ՔՐԵԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐ՝ «ՆՈՐ ԶՈՎՔ»-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզ հայտնի դարձավ, որ Գուրգեն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել, որ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, հանդիսանալով «Նոր Զովք» ՍՊ ընկերության խանութների ցանցի Շերամի 77 հասցեում գտնվող մասնաճյուղի անվտանգության աշխատակից, 2022 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 16:37-ի սահմաններում, օգտվելով խանութի պահեստային սենյակում մենակ գտնվելու եւ նշված սենյակում առկա օպերատորներին պատկանող գրասեղանի դարակների բաց լինելու հանգամանքից, նշված դարակների միջից եւ գրասեղանի վրայից գաղտնի հափշտակել է ընդհանուր 1.103.000 ՀՀ դրամ գումար եւ աննկատ դուրս գալով պահեստից՝ հեռացել է:

 

Բացի այդ, Գուրգեն Ասլանյանը, ի սկզբանե նպատակ ունենալով «Նոր Զովք» ՍՊ ընկերությունից գումար հափշտակելու եւ չվերադարձնելու այն, նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, խաբեությամբ նշված ընկերության Շերամի մասնաճյուղի թվով երեք դրամարկղերի աշխատակիցներ Իրինա Կարենի Բաղդասարյանին, Գոհար Հայկագի Աթանեսյանին եւ Սիրանուշ Հովնանի Նահաաետյանին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել այն մասին, թե, իբր, տնօրենը պահանջել է 300.000 ՀՀ դրամ գումար իրեն փոխանցելու համար, խարդախությամբ հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ յուրաքանչյուր գանձապահից վերցրել է 100.000-ական դրամ գումար՝ ընդհանուր 300.000 ՀՀ դրամ գումար, եւ նշված գումարը կրկին վճարային տերմինալից մաս-մաս մուտքագրել է իր խաղային հաշվին, կատարել խաղադրույք եւ ողջ գումարը պարտվել՝ այդկերպ «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատճառելով ընդհանուր մանր չափերի՝ 300.000 ՀՀ դրամի վնաս: Հիշեցնենք, որ «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատիրոջը եւ երկու աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային աջակցություն ցուցաբերած ՍՊԸ սեփականատիրոջը՝ նշված հանցավոր արարքների կատարմանն օժանդակելու համար։ Այսքանով ամեն ինչ չի ավարտվում. ընկերությունը դատական քաշքշուկների մեջ է նաեւ ՊԵԿ-ի հետ, որին կանդրադառնանք առաջիկայում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Դատախազը 2024 թվականի փետրվարի 20-ին հաստատել է անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը 2023 թվականի ապրիլի 10-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրեն ամրակցված ավտոմեքենայով գնացել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկը եւ սենյակի վճարման հետ կապված հարցով վիճաբանության մեջ մտել վերոնշյալ համալիրի 17-ամյա մատուցողի հետ:

Մատուցվող ծառայության դիմաց նախապես վճարելու կրկնակի պահանջից բարկացած՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձը ձեռքի ափով երկու անգամ հարվածել է անչափահասի դեմքին, ապա հրելով տարել համալիրի խոհանոց: Խոհանոցում համալիրի խոհարարի ներկայությամբ երկու ձեռքի ափերով առնվազն 23 հարված է հասցրել անչափահասի գլխին եւ մարմնի տարբեր մասերին (հարվածները հիմնականում ուղղվել են անչափահասի դեմքին եւ գլխին):

2023 թվականի մայիսի 10-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ:

2023 թվականի մայիսի 29-ին քննիչի կողմից հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին միջնորդություն էր ներկայացվել վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, որը դատախազի կողմից բավարարվել էր: Սակայն 2023 թվականի հունիսի 2-ին Տավուշի մարզի դատախազի կողմից վերացվել էր հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ հսկող դատախազի որոշումը, եւ քրեական հետապնդում էր հարուցվել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Հիշեցնենք, որ Armlur.am-ը բացառիկ տեսանյութ էր հրապարկել՝ վերոհիշյալ դեպքի հետ կապված։

