցակում թողնել 15, իսկ հիմնական կազմում 6-ից դարձնել 7:
Որոշվել է, 2025-2026 մրցաշրջանից սկսած, Հայաստանի պրեմիեր լիգայում ՀՀ-ում մարզված կամ Հայաստանի ազգային եւ տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների քանակը հանդիպման հայտացուցակում թողնել 9, իսկ հիմնական կազմում 3-ից դարձնել 4:
Որոշվել է նաեւ Հայաստանի պրեմիեր լիգայի՝ 2024-2025 մրցաշրջանում ՀՀ-ում մարզված կամ Հայաստանի ազգային եւ տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների անդամների քանակի վերաբերյալ անցկացնել լրացուցիչ քննարկում Հայաստանի պրեմիեր լիգայի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ որոշումը կայացնել այդ քննարկման արդյունքում: