Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները հաջորդ շաբաթ կգնան խորհրդարան:
Մարտի 19-ին մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, լինելու է նաեւ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
Նախագիծն անձամբ զեկուցելու է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության զեկույցը բաղկացած է լինելու մի քանի բաժիններից՝ Անվտանգություն, ԼՂ-ի բռնի տեղահանվածներին աջակցության վերաբերյալ , Արտաքին քաղաքականություն՝ ներառյալ Հայաստան- Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-ՌԴ, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Իրան, Հայաստան-ԵՄ եւ այլ երկրների հետ հարաբերությունների մասին զեկույց, Սփյուռքի հետ կապեր, Պաշտպանություն, Կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն:
Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, ըստ էության, իրենից ներկայացնում է անցնող 2023թ.-ին տարբեր ոլորտներում արված աշխատանքի, ինչպես նաեւ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների արդյունքների ամփոփում:
Ինչպես զեկույցի մակագրությունից երեւում է, այն կազմել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Ուսումնասիրելով զեկույցը՝ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի դրվագներ է առանձնացրել:
Օրինակ՝ Արայիկ Հարությունյանի կազմած զեկույցից տպավորություն է, որ Արցախի հայաթափման մեջ մեղավոր են բացառապես ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ը, իսկ Հայաստանը՝ որպես ԼՂ անվտանգային երաշխավոր, որեւէ պարտավորություն չուներ, ագրեսոր Ադրբեջանը՝ որեւէ մեղավորություն չունի ԼՂ հայաթափման մեջ։
«2020, 2021, 2022 թթ. պատերազմական իրադարձություններից հետո, երբ ՀԱՊԿ-ն անարդյունավետ գտնվեց, Լեռնային Ղարաբաղում (այսուհետ՝ ԼՂ) տեղակայված Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ ՌԴ) խաղաղապահ զորախումբն ի վիճակի չեղավ կանխելու Լաչինի միջանցքի՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մեկնարկած ապօրինի շրջափակումը, ապա եւ 2023 թվականի սեպտեմբերին՝ հայերի բռնի տեղահանումը ԼՂ-ից, Կառավարությունն անվտանգային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու որոշում է կայացրել»,-նշված է կառավարության զեկույցում:
Կառավարությունն այս զեկույցում նաեւ «խոստովանել է», որ նախորդ տարի Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներն անարդյունավետ են եղել, կամ, իրենց ձեւակերպմամբ, «հարաբերություններում էական առաջընթաց ապահովել չի հաջողվել»:
Կառավարության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով մեկ շաբաթում բռնի տեղահանվել է ԼՂ-ում բնակվող ավելի քան 100 հազար հայ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պատգամավորներին թույլ չեն տալիս հատել ՀՀ սահմանը։ Մասնավորապես, նման վիճակում է հայտնվել Արցախի պատգամավոր Գեղամ Ստեփանյանը, ու նրան «Զվարթնոց» օդանավակայանից հետ են ուղարկել եւ արգելել են հատել ՀՀ սահմանը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ պատճառը կապված է կոնկրետ քրեական գործի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արցախի ԱԺ պատգամավորները հերթով հրավիրվում են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Մեր տեղեկություններով՝ Հայաստանի իրավապահները ԱՀ խորհրդարանականներին հարցնում են Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառների մասին՝ հետաքրքրվելով, թե ով կարող էր նրան ստիպել հրաժարական տալ։ Ինչպես մեզ փոխանցեցին, մինչ օրս հարցաքննվել են Արցախի իշխանական թեւի պատգամավորները՝ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի «Ազատ հայրենիք – ՔԴՄ» խմբակցության պատգամավորները: Այս տեղեկությունները փորձեցինք պարզել անձամբ Արցախի պատգամավոր Գեղամ Ստեփանյանից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲԴԽ նախկին նախագահի բնակարանի խուզարկության գործընթացից: Մասնավորապես, նրա տուն առավոտյան 9։30-ի սահմաններում գնացել են Հակակոռուպցիոն կոմիտեի 4 աշխատակիցներ ու սկսել են խուզարկությունը։ Բնակարանից տարել են հեռախոսներ, ԲԴԽ նախկին նախագահի տան անդամների համակարգիչները, ու դեռ ավելին՝ կոմիտեի մեր աղբյուրների պնդմամբ՝ ողջ խուզարկությունը տեսանկարահանվել է: Վաղ առավոտից սկսված խուզարկությունը ավարտվել է 17։00-ին։ Ասել է թե՝ մոտ 8 ժամ Վարդազարյանի բնակարանը, առանձնատունը, ավտոտնակը խուզարկելուց հետո այդպես էլ իրավապահները չեն գտել ցանկալի ձայնագրությունը։ Նշենք, որ երեկ Հակակոռուպցիոն դատարանում Ռուբեն Վարդազարյանը հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել իր տան խուզարկության վերաբերյալ, միայն նշեց, որ այն, ինչ փնտրել են, չեն գտել: Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրված ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից:
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների՝ ՀՀ պետական բյուջեի հիմնական ցուցանիշները 2024 թվականի հունվարին ունեցել են հետեւյալ տեսքը՝ պակասուրդ՝ 68 մլդ դրամ, ծախսեր՝ 116 մլդ դրամ,եկամուտներ՝ 184 մլդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ եկամուտները եւ պակասուրդը նվազել են, սակայն բարձրացել է ՀՀ պետական բյուջեի հաշվին ծախսերին հատկացվող ֆինանսական միջոցների սանդղակը գրեթե 23 միլիարդով։ Ահա թե որն է պատճառը՝ ինչու են Հարկային օրենսգրքում փոփոխություններ արվում, բաց եւ թափանցիկ են դարձնում բանկային գաղտնիքը, որպեսզի հետեւեն բոլորի ֆինանսական ելքերն եւ մուտքերը։ Ահա թե ինչու է պետությունը հարկում նույնիսկ փողոցով անցնողին, որպեսզի հոգա պետության աստղաբաշխական եւ անհիմն ծախսերը, որոնք հաճախ «պոզով-պոչով» կոռուպցիայի աղբյուր են դառնում։ Ստացվում է, որ քաղաքացուն «տուգանքի մատերիալ» սարքող իշխանության նպատակն է հարկել հպարտ քաղաքացուն եւ հոգալ իրենց բարեկեցության ծախսերը։