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈ՞ՒՄ

Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վերջինս, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը Ալավերդցի Վահագն անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաեւ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու համար: Գործում առկա է նաեւ ձայնագրություն. վերջինս, ըստ մեղադրանքի, Signal հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ եւ համոզելու, խնդրանքի եղանակով վերջինիցս պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։

Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ նշելով, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Այսօր դատարան էին հրավիրել վկա, Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանին, որը չէր ներկայացել դատարան: Դատարան դիմում էր ներկայացրել Ռուբեն Վարդազարյանը՝ նշելով, որ օրերս վիրահատվել է ու առողջական խնդիրներից ելնելով՝ պետք է գնա հետագա բուժման համար Ֆրանսիա, ուստի անհրաժեշտ է բացակայելու արգելքը վերացնել եւ թույլ տալ հատել ՀՀ սահմանը, ինչը դատավոր Վահե Դոլմազյանը բավարարեց:

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՊԱՏՌԵԼ Է ԴՐԱՄԸ

ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Վանաձորի Պարույր Սեւակի փողոցի բնակիչ 19-ամյա երիտասարդը տանը կեղծ 20 հազար դրամանոցներ է տպել եւ իրացնելու նպատակով տվել 14-ամյա մի տղայի, որը երկու հասակակիցների հետ փորձել է դրանք իրացնել:

Ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 11-ին 14-ամյա տղան ծնողի հետ հրավիրվել է Բազումի բաժին:

19-ամյա երիտասարդը եւ երեք պատանիները ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

Քրեական հետախույզները պարզել են, որ կեղծ փողով առեւտուր հաջողվել էր անել Ուսանողական փողոցի շինանյութի խանութից. գնել էին 1500 դրամ արժողությամբ երեք դանակ եւ վերցրել 20 հազարի մանրը:

Պատանիները կեղծ թղթադրամով փորձել էին գնումներ կատարել նաեւ Աղայան փողոցի մթերային խանութից, սակայն վաճառողը 20 հազար դրամի մանր չէր ունեցել: Իսկ երբ փորձել էին գնումներ կատարել այլ խանութներից, վաճառողները, նկատելով թղթադրամի կեղծ լինելը, նրանց դուրս էին արել: 14-ամյա տղան, վախենալով, որ կբռնվի, պատռել եւ նետել էր թղթադրամը:

Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն:

Ոստիկանությունից հորդորում են զգույշ լինել կանխիկ առեւտուր անելիս, իսկ կեղծ դրամ նկատելիս դիմել իրավապահներին:

Դատական համակարգում ուշագրավ զարգացումներ են. ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի համար իրենց թեկնածություններ են առաջադրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին եւ Ռուբիկ Մխիթարյանը, որի անվան շուրջ աղմկահարույց պատմություններ են։

Բանն այն է, որ դատական համակարգը լքում են դատավորներ, որոնց հեռացման պատճառը խորը արմատներ ունի։ Մասնավորապես՝ Ռուբիկ Մխիթարյանի «թեթեւ ձեռքով» իշխանություններին է հասել գրագրություն, որտեղ դատավորները ներքին քննարկումներ են ունեցել, հայհոյանքներ են հնչել իշխանության հասցեին։ Եվ ահա ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ գրագրությունը իշխանություններին հասցրել է Ռուբիկ Մխիթարյանը։

Եվ ահա դատական համակարգում այս քաոսից հետո, Մխիթարյանը ԲԴԽ անդամ դառպալու դիմումը հետ է վերցրել, քանի որ դատական համակարգը բավականին քննադատաբար է մոտեցել նրա այս քայլին ու առհասարակ չեն շփվում նրա հետ, ուստի գիտակցելով, որ նրան չեն ընտրի վերջինս դիմումը հետ է վերցրել։ Ստացվում է՝ ԲԴԽ միակ թեկնածուն մնում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին։

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